Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի առաջարկը ՍԴ դատավորներին ոչ այլ ինչ է, քան օրինական կաշառք»․ քաղաքագետ

Օգոստոս 14,2019 20:33

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու Արդարադատության նախարարության նախագծին, այն որակեց որպես «խայտառակություն» ու «գումար պաշտոնի դիմաց» ծրագիր։

«Գործող իշխանությունների պայքարը շարունակվում է Սահմանադրական դատարանի դեմ։ Պարոն Փաշինյանը իշխանության գալուց հետո կամաց-կամաց ամեն ինչ անում է, որպեսզի իր վերահսկողության տակ վերցնի գրեթե բոլոր ոլորտները, չնայած այն հանգամանքին, որ ժամանակին ինքն էր պայքարում հենց այդ նույն մեթոդների դեմ, որոնք կիրառվում էին նախկին իշխանությունների կողմից՝ իրավական, արդարադատության ոլորտը վերահսկելու առումով։ Ինչքան նկատում ենք, պարոն Փաշինյանը շատ է սիրել Սերժ Սարգսյանի հագով կարած Սահմանադրությունը և իշխանության գալուց հետո երևի թե ամբողջությամբ փոխել է իր կարծիքը արդարադատության դաշտի նկատմամբ։ ԲԴԽ-ի հարցերն, այսպես ասած, լուծելուց հետո հիմա էլ անցել է Սահմանադրական դատարանի հարցերի լուծմանը։ Քանի որ առաջին հարվածը օգուտ չբերեց, հիմա պարոն Փաշինյանի կառավարությունը որոշել է իրավական մեթոդներով հաշվեհարդար տեսնել Սահմանադրական դատարանի նկատմամբ և օրինագիծ է ներկայացրել, որը, ես, բացի խայտառակությունից, այլ կերպ չեմ կարող բնութագրել։ Դա կարելի է նաև անվանել «գումար պաշտոնի դիմաց» ծրագիր։

Ի՞նչ է առաջարկում Արդարադատության նախարարությունը, առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ հրաժարվելուց հետո մինչև իրենց թոշակի անցնելը ստանալ իրենց ամբողջ աշխատավարձն ու օգտվել ապագայում Սահմանադրական դատարանի դատավորին տրված արտոնություններից։

Մենք շատ լավ գիտենք, որ Սահմանադրական դատարանն ունի 9 դատավոր՝ դատարանի նախագահի հետ միասին։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներով՝ ստացվում է մոտ մեկ միլիարդ դրամ, այսինքն՝ պարոն Փաշինյանը բառացիորեն կաշառում է դատավորներին, որպեսզի վերջիններս առանց մատը մատին տալու, առանց աշխատելու ստանան աշխատավարձ, համապատասխան թոշակներ, արտոնություններ սոցիալական ոլորտում և այլն։ Դրանով պարոն Փաշինյանը հույս ունի, որ Սահմանադրական դատարանի անդամները դաշտը կազատեն, որպեսզի ինքն իր ցանկացած, նախընտրած թեկնածուներին նշանակի Սահմանադրական դատարանի անդամներ։

Ավելին ասեմ, ըստ այդ նույն օրինագծի, նախատեսվում է նաև պատժիչ գործողություններ կիրառել Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ։ Եթե Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ հարուցվում է քրեական գործ, նրա լիազորությունները դադարեցվում են։ Այսինքն՝ այն դատավորները, որոնք չեն համաձայնում ինքնակամ կապիտուլյացիայի ենթարկվել ու ընդունել օրինական կաշառքը, որը իրեն առաջարկում են Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից հեռանալու համար, 99,9 տոկոսով ենթարկվելու են քրեական հետապնդման։ Քննչականի ինչ-որ քննիչ կարող է քրեական գործ հարուցել դատավորի նկատմամբ և նրան ժամանակավորապես զրկել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից, և կարող է տարիներով այդ գործը քննվել, իսկ ինքն էլ մնալ կասկածյալի կամ մեղադրյալ համապատասխան կարգավիճակով և մեխանիկորեն զրկվել աշխատանքից»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի՝ անարդարության, թայֆաբազության, հովանավորչության ու ուժի դիրքերից խոսող կառավարության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից նման օրինագծի ներկայացումը զավեշտ է։

«Այսինքն ի՞նչ է ստացվում, մեր հանրային գումարներով պարոն Փաշինյանը փորձում է մեկ միլիարդ դրամ տրամադրել, որպեսզի ինքն իր ցանկությանը հասնի, Հայաստանի Հանրապետությունում էլ ուրիշ խնդիրներ չկա՞ն։ Այդ մեկ միլիարդ դրամը կարելի է տարբեր ոլորտներում կիրառել, որտեղ կան կա ահռելի քանակությամբ ֆինանսական բացեր։ Օրինակ՝ մանկատան նախկին սաների կարիքները հոգալու, նրանց համար սոցիալական բնակարաններ կառուցելու, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաների համար ծրագրեր իրականացնելու, կամ Գյումրիում, նախկին վարչապետի օրինակով, ասենք Սլաբոդկա թաղամասում մեկ փողոց վերանորոգելու, քաղաքի ևս մեկ այցեքարտ դարձնելու համար։ Այն ավելի օգտավետ կլինի մեր երկրի ու Գյումրու համար»։

Ըստ Գագիկ Համբարյանի, Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետ է, Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը նա մեծ հաճույքով ինքն է կիրառում, և սկսել է այնպիսի քայլեր անել, որոնք Հայաստանը տանում են բռնապետության։

«Սա անընդունելի տարբերակ է, և պարոն Փաշինյանն ու նրա իշխանությունը պետք է այլ մեթոդներ գտնեն համագործակցելու իշխանական տարբեր օղակների հետ, այլ ոչ թե փորձեն տարատեսակ ճնշումների միջոցով և հռետորաբանությամբ հաջողության հասնել։ Այդ ժամանակներն արդեն վաղուց անցել են, հեղափոխությունից արդեն անցել է 1 տարի 3 ամիս, բայց, ինչքան հասկանում եմ, պարոն Փաշինյանը դեռ հեղափոխականի շապիկը իր հագից չի հանել»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031