Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալայ Լաման շրջվեց եւ ասաց ինձ՝ Հայաստանից դարձյալ դո՞ւ ես եկել»

Օգոստոս 15,2019 13:00

Հարցազրույց կինոռեժիսոր Հովհաննես Հակոբյանի հետ

– Դուք մասնագետների եւ լայն հանդիսատեսի շրջանում հայտնի եք որպես բնապահպան ռեժիսոր: Այդ թեմայով ունեք հեղինակած շուրջ 100 վավերագրական ֆիլմ, շրջագայել եք շուրջ 80 երկիր: Մեր տեղեկություններով, շատ շուտով կինոսիրողին կներկայացնեք ձեր սցենարով առաջին «Վայրենին» խաղարկային ֆիլմը, որի սցենարի առանցքում դարձյալ բնապահպանական նյութն է: Մինչ վերջինիս անդրադառնալը, կուզեինք իմանալ, ի վերջո, ի՞նչն առիթ հանդիսացավ հենց կարիերայի սկզբից լիովին նվիրվել բնությանը:

– Երբ աղջիկս փոքր էր, Կենդանաբանական այգի այցի ժամանակ հարցրեց՝ պապ, ոչ մի բանից չե՞ս վախենում, օրինակ՝ գայլից… Ասացի՝ մի բան կա, ինչից վախենում եմ, դա բնության զայրույթն է, իսկ մնացած ոչ մի բանից վախ չունեմ: Իսկապես վախենալ կարելի է զայրացած բնությունից, քանի որ այդ պահին մարդը բացարձակ անզոր է: Եվ եթե թշնամու հետ, ասենք, կարելի է խոսել իր լեզվով կամ կռվել իր զենքով, բնության առջեւ պետք է միայն խոնարհվել: Աստվածաշնչում գրված է՝ պահպանիր եւ օգտվիր բնությունից: Բայց կարծես մենք միայն օգտվում ենք: Եվ սա իբրեւ մարդու եւ արվեստագետի շուրջ 30 տարի որդեգրածս թիվ 1 թեման է: Իսկապես, մեծ հաշվով, չկա ավելի կարեւոր բան, մտահոգիչ խնդիր, քան էկոլոգիա կոչվածը:

Իմ կարծիքով, Հայաստանն այսօր ունի դեռեւս չլուծված հարցեր, այդ թվում՝ երեք մեծ խնդիր. կրթություն, մշակույթ եւ շրջակա միջավայր, որոնք ոչ միայն փոխկապակցված են, ավելին՝ մնացած հարցերը բխում են հենց այդ երեքից:

Ինչ վերաբերում է «Վայրենին» աշխատանքիս, դա կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է, այո՛, բնապահպանական թեմայով: Հերոսը՝ անտառապահը, որին վայրենի են որակում որսագողերը, մի աննկարագրելի սիրով է նվիրված բնությանը՝ դողում է ամեն մի ճյուղի վրա, բայց ինքը իրականում փոքրիկ «հատիկ» է որսագողերի, ծառահատների, մի խոսքով՝ այդ սրիկա մասսա կազմող օվկիանոսի մեջ… Ասեմ նաեւ, որ ավարտին եմ հասցրել երկրորդ ֆիլմիս սցենարը՝ արդեն լայնամետրաժ խաղարկային: Փակագծեր չբացեմ, բայց նշեմ, որ այն գայլի եւ աուտիստիկ երեխայի ընկերության մասին է: Առայժմ այսքանը:

– «Վայրենի» ֆիլմը հավանաբար նկարահանել եք պետական աջակցությամբ եւ ե՞րբ կկայանա առաջին դիտումը:

– Ֆիլմի ծախսի շուրջ մեկ երրորդը հոգացել է պետությունը, մեկ երրորդը՝ ես, մեկ երրորդն էլ՝ որդիս: Ինչ վերաբերում է պրեմիերային, այս պահին կոնկրետ ամիս-ամսաթիվ չեմ կարող նշել, որովհետեւ ցանկություն ունեմ այն ցուցադրել միջազգային փառատոներին, իսկ կան այնպիսիք, որոնց պահանջն է ֆիլմն ընդգրկել մրցութային դիտումներին դեռեւս պրեմիերա չիրականացված:

– Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում միջազգային փառատոներին. գիտենք, որ ժամանակին նման միջոցառումներում ձեր վավերագրական ֆիլմերը մեծ ուշադրության են արժանացել ժյուրիի եւ կինոքննադատների կողմից, արժանանալով տարբեր պարգեւների: Իսկ ո՞րն էր ձեր առաջին միջազգային փառատոնի մասնակից ֆիլմը եւ ի՞նչ բնապահպանական հարց էր այն բարձրացնում:

– Առաջինը Երեւանի կենդանաբանական այգու մասին ներկայացնող ֆիլմս էր, որը մասնակցեց 1995թ. Ֆրանսիայում կայացած փառատոնին: Հերոսը ծեր արջն էր, որ պատմում էր, թե ինչե՜ր է տեսել 1990-94թթ. դաժան տարիներին…

– Ասում են, ձեր կյանքում կա դեռեւս լիովին չբացահայտված երկու դիպված. առաջին՝ մեր իրականության մեջ միակ հայ ռեժիսորն եք, որը ոչ թե մեկ, այլ երկու անգամ հանդիպում է ունեցել Դալայ Լամայի հետ: Երկրորդ՝ նկարահանումներ եք իրականացրել Պենտագոնում: Հնարավորինս կմանրամասնե՞ք:

– Դալայ Լամայի հետ հանդիպումից հետո կյանքս կարծես բաժանվեց երկու փուլի. մինչ իր հետ հանդիպումը եւ հանդիպումից հետո: Ավելին՝ բուդդիզմի առաջնորդի հետ առաջին իսկ շփումից հետո իրականություն վերադարձա, իսկ մինչ այդ եթերային կերպար էի… Նա ռեալ մարդ է, չափազանց լուսավոր, կենսուրախ… Հանդիպումների ընթացքում, երբ թարգմանիչը թարգմանում էր, այդ դադարների ժամանակ նա բարձրաձայն ծիծաղում էր: Սկզբում ինձ տարօրինակ թվաց, հետո արդեն նրա նման դրսեւորումը սովորական թվաց ու հասկացա, որ այդ անձնավորությունը շատ ուրախ, դրական կերպար է եւ միգուցե տեսնում է կամ զգում է բաներ, որը սովորական մահկանացուներիս հասու չէ…

– Մեր տեղեկություններով՝ ձեր զրույցների ժամանակ շոշափվել են նաեւ քաղաքական թեմաներ:

– Ճիշտ են ձեր տեղեկությունները: Նշեմ, որ Դալայ Լաման Չինաստանից վտարանդի է ու 1959թ., իր շքախմբով փախել է Հնդկաստան եւ բնակվում է Դհարամսալա քաղաքում: Առաջին անգամ հանդիպումս նրա հետ կայացավ 2000-ականների վերջին: Զրույցի ընթացքում շոշափվեցին Հայերի ցեղասպանության ու Ղարաբաղի հետ կապված հարցեր: Ապշած էի, թե ինչ տեղեկացված է նյութին ու ինչպես է տիրապետում այն: Ցեղասպանության շուրջ խոսեց 40 րոպե, որի ավարտին բուդդիզմի հոգեւոր առաջնորդն ասաց. Թուրքիան պե՛տք է ներողություն խնդրի, եւ դուք պե՛տք է այն ընդունեք, ներեք: Իսկ Ղարաբաղյան թեմայով նրա խոսքը տեւեց 3-4 րոպե, ոչ ավելին: Դալայ Լամայի խոսքերով, մեր խնդիրը նման է Տիբեթի եւ Չինաստանի միջեւ ծագած կոնֆլիկտին՝ մեկ տարբերությամբ, Տիբեթը համաձայն է փոքր ինքնավարության, իսկ Ղարաբաղը պահանջում է լիակատար անկախություն:

Եվս մեկ իրողություն ներկայացնեմ. բուդդիզմի հոգեւոր առաջնորդի հետ երկրորդ հանդիպումս վաղօրոք պայմանավորված չէր: Դա կայացավ չորս տարի անց՝ նա դուրս էր գալիս տաճարից, ես արագ-արագ ոտքերս ուղղեցի եւ այդ հարյուր հազար բազմության միջից փորձեցի մոտենալ… Մոտեցա, նա շրջվեց եւ ասաց ինձ՝ Հայաստանից դարձյալ դո՞ւ ես եկել…

Ինչ վերաբերում է Պենտագոնում նկարահանումներին, դա 2006 թվականն էր, ընկերոջս՝ Ավետիսի հետ դիմեցինք ամերիկյան դեսպանատուն, առաջարկով, որ ցանկություն ունենք իրականացնել ֆիլմաշար՝ «Աշխարհի բանակները» ընդհանուր խորագրով: Եվ ուզում ենք այն սկսել Պենտագոնից: Ի զարմանս մեզ, ստացանք OK, ավելին՝ ֆինանսավորում դեսպանատան կողմից եւ իրականացրինք երկու սերիա, յուրաքանչյուրը 45 րոպե տեւողությամբ՝ «Բանակը հզոր է» վերնագրով: Այն մեկ անգամ ցուցադրվեց Հայաստանում:

– Ասում են՝ «Աշխարհի բանակները» ֆիլմաշարը չի ունեցել շարունակություն՝ սկսվել եւ ավարտվել է Պենտագոնով:

– Թույլ տվեք հարցին ժլատ պատասխանել եւ ընդամենը հույս հայտնել, որ այսօր արդեն պաշտպանության նախարարության աջակցությամբ շարքը կունենա շարունակություն:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
14.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031