Օգոստոսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի ԱԳ նախարար Ռոդոլֆո Նին Նովոային:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա քաղաքական դինամիկան՝ համոզմունք հայտնելով, որ նախարար Ռոդոլֆո Նին Նովոայի այս այցն առավել կնպաստի հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդմանը և երկրների միջև առավել ընդլայնված համագործակցության հաստատմանը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում։ Որպես համագործակցության հիմնական ուղղություններ՝ կողմերն առանձնացրեցին առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները: Այս համատեսքտում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու ոլորտների անմիջական պատասխանատուների միջև շփումների ակտիվացման հարթակներ ձևավորելու ուղղությամբ:
ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրեցին միջազգային հարթակներում առկա սերտ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հարթակներում Հայաստանի հետևողական քայլերը:
Երկկողմ օրակարգի խթանման համատեքստում մեծապես կարևորվեց խորհրդարանական դիվանագիտության հարթակի ներուժի լիարժեք կիրառումը և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ առավելագույնս նպաստելու երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջև համագործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:
Կարդացեք նաև
Նախարար Մնացականյանը և Նին Նովոան առանձնահատուկ ընդգծեցին Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ներդրում ունեցած հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար առավել մերձեցնող ամուր կամուրջ:
Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Երկուստեք ընդգծվեց, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը՝ առավոտյան, Ուրուգվայի արտգործնախարարն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ՀՀ ԱԳՆ