Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցյալին՝ պետական մոտեցում

Օգոստոս 15,2019 10:00
KarenDemirchyan

Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համալիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետեւյալ փաստարկները.

1/ Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը,

2/ նա դեմ էր Հայաստանի անկախությանը:

Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական եւ պետական ապարատի չինովնիկները (հատկապես առեւտրի եւ իրավապահ ոլորտի), ինչպես նաեւ կիսաօրինական ձեռներեցները («ցեխավիկները») մի քանի անգամ ավելի շքեղ կյանք էին վարում, քան մարդիկ, ովքեր ապրում էին «չոր աշխատավարձով»՝ թեկուզ շատ բարձր: Սակայն այդպես էր նաեւ մինչեւ 1974 թվականը, երբ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Կենտկոմի առաջին քարտուղար: Այդպես էր նաեւ խորհրդային մյուս հանրապետություններում, եւ, մասնավորապես, այդ արատներն ավելի ցայտուն էին արտահայտված Վրաստանում եւ Ադրբեջանում:

Ինչ մնում է անկախության հարցին՝ ապա այդ հրաշալի նպատակով ապրում էին մի քանի տասնյակ նվիրյալներ (փառք ու պատիվ նրանց), իսկ մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան չէր անցնում: Կարեն Դեմիրճյանն այն ղեկավարներից էր, որն իր հեռատեսությամբ, հայրենասիրությամբ, կազմակերպչական տաղանդով նպաստել է մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Այնպես որ կառավարությունն, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ որոշելով կանգնեցնել Դեմիրճյանի արձանը: Մնում է, որ նույն կառավարությունը նույնքան սառնասիրտ եւ իմաստուն լինի՝ ավելի մոտ անցյալը գնահատելիս: Այս հարցում, սակայն, առայժմ գերիշխում են էմոցիաները, պոպուլիզմը եւ քարոզչական մոտեցումները:

Իհարկե, անցյալում կատարվել են բազմաթիվ սխալներ եւ հանցագործություններ, եւ շատ ցանկալի է, որ բոլոր օրինախախտները կանգնեն դատարանի առջեւ: Բայց դա չի կարող խանգարել մեզ պետական մոտեցում ցուցաբերել մեր պատմության բոլոր փուլերի հանդեպ: Թե չէ երբեմն ստացվում է, որ 27 տարի ճանապարհ չի կառուցվել, եւ միայն հիմա է կառուցվում, 27 տարի աղետի գոտում մարդիկ բնակարաններ չեն ստացել, իսկ հիմա ստանում են, 27 տարի մեր բանակը զենք չի ձեռք բերել, եւ միայն հիմա է դա անում: Այդպիսի բոլշեւիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձեւ չի, ավելին՝ դա նաեւ խանգարում է գնահատել այն դրականը, ինչ արվում է հիմա: Որովհետեւ մտավախություն կա, որ նման մոտեցում կցուցաբերի նաեւ հաջորդ իշխանությունը:

…2023 թվականին 100 տարեկան կդառնա այն բուհը, որը ես եմ ավարտել՝ Երեւանի պետական կոնսերվատորիան: Վախենամ՝ տոնակատարության գաղափարախոսությունը լինի հետեւյալը՝ 96 տարի ոչ մի լավ բան չի արվել, համատարած լճացում էր եւ կոռուպցիա, եւ միայն վերջին 4 տարիներն են ծաղկունքի շրջան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Հայերը շարունակում են տառապել արձանամոլութեան համախտանիշով։

    Աշխարհը գալակտիկաներ ու ենթաատոմական տարածութիւններ է նուաճում, կենսաբանութիւնը, բժկութիւնը հրաշքներ են գործում, իսկ հայերի բանավէճը արձան դնելու շուրջ է։

    Չմոռանաք՝ Դեմիրճեանին ձիով եւ թուրը ձեռքին քանդակել։

    Յ.Գ. Միշտ ասել եմ. հայերն աշխարհի ամենաերջանիկ ազգերից են։ Որովհետեւ գաղափար չունեն, թէ աշխարհ ինչքա՜ն առաջ է գնացել։ 😊

  2. Ruben says:

    Բյուջետային միջոցներըի «распил ու откат»-ի հերթական օրինակ:
    «Փա՛ռք Հայկական Հանրապետության Կոմունիստական կուսակցությանը»:

  3. Քաղաքացի says:

    Մնում է, որ նույն կառավարությունը նույնքան սառնասիրտ եւ իմաստուն լինի՝ ավելի մոտ անցյալը գնահատելիս: Այս հարցում, սակայն, առայժմ գերիշխում են էմոցիաները, պոպուլիզմը եւ քարոզչական մոտեցումները”
    Ի պատասխան հեղինակին՝ ինչպես գրել է ռուս անվանի բանաստեղծ Ալեքսանդր Բլոկը ՝ Большое видится на расстоянии – Մեծը երևում է հեռվից։ Ներկայիս կառավարությունը թող իրեն բաժին հասած ժառանգության տակից կարողանա գլուխ հանել, իսկ գնահատականները թողնենք ապագային։ Ճիշտը դա է։ Եթե այսօր կառավարությունը և ժողովուրդը համարում են, որ Դեմիրճյանը արժանի է, ուրեմն դա այդպես էլ կա։
    Artur Lazarian-ին կհակադարձեմ ռուս անվանի մեկ այլ գրողի խոսքերով․ “Ես երջանիկ եմ․ Ես չունեմ այն ամենը, ինչ սիրում եմ, սակայն այն ամենը ինչ ունեմ՝ սիրում եմ”։ Հայերը, իրոք, ամենաերջանիկ ժողովուրդն է, որովհետև այն ինչն որ ունեն, սիրում են, եթե չասեմ պաշտում են։ Եթե նեղություն քաշեք և տեղեկանաք, թե ինչպիսի հայտնագործություններ են արել հայազգի գիտնականները, այդ թվում գալակտիկաներում, հաճելիորեն զարմացած կլինեք։ Անհոգ եղեք, թե ինչպես կհավերժացնեն Դեմիրճյանին՝ հայկական հողը լի է տաղանդներով, իսկ եթե արժանի առաջարկ ունեք, կարող եք, որպես նպաստ, ծառայել Ձեր Հայրենիքին։ Ելնելով Ձեր մեկնաբանության տոնայնությունից, ենթադրում եմ, որ շատ երիտասարդ եք կամ հոգեբանորեն ճնշված, ոչինչ կանցնի, եթե, իհարկե, Ձեր զարգացումը ընթանա ճիշտ ուղղությամբ։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Лицом к лицу
      Лица не увидать.
      Большое видится на расстоянье.
      Когда кипит морская гладь –
      Корабль в плачевном состоянье.

      Сергей Есенин

  4. Քաղաքացի says:

    Арам Абрамян,
    упрек принят.

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      🙂

    • Արմեն Սահակյան says:

      ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ նախարարության փոխնախարարը, 2016 թվականին, ամսական ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ էր ստանում (https://www.aravot.am/2016/06/15/703781/), իսկ Հայաստանի Պետ. համալսարանի ավագ դասախոսը՝ 110 հազար դրամ: Անցյալ դարի 80-ականներին, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում, Առևտրի մինիստրի տեղակալը (այսօրվա տերմինալոգիայով՝ փոխանախարար) ստանում էր մոտ 500 ռուբլի, իսկ ավագ դասախոսը՝ մոտ 180 ռուբլի: Կատարելով հանրահաշվական պարզ գործողություններ՝ կստանանք, որ սոցիալիստական Հայաստանում Ավագ դասախոսի աշխատավարձը Առևտրի փոխնախարարի աշխատավարձից մոտ 3 անգամ էր փոքր, իսկ ներկայիս՝ կապիտալիստական Հայաստանում Պետ. Համալսարանի Ավագ դասախոսի աշխատավարձը Առևտրի փոխնախարարի աշխատավարձից մոտ 5 անգամ փոքր է: Իսկ եթե նմանատիպ հաշվարկ կատարենք Կոնսերվատորիայի ներկայիս Ավագ դասախոսի ու ներկայիս Առևտրի փոխնախարարի աշխատավարձերի միջև, ապա տարբերությունը կդառնա մոտ 8 անգամ:

  5. Լավատես says:

    Մենք միշտ խոսում ու քննադատում ենք ղեկավարներին, բայց մոռանում ենք, որ իսկական իլխանությունը ազգն է եւ ազգն է միակ պատասխանատուն, դատելով առանձին ղեկավարներին, նրանց հետ միասին պետք է դատել նաեւ այդ ղեկավարների ժամանակակից ազգին, ոչ մի օրենք չկա ազգին դատելու, դրա համար մենք մեր Հայ դատը պետք է ստեղծենք ու դատենք մեզ, մեր պապերին, որ դաս լինի մեր հաջորդ սերունդների հայ ազգի համար: Դատ չի նշանակում խարազանել միայն վատը, Հայ դատը պետք է նաեւ մեր լավագույն հատկանիշները գովեստի եւ սա էլ պետք է լինի ուղեցույց մեր հաջորդ սերունդների հայ ազգի համար:

  6. Derenik Mikaelyan says:

    >> Կարեն Դեմիրճյանն այն ղեկավարներից էր, որն իր հեռատեսությամբ, հայրենասիրությամբ, կազմակերպչական տաղանդով նպաստել է մեր երկրի շենացմանն ու հզորացմանը:

    Ինչը՞ նկատի ունեք –
    – Սպիտակի, Գյումրիի անցեմենտ կառուցած շենքերը՞, որ հազարավոր զոհերի պատճառ դարձան,
    – մետրոպոլիտենի բացման «լենտ կտրելը»՞, որի նախաձեռնության/կազմակերպման հիմնական աշխատանքը ՈՒՐԻՇ մարդիկ էին արել,
    – Մասիսի շրջանն ու Սյունիքը «եղբայր» թուրքերով «բոլ-բոլ» լցնելը՞,

    թե՞ շատ ուրիշ «հայրենասիրական» բաներ էլ է արել տեղյակ չենք:

    >> Ինչ մնում է անկախության հարցին՝ ապա այդ հրաշալի նպատակով ապրում էին մի քանի տասնյակ նվիրյալներ (փառք ու պատիվ նրանց), իսկ մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան չէր անցնում:

    Դուք ակնհայտորեն դիտմամբ «մոռանում եք», որ Դեմիրճյանը սովորական քաղաքացի ՉԷՐ, այլ գլխավոր ռուսաճորտի պաշտոնն էր զբաղեցնում որը, ԻՐ ԿԱՄՔՈՎ, հանձն էր առել պարտավորություն ամեն ինչ անել որ «մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան» [անկախություն] չանցներ: Նա դա արել է ՀԱՏՈՒԿ ջանասիրությամբ, ընդհուպ մինչեւ ՊԱՀԱՆՋԵԼ Է անկախական նվիրյալների ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ!!!
    Եւ ուրեմն, անկախ Հայաստանում նման մարդու արձան կանգնեցնելը ԽԱՅՏԱՌԱԿ ԱՆԱՐԳԱՆՔ է անկախության գաղափարի դեմ ու դրա համար իրենց կյանքն ու արյունը զոհած մարդկանց դեմ: Եթե շուրթերով «փառք ու պատիվ» եք տալիս այս իրապես ԱՐԺԱՆԱՎՈՐ նվիրյալներին, ԻՆՉՈՒ՞ ՉԵՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ, որ ՆՐԱՆՑ պայքարն ու զոհողությունը պատվող կոթող բարձրացվի, այլ ոչ թե մի «ստիպված կաշառակեր» ռուսաստրուկի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031