Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Եթե այս ամենը իմ դեմ չէ՝ նախկին նախարարի վարորդի կամ օգնականի գործը ինչո՞ւ է քննում տխրահռչակ ՀՔԾ-ն, ոչ թե Քննչական Կոմիտեն, որտեղ այն ի սկզբանե հարուցված է եղել

Օգոստոս 15,2019 09:50

Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել Արամի ձերբակալության անմեղսունակ քայլի առիթով ձեր հարյուրավոր զանգերի, նամակների եւ գրառումների համար։ Առանձնահատուկ շնորհակալ եմ իրենց կարծիքը եւ վերաբերմունքը հրապարակավ հայտնողներին՝ անկախ մեր ունեցած հարաբերություններից եւ քաղաքական հայացքներից։

Ով էլ Արամի հետ ճամփա է ընկել, հաց կիսել, իրեն տան ճանապարհը բացատրել, ջերմ եղել, իսկ այսօր այս խայտառակությունը չտեսնելու է տվել, լռել ու ջայլամի պես գլուխը մտցրել Երեւանի փողոցների գարշահոտ աղբակույտի մեջ, Աստված ձեզ դատավոր։

Մի բան ակնհայտ է. ինձ լռեցնելու անհեթեթ փորձը տապալվեց Արամի ազատազրկման գնով։

Ու կարող եմ վստահ ասեմ, որ Արամը այն մարդն է, որ ամեն գնով կպայքարի իմ, ձեր ու բոլորիդ ազատ ապրելու համար՝ նույնիսկ այս գնով։

Անգամ Բաքվում, որտեղ ինքնակամ ինձ էր ուղեկցում, նա ամուր էր կանգնած ոտքերի վրա, իր Հայրենիքում հարյուրապատիկ ամուր է լինելու։

Առաջին իսկ օրվանից, հատկապես, ՀՔԾ-ի պրիմիտիվ շարադրությունից հետո շատերին պարզ դարձավ, որ Արամի ձերբակալությունը բացառապես քաղաքական հիմքեր ունի։

Դատեք ինքներդ։ Եթե Արամը չլիներ իմ ընկերն ու օգնականը, արդյոք այս գործը ընդհանրապես կծնվե՞ր։ Եթե անգամ 1%  հավանականությամբ՝ այո, արդյոք ֆինանսական փոխհատուցումից հետո այն շարունակությո՞ւն կունենար։ Եթե էլի 0.0001 % այո, ապա արդյոք Արամը կձերբակալվե՞ր։ Իհարկե, ոչ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն արդեն բողոքարկել է ձերբակալման որոշումը եւ այսօր ժամը 6-ին դատարանը պետք է որոշի, թե երկրից փախչելու անհեթեթ պատրվակով ազատազրկված Արամը մնու՞մ է անազատության մեջ, այն դեպքում, երբ շատ լավ իմանալով հետապնդման սպառնալիքի մասին, ձերբակալությունից մի օր առաջ իր տիկնոջ եւ զավակի հետ վերադարձել է Վրաստանից։

Հա, ի դեպ։ Եթե այս ամենը իմ դեմ չէ, բա հարց չտա՞նք երկրի հետ սեփական մորուքի նման խաղացող զբոսավարին, թե նախկին նախարարի վարորդի կամ օգնականի գործը ինչո՞ւ է քննում տխրահռչակ ՀՔԾ-ն, ոչ թե Քննչական Կոմիտեն, որտեղ այն ի սկզբանե հարուցված է եղել:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031