Լրահոս
Օրվա լրահոսը

10 գիրք, մեկ շնորհանդես

Օգոստոս 15,2019 12:00

Գրքերի շնորհանդեսներով, քննարկումներով հուլիսը բարեբեր էր Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի համար: Ըստ իս, միջոցառումների առումով գրադարանն անմրցելի է: Շնորհանդեսների շքերթը եզրափակեց երգիծաբան Վազգեն Էվոյանը:

Հանդիպումը բացառիկ էր, առիթը՝ նրա 10 գիրքը: Մտահղացման հեղինակ, գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը ներկայացրեց հեղինակին, շեշտեց նրա հետաքրքիր անհատականություն լինելը. «Էվոյանը չնկատված հեղինակ է, բայց նույնիսկ աննշան թերությունները նկատել, մատնանշել է իր գործերով: Ինքն իրեն թույլ չի տվել թակել դռներ, թմբկահարել… Երգիծանքի տարբեր ժանրերով խարազանում է անհանդուրժելին, նախանշում դրանց պատճառներն ու վերացման ուղիները»:

Բանախոսի խոսքը ընդհանրացնելով, Վ. Էվոյանը երգիծախառն ժպիտով, դրվագներ պատմեց իր կյանքից. «Եթե ինձ որեւէ մեկն ասի՝ քեզ ճանաչում եմ, ճիշտ չի լինի: Մայրս եզակի կին էր: Աշխատասեր, համբերատար… Ծնվել եմ 1942թ. Սանահին գյուղում: Որ իմանայի պատերազմ է, չէի ծնվի: Ավարտել եմ տեղի հազարամյա դպրոցը: Ասում էին՝ թվաբանությունից ուժեղ եմ, բայց չգիտեմ թվաբանությունն ինչ է: Ինձ հանձնարարություն չեն տվել, ինքս եմ ինձ հանձնարարություններ տվել ու կատարել: Դաս չէի պարապում, միայն տնային գործերով էի զբաղվում: Ֆերմայի վարիչն ասում էր՝ երանի քեզ նման երկու անասնապահ ունենայի: Առանց դասագիրք բացելու քննություն եմ տվել եւ Պոլիտեխնիկ ընդունվել: Դրա համար հիշողությանս եւ ուշադիր լինելուս եմ պարտական: Աշխատել եմ ներքին գործերի համակարգում, պահեստի փոխգնդապետ եմ»:

Այնուհետեւ օրվա հերոսը պատմական շրջայց կատարեց դեպի հին դարեր. մինչեւ Կլեոպատրա… «ՄԵնք միամիտ ազգ ենք եղել: Գիր եւ գրականություն ունեինք, մեծաքանակ էինք, բայց հետամնաց ազգերը մեզանից առաջ անցան…»:

Երբ խոսքը շաքարով կտրեցին, որ մյուսներն էլ արտահայտվեն, զարմացավ. «Է, թող արտահայտվեն, ես էսքան տարի լռել եմ, հիմա էլ լռե՞մ: Դե լավ, ասեմ՝ գրքերս էկոլոգիապես մաքուր են: Հեղինակը, խմբագիրը, սղագրիչը, սրբագրիչը էն ա ես եմ»:

Ի պատիվ հեղինակի՝ երաժշտական ընդմիջում հայտարարվեց: Գրադարանի վաստակաշատ աշխատակցուհի Աստղիկ Սահինյանը Էվոյանի լոռվա ժպիտներից մի փունջ ներկայացրեց, ճարտարագետ Բորիս Չթչյանը միանալով ողջույններին՝ Սայաթ-Նովայի գործերից ասմունքեց, բանաստեղծներ Սուրեն Հայրապետյանը, Անահիտ Սարգսյանը եւ Գրիշա Միքայելյանը գնահատեցին նրա ոչ սովորական գրելաոճը…

Գրադարանի գրական ստուդիայի ղեկավար, բանաստեղծ Յուրի Սահակյան. «Երջանկահիշատակ գրող, մանկավարժ Վասիլ Հարությունյանը (գրադարանի երկարամյա բարեկամ) հանդիպում է լոռեցի ծանոթին. «Վասիլ, Լոռի ե՞րբ ես գնալու»: «Այ տա՛, որ քեզ տեսա, կարոտս առա, էլ ուր գնամ Լոռի»: Հիմա մենք էլ մեր կարոտն ենք առնում Էվոյանից, էլ ուր գնանք Լոռի, մանավանդ որ՝ ճամփեքն էլ քարուքանդ են:

Էվոյանի երգիծանքը կառուցողական է. աչքի է ընկնում սրամիտ եւ դիպուկ արտահայտություններով: Չնկատված հեղինակ է, բայց նրա սուր հայացքից ոչինչ չի վրիպում»:

ՀՀ եւ միջազգային ժողովրդական վարպետ Գայանե Գրիգորյան. «Հոգու վեհություն ունի, ոգու թռիչք: Էվոյանը ինքնատիպ ստեղծագործող է, մտքերը խորն են՝ իրատեսական, փիլիսոփայական, որոնք սրտից են բխում ու ժպիտ պարգեւում»:

«Արվեստի տուն» հ/կ նախագահ, բանաստեղծ Մելսիդա Հակունց. «Ընկեր Էվոյան, ասում ես իզուր եմ ծնվել, բայց ես ուրախ եմ, որ քեզի պես մարդու հետ ծանոթացա: Դու հավերժական կյանք ունիս, եղբայր, ինչո՞ւ եք դժգոհում: Այս հանդիպումը յուրահատուկ է: Չեք կերել, չեք խմել, գիրք եք գրել: Երգիծանքի ասպարեզում ունեցած ավանդի համար արժանանում եք «Արվեստի տուն» հ/կ պատվոգրի»:

Երգիծաբան Հրանտ Հորիզոն. «Որպեսզի Էվոյանը աննկատ չմնար, Գ. Լոռեցին «Վազգենապատում» խորագրի ներքո հանդես է եկել «Ոզնի», «9-րդ հրաշալիք» հանդեսներում, Հանրային ռադիոյի «8,15՝ Երգիծանք եւ հումոր» ծրագրով… Գրի է առել նրա սրամիտ խոսքերը, Լոռվա ժպիտները՝ հանձնել տպագրության «Ծիծաղի պարտեզ» ժողովածուներում… Ոգեւորել, նպաստել է նրա դիմանկարի ամբողջացմանը»:

Միջոցառումը տպավորիչ էր. Վազգեն Էվոյանի գրական վաստակը գնահատվեց հավուր պատշաճի՝ գրադարանի երկար տարիների համագործակցության համար արժանացավ պատվոգրի:

Նոր հանդիպումների ակնկալիքով՝
Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ

 14.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031