Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իշխանություններին ասա՝ կտորվում են ժղովուրդը». Սահմանամերձ Կայանի բնակիչը 3 ժամ փողոցում գետնին պառկած է մնացել, մինչեւ ադրբեջանցիները կրակը դադարեցնեն

Օգոստոս 15,2019 00:05

Տավուշի մարզի սահմանամերձ Կայան ավանն ընդամենը 200 մետր է հեռու ադրբեջանական սահմանից: Կայանի վերջին շենքում մարդիկ առանց գազի, առանց ջրի ու անգամ առանց կոյուղու ապրում են, բազմազավակ ընտանիքներ կազմում:

Շամշադինից Կայան հարս եկած Մարինե Ղազախյանը 4 երեխա ունի: Հարցին՝ ո՞նց եք ապրում՝ նա պատասխանեց. «Շատ վատ: 22 տարի է՝ էստեղ ենք, ոչ գազ ունենք, ոչ խմելու ջուր ունենք, ոչ կոյուղի ունենք, անգամ տանիքը չկա: Ոչ մի հնարավորություն չունենք: Մեզ չեն հաշվի առնում: Համայնքի ղեկավարին շատ ենք բողոքել՝ ոչ մի հարցով չի օգնում, մարզպետարանում արդեն քանի անգամ մարզպետ է փոխվել, ասել ենք, ոչ մի հարցով չեն օգնում մեզ: Անգամ չեն հետաքրքրվում: Անցած տարի դեկտեմբերի 31-ին վարչապետն եկավ, իրան էլ ասեցինք, նամակ հանձնեցինք, բանավոր էլ ասեցինք, ինքը լրիվ տեղյակ է, բայց ոչ մեկը ոչ մի օգնություն ցույց չի տալիս: Անգամ չեն էլ հաշվի առնում, որ էստեղ ապրող կա…Կարելի է ասած, ոնց որ մենք պատկանենք ղազախին»:

Կայան ավանի այդ վերջին շենքը սահմանի հենց «բերանին» է, չնայած արգելող, ադրբեջանական սահմանի մասին հուշող ցուցանակներ կան, բայց վտանգը մեծ է, որ երեխաները կարող են հատել սահմանը, բարձրանում ես շենքի դիմացի փոքրիկ բլուրը՝ սահմանն առջեւդ է: Երբ հակառակորդը կրակում է, բնակիչներն անգամ թաքստոցներ չունեն, լավագույն դեպքում, եթե հասցնում են, մտնում են տուն:

Տիկին Մարինեն ասաց, որ վերջին մեկ տարում Տավուշի ե՛ւ նախկին, ե՛ւ ներկայիս մարզպետներին էլ դիմում են գրել, որ մի բանով օգնեն, պատասխանում են, որ բյուջեում փող չկա. «Ասում եմ՝ բա հմի ո՞նց կլինի, օրինակ, իմ երեխեքը աղջիկ երեխեք են՝ անչափահաս: Իջնում են, գնում զուգարան շենքի էն հետեւովը, ինչ է զուգարանն էնտեղ է: Տանը զուգարան չկա, 200 մետր պիտի գնան…»: Ամեն անգամ զուգարան գնալը կյանքի եւ մահու հարց է: Տիկին Մարինեն պատմեց, որ մի անգամ ադրբեջանցիներն այնպիսի կրակահերթ են բացել իր ուղղությամբ, որ ստիպված է եղել 3 ժամ պառկած մնալ փողոցում. «Մինչեւ կրակոցները կտրվել են, մթնել է, նոր ես եկել եմ տուն: Գնում էի իմ անասուններին կերակրելու: Ես պատի հետեւն էի մտել, ուզում էի դուրս գալ, ոնց որ սնայպերով էին խփում: Քանի ուզում էի դուրս գալ՝ կրակում էին: Իմ վախից պառկած մնացել եմ ուղիղ 3 ժամ: Դրանից երկու տարի հետո ես սրտի ինֆարկտ ստացա, ստենտավորեցին սիրտս»:

«Ո՞վ չի վախում կրակոցներից, եկել են, տան մեջ մտել»,- մեզ հետ զրույցում ասաց Կայանի տարեց բնակիչ Գենյա Մնացականյանը; Նրա խոսքով՝ պատասխանատու մարմինները եկել են, փորձել տարհանել, չի գնացել. «Ես կրացել չեմ քինամ: Ո՞նց քինանք, որ սաղս էլ բրախենք քինանք, թուրքերը գան տի, դառնան, քինան Իջեւան հասնե՞ն»: Հարցին՝ դուք մենակ մնայիք, ի՞նչ էիք անելու՝ նա պատասխանեց. «Մենակ չէինք: Տղամարդիկ, բան սաղ կանգնած են եղել: Որ լքեին, հմի թուրքերը եկել, հասել էին…Իսկ հիմա հատուկենտ են կրակում դա հեչ»:

Հետաքրքրվեցինք՝ սահմանապահ համայնք է, իշխանությունները բավարար ուշադրություն չե՞ն դարձնում՝ նա պատասխանեց. «Ո՞ւր է, որ դարձնում են, որ դարձնեին՝ էս օրի՞ կլինեինք: Մի քիչ օգնեին, մեր վիճակը մտնեին: Իրանք հլը մեր տեղը կարա՞ն տհա ապրեն: Մի պյանով գան տենան մեր վիճակն էս ինչ է: Մի քանի ընտանիք է, կարում չե՞ն պահեն: Իմ ստացած թոշակը 30 մանեթ փող է, դրանով դե՞ղ առնեմ, հա՞ց առնեմ, ցա՞խ առնեմ, ի՞նչ անեմ, միայնակ թոշակառու եմ: Ջուր չունենք, գազ չունենք: Ջուրը ինդիան էին բերում, էն էլ կտրվել է, կա ոչ: Էսօր մի ծանոթ տղա կա գյուղից, խնդրել եմ, ասել եմ՝ մի կանեստր ջուր բեր խմենք»:

«Ջուր չկա խմենք, հաց չկա ուտենք, ժողովուրդն աշխատանք չունի: Ինչո՞վ ենք ապրում, թոշակով ենք սուտի-մուտի ապրում, էն էլ հիվանդ եմ, թոշակը ստանում եմ՝ դեղեր առնում: Ամիսը 10 հազարի դեղ եմ առնում»,- Գենյա տատուն լրացրեց նրա հարեւանուհին:

Կայանցիներին հարցրեցինք՝ ի՞նչ փոխանցենք իշխանություններին՝ պատասխանը սա էր. «Ասա կտորվում են ժղովուրդը, ոչ ջուր ունենք, ոչ զուգարան, ոչ էն…կտորվում ենք առանց գազի…»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հարցին, թե ե՞րբ եք վերջին անգամ եղել Կայանում, ինչ-որ ծրագրեր կա՞ն այդ մարդկանց համար, որովհետեւ իրենց երկրի վրա չեն զգում՝ պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, Ազատամուտը եւ Կայանը դիտարկում եմ մեկ փաթեթի մեջ: Կայանը առանձին զարգացման ծրագիր ոչ թե չի կարող ունենալ, այլ դա շատ ավելի սխալ է, քան թե մենք դա դիտարկենք Ազատամուտ համայնքի հետ միասին: Ազատամուտ-Կայան ավանը միասին պետք է շատ ուժեղանան, այդ տարածքի զարգացման հատուկ  ծրագիր մենք պետք է ունենանք: Այս պահին դեռ քննարկում ենք մի քանի գործարարների հետ կոնկրետ արդյունաբերական զարգացման առումով: Գիտեք, այնտեղ կա «Բենտոնիտ» գործարանը, մի քանի արտադրություն ունենք Ազատամուտում, որը կսպասարկի հարակից համայնքները: Ենթադրվում է կլինեն մեծ ծավալի աշխատատեղեր: Նախնական համաձայնություն ունենք թեթեւ արդյունաբերական ձեռնարկության, արդեն գործն ընթացքի մեջ է, տարածքի տրամադրման հարցերն ենք լուծում: Կայան եւ Ազատամուտ բնակավայրի զարգացման համար մեկ խնդիրը մարդկանց աշխատատեղերի հարցն է, ձեռնարկությունների ստեղծում, որոնք տնտեսապես ակտիվ կլինեն եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ներքո իրենք նաեւ կարող են այդ գյուղում բավականին սոցիալական ծրագրեր իրականացնել»:

Մարզպետը խոստացավ՝ Կայանի վերջին շենքի հետ կապված մինչեւ տարեվերջ որոշ ծրագրեր կիրականացնեն. «Անպայման այնպես կանենք, այդ վերջին շենքի համար հատուկ ծրագիր ունենանք: Ես չգիտեմ՝ ինչո՞ւ է դա դուրս մնացել մեր առաջնահերթ խնդիրների ցանկից: Ասեմ, որ երբ ես նոր նշանակվեցի, շրջաբերական գրեցի բոլոր համայնքներին՝ հանել իրենց բոլոր խնդիրները եւ ուղղակի առաջին կետում դնել առաջնահերթը, ամենակարեւորները: Ես հույս ունեմ, որ գոնե ձեր բարձրացրած թեման գտնվում է այդ խնդիրների ցանկում: Ցանկը նորից կնայենք, բայց կոնկրետ այդ շենք ես հենց այս օրերին՝ այսօր կամ վաղը կայցելեմ, տարածքը կնայենք ու  այնպես կանենք, որ այս տարվա մեր տնտեսած միջոցների հաշվին այդ շենքում որոշակի փոփոխություն կանենք»:

Մարզպետը հիշեցրեց, որ այս տարի այնտեղ խմելու ջրագիծ կառուցելու նախագիծ է իրականացվել, ինչ վերաբերում է կոյուղուն, նա ասաց. «Գիտեք, մեր շատ քիչ բնակավայրեր կոյուղի ունեն: Դա բավականին թանկ աշխատանք է: Բայց, բնականաբար, այդ աշխատանքը պիտի արվի: Եթե որոշ բնակավայրեր էլ ունեն կոյուղի, դա շատ փոքր հատված է: Ես գիտեմ, որ Իջեւանում էլ կա այդ խնդիրը, Բերդում կա, Բերդի կենտրոնից բացի, ուրիշ տեղ կոյուղի չկա: Կոյուղի չլինելը դա նորություն չի, բայց, իհարկե, պիտի լինի»:

Անդրադառնալով Կայան ավանում գազի խնդրին՝ Հայկ Չոբանյանն ասաց. «Գիտեք, «Գազպրոմ Արմենիան» ունի որոշակի պայմանագիր կառավարության հետ եւ դա իր ծրագրի շրջանակներում պետք է իրականացնի: Իմ մոտեցումը հետեւյալն է՝ եթե մենք կարող ենք կոնկրետ Կայան ավանի խնդիրը լուծել առանց գազի՝ էներգետիկ ալտերնատիվ միջոցներով, ավելի լավ է այդ գումարներն ու միջոցները, որոնք մենք պիտի հատկացնենք գազի համար, հատկացնենք այլընտրանքային եղանակով այդ խնդիրը լուծելուն: Ես ավելի քիչ եմ հակված, որ մենք այսօր գումար ծախսենք գազամուղի համար, քան թե այլընտրանքային եղանակների, դա ոչ միայն արեւայինն է, բրիկետների վառարանների միջոցով կարող է կենտրոնացված ջեռուցում լինել: Այնպես որ, կոնկրետ Կայան ավանի մասով ավելի լավ է մեր ներքին ռեսուրսների վրա հիմնված լուծումներ օգտագործենք, քան թե արտաքին ռեսուրսների հաշվին դա անենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ։ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031