«Նշանակում է՝ մեզ մոտ արդարադատությունը դեռ կեղծ է, նշանակում է՝ մեզ մոտ դեռ օրենքները չեն գործում, նշանակում է՝ մեզ մոտ ոչինչ չի փոխվել, ոնց եղել է Քոչարյանի օրոք, մնացել է Սերժի, հիմա էլ նույնը շարունակվում է: Եթե հանցագործը գնացել է այդ քայլի, բայց հարցաքննության ժամանակ պնդում է, որ ինձ երկու անգամ է տեսել, այն էլ՝ էկրանից, էլ ինչ ասեմ, իր ասածն էլ ընդունում են, ինձ ասում են՝ դե ապացուցի, ես ոնց ապացուցեմ, 19 տարի առաջ է այդ դեպքը տեղի ունեցել, այն էլ կեսգիշերվա կեսին, ես եմ եղել ու ինքը, որտեղից ապացույց բերեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանը իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կասեցնելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի որոշմանը:
Հիշեցնեք, որ Ղուշչյանը հայտարարել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «Ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի»,- նշել էր Համլետ Ղուշչյանը:
Մարտի 4-ին դատախազությունը հայտարարել էր, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։
Արդյունքում՝ մարտի 29-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 1-ին մասով, եւ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ մարդուն առեւանգելը, որն ուղեկցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ գործադրելու սպառնալիքով։
Կարդացեք նաև
Համլետ Ղուշչյանը մեզ հետ զրույցում վիրավորական արտահայտություններ ասաց Սամվել Ալեքսանյանի մասին, մեր դիտարկմանը, թե վիրավորական արտահայտություններ մենք չենք հրապարակում, նա արձագանքեց. «Նա պատիվ չունի… այդ բառերը գրեք, ինչ ասում եմ, գրեք, ես նրան միտումնավոր վիրավորում եմ, որ ինձ դատի տա, գնամ դատարան կանգնեմ, ասեմ՝ թքեմ ձեր արդարադատության ճակատին: Հանցագործություն է եղել, ասում են՝ փաստեր չկան, նա հրաժարվում է, ես ոնց հիմնավորեմ, եթե դրա արդյունքում դարձել եմ հիվանդ մարդ, շաքար եմ տարել, ինսուլտ եմ տարել, էլ ինչ ձեւի հիմնավորեմ, ինչ բողոքեմ, ուր կամ ում բողոքեմ: Ոչ մի բան այս երկրում չի փոխվել»:
Փորձեցինք վարույթ իրականացնող մարմնի ընդունած որոշման վերաբերյալ խոսել նաեւ Սամվել Ալեքսանյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ