Համահայկական 7-րդ ամառային խաղերի մամուլի ծառայության հետ զրույցում ՀԽՀԿ անդամ Հենրիկ Խալոյանն ասել է, որ Համահայկական 7- րդ ամառային խաղերին, չնայած չներկայանալու մասին որոշ կանխատեսումների, բավականին ընդգրկուն կազմով՝ 220 հոգի, մասնակցում է Իրանի պատվիրակությունը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հենրիկ Խալոյանը հավաստիացնում է, որ խաղերի 20- ամյա պատմության մեջ գրեթե միշտ Իրանն ամենաշատ մասնակիցներն է ունեցել՝ լինելով Համահայկականի հիմնադիրներից:
Ըստ կոմիտեում Իրանի ներկայացուցչի՝ դժվարությունները պայմանավորված են լինում միայն այդ երկրի տնտեսական վիճակով, բայց օգնության են հասնում իրանահայ հովանավորները, և ազգային կազմակերպությունների հետ միասին հաջողվում է ամեն ինչ անցկացնել հավուր պատշաճի:
Որպես Հայաստանի հարևան երկիր, ուր մեծ գաղութ կա, Իրանն առանձնահատուկ ոգևորությամբ է մասնակցում Համահայկական խաղերին, նշում է Հենրիկ Խալոյանը: Նա ընդգծում է, որ հատկապես խանդավառող էր այս տարվա բացումը, որն առաջին անգամ կայացավ Արցախում: Նույն կարծիքն ունեն բոլոր երկրների մասնակիցները:
Սպորտը երիտասարդներին կրթելու մաքրամաքուր ձև է, և այդ կերպ Համահայկական խաղերը միավորում են հայությանը, երիտասարդների մեջ միասնականություն ձևավորում: Նման համոզմունք ունի Հենրիկ Խալոյանը, որի պնդմամբ՝ Հայաստանի անկախանալուց ի վեր տարբեր ծրագրեր են իրականացվել, սակայն ժամանակն ապացուցել է, որ Համահայկական խաղերը լավագույնն են հայապահպանության գործում:
Նա նաև շատ բարձր է գնահատում ՀՀ նոր իշխանությունների հետ ստեղծված հարաբերությունները՝ որպես օրինակելի գործակցություն:
Հենրիկ Խալոյանը շնորհակալություն է հայտում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, անդամներին, բարերարներին, մասնակիցներին, Հայաստանի կառավարությանը և մյուսբոլոր աջակիցներին:
Աշոտ Հակոբյան