Լրահոս
Օրվա լրահոսը

«5-10 հոգուց աշխատում է մեկը, մյուսները զբաղված են սուրճ խմելով»

Օգոստոս 15,2019 14:30

«Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյանի
ծանոթ, խնամի, բարեկամներից, սուրճ եփողներից պետական համակարգը մաքրելը շատ դժվար է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով խոսել էր Սերժ Սարգսյանի օրոք՝ 2014-ին կազմած ինչ-որ գաղտնի փաստաթղթի մասին, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել: Քանի որ փաստաթուղթը գաղտնի էր, Նիկոլ Փաշինյանը փակագծեր չբացեց, ոչ էլ փաստաթղթի անունը հրապարակեց, միայն ասաց. «Սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են եւ ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»:

Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանի հետ:

Նա ասաց, որ դեռ չի ծանոթացել այդ փաստաթղթին, ոչ էլ այս օրերին հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ ու ճշտել մանրամասները, բայց կարծում է, այն, ինչ փաստաթղթում կա, որեւէ մեկի համար նորություն չէ. «Մեր բոլորիս համար պետք չէր հատուկ փաստաթուղթ ունենալ՝ իմանալու համար, որ պետական համակարգում կատարյալ քաոս է եւ կոլապս, դա նորություն չէ որեւէ մեկի համար: Դա մենք նախկինում էլ ենք ասել, հետո, երբ եկել ենք իշխանության, ցանկացած տեղական, պետական կառավարման մարմին մտնելիս հասկացել ենք, որ ուղղակի չկա այնտեղ աշխատող մեխանիզմ մեքենա, որը դու աշխատեցնելու միջոցով կկարողանաս արդյունավետ կառավարում իրականացնել: Մենք փոխել ենք վերեւի օղակները, այսինքն, կոնկրետ գերատեսչություների ղեկավարները փոխվել են, բայց համակարգը մնացել է նույնը: Ես, որպես պատգամավոր, կամ նախկինում՝ որպես ավագանու անդամ, փորձում էի հասկանալ կոնկրետ գերատեսչություններն ինչպես են աշխատում ու տեսնում էի, որ օրնիբուն, ուղղակի առանց հանգստի աշխատում է ղեկավարը, օրինակ՝ քաղաքապետն իր տեղակալների հետ, կամ նախարարն իր տեղակալների հետ, իսկ թե ավելի ստորին օղակներում ինչ է կատարվում, այնտեղ կատարվում է բարդակ: Ընդ որում, մենք գործ ունենք նրա հետ, որ միշտ չէ, որ մարդիկ չեն ուզում աշխատել, շատ դեպքերում մարդիկ պարզապես չեն կարողանում աշխատել, որովհետեւ այդտեղ նրանք հայտնվել են ծանոթ, խնամի, բարեկամ սկզբունքով, այնտեղ ամեն մեկն ուղղակի իր տնից դուրս գալու համար աշխատում է, որ անունը հելնի՝ ես նախարարությունում եմ աշխատում: Կոմպետենտ աշխատակազմ, որպես այդպիսին, չկա»:

Պատգամավորն ասաց, որ օրինակ, այս կամ այն նախարարության կոնկրետ բաժնի հետ երբ գործ են ունենում, հասկանում են, որ այնտեղ 5-10 հոգուց աշխատում է մեկը, մյուսները զբաղված են սուրճ խմելով. «Հիմա մենք ունենք այն պատկերը, ինչ ունենք: Ունենք շատ եւ հիմնականում լավ աշխատող բարձրագույն օղակի ղեկավարություն, բայց նրանց արածն, ըստ էության, ի չիք է դառնում, դառնում է սիզիփոսյան աշխատանք, երբ ստորին օղակները, ըստ էության, անգործության են մատնված եւ իրենց գործառույթներին, ֆունկցիոնալ նշանակությանը չեն համապատասխանում»:

Մեր հարցին՝ մեկուկես տարի է անցել, իշխանության գլխին դուք եք եւ պատասխանատվությունն էլ վստահաբար դուք եք կրում, հնարավոր չէ՞ր այս մեկուկես տարում «մաքրել» համակարգը անգործներից, ովքեր գործ են անում՝ պահեիք, ովքեր սուրճ են խմում՝ հանեիք, Սերժ Սարգսյանի, Քոչարյանի սուրճ խմողներին ինչի՞ եք պահել համակարգում՝ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Ես ամբողջությամբ ընդունում եմ այդ քննադատությունը, բայց այստեղ ցավոք կա օրենսդրական խնդիր: Քաղծառայության օրենքը, Համայնքային ծառայության օրենքը շատ լուրջ պաշտպանություն են տալիս քաղծառայողի եւ համայնքային ծառայողի կարգավիճակ ունեցող անձանց եւ նրանց աշխատանքից հեռացնելը, եթե չասեմ անհնար է, ապա առնվազն շատ բարդ է: Հիմա կոնկրետ քաղաքապետարանի օրինակը կարող եմ բերել, այդ խնդրին փորձ է արվում լուծում տալ ատեստացիաների միջոցով, այսինքն, երեք տարին մեկ պետք է ատեստավորման ենթարկվեն: Հիմա մենք ունենք պատկեր, որ համայնքային ծառայողների մի մասն այդ ատեստացիան չի անցնում եւ օբյեկտիվորեն դուրս է մնում: Սա, ստացվում է, որ միակ ճանապարհն է այդ ոչ կոմպետենտ կադրերից ազատվելու համար: Մյուս խնդիրը, որ մենք ունենք, այդ թափուր մնացած պաշտոնները համալրելու խնդիրն է, ինչը ցածր աշխատավարձի պայմաններում հնարավոր չի լինում իրապես բանիմաց կադրեր ներգրավելու տեսանկյունից: Այս խնդիրը բազմաշերտ է, այն լուծելու համար մեզ շատ լուրջ փորձություններ են պետք անցնել»:

Ջուլհակյանն ասաց, որ մտածում են՝ «եթե մենք հանում ենք բոլորին, որոնք գուցե վատ են աշխատում, բայց գոնե ինչ-որ մի բան ստիպելով անել ես տալիս, այդ կադրերի ներգրավման հարցն էլ մենք պետք է կարողանանք լուծել: Դա է պատճառը, որ մենք մտածում ենք աշխատավարձերի բարձրացման մասին: Գոնե կարողանանք քիչ թե շատ նորմալ կադրեր ներգրավել պետական համակարգում, օրինակ, համայնքային ծառայության անցնելու համար, որովհետեւ քանի որ այլեւս կոռուպցիոն մեխանիզմները բացառված են, շահագրգռող մոտիվացիա չունեն անձինք: Այն ժամանակ գալիս էին ոչ միայն ստատուսի համար, որ իրենք աշխատում են պետական համակարգում, նաեւ մենք բոլորս գիտենք, որ նույնիսկ կաշառք տալու միջոցով էին իրենք խցկվում այդ պաշտոններում ու բնականաբար դրա մոտիվացիան այն էր, որ հետո իրենք կաշառք վերցնելու միջոցով կկարողանային վերականգնել այն ֆինանսական կորուստը, որն ունեցել են այդ կաշառքը վճարելու համար: Իսկ հիմա, քանի որ այդ մեխանիզմներն էլ բացառված են, վարչապետն ինչի՞ է ասում՝ կոռուպցիոն մեխանիզմը հանում ես, տակը համակարգ չի մնում»:

Տիկին Ջուլհակյանը նշեց, որ նույն խնդիրը կա ոստիկանությունում. «Մենք գիտենք, որ նախկինում բավականին լուրջ կաշառք էր տալիս ոստիկանը՝ համակարգ մտնելու համար, հիմա ոչ ոք չի ուզում, որովհետեւ գիտի՝ ինքը գալու է եւ ստանալու է 150 հազար դրամ աշխատավարձ, ասում է՝ ինձ շատ էլ պետք է, կգնամ ուրիշ տեղ, ավելի շատ կաշխատեմ: Դա երկրորդ լրջագույն խնդիրն է, որին մենք բախվում ենք»:

Հարցին՝ ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը ինչո՞ւ էր նման ուսումնասիրություն հանձնարարել գրել, ինքը տեղյակ չէ՞ր, թե ինչ համակարգ է երկրում, այդ «բուրգն» ինչից է կազմված՝ Ջուլհակյանը պատասխանեց. «Եթե հիշում եք, հեղափոխության օրերին Սարգսյանին ասացինք՝ ձեզ ճիշտ չեն զեկուցում: Ես վստահ չեմ, որ ինքն է պատվիրել, բայց, կարծում եմ, ինքն է եղել: Օբյեկտիվ պատկերն իմանալու համար յուրաքանչյուր ղեկավար, այդուհանդերձ, նույնիսկ եթե վատն է, մանավանդ Սերժ Սարգսյանի դեպքում, որը ցանկանում էր երկարաձգել իր իշխանությունը, դրա համար պետք էր, որ ինչ-որ կերպ ունենա մի համակարգ, որը կերկարաձգի իր իշխանությունը: Դրա համար պետք էր նաեւ պատվեր տալ, որ հասկանա, թե ինչի հետ ինքը գործ ունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031