Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նախկինում գրանցած յուղանյութով պատված արագիլների թիվը խիստ պակասել է. մտածում ենք անկման ցուցանիշ է»

Օգոստոս 14,2019 18:20

Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ինստիտուտում փրկված արագիլները 2 օր առաջ տեղափոխվել են Հովտաշեն համայնք: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց այս ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը: Նրա պատմելով՝ թռչուններին լողացնելուց հետո 10-15 օր պահել են, հետեւել վարքին, ինտենսիվ կերակրվում էին, երբ արձանագրվել է դրական տեղաշարժ՝ բաց են թողել կրկին այն համայնք՝ Հովտաշեն, որտեղից, որ նրանց բերել էին:

Մեր հարցին՝ ինչո՞ւ նորից Հովտաշեն, արդյոք վտանգ չկա, որ արագիլները նորից այդ վտանգավոր յուղանյութով «կվարակվեն», Բալյանը պատասխանեց, որ Հովտաշենում լողացրած արագիլները եւս արհեստական են կերակրվում, դրանք 10-ից ավելի են, ինստիտուտում վերականգնված արագիլները նույնպես արհեստական են կերակրվում, ուստի նպատակահարմար էր նույն տեղը նրանց տեղափոխել: Բացի այս, ըստ գիտաշխատողի, այս արագիլները Հովտաշենում, բաց տարածքում այլ անհատների հետ շփման հնարավորություն կունենան, ինչպես նաեւ հնարավոր է երամներ կկազմավորվեն.«Արհեստական կերակրումից պետք է կտրել նրանց, սա լուրջ խնդիր է, չգիտեմ՝ ինչպե՞ս պետք է դա արվի»:

Ինչ վերաբերում է վտանգին, ապա Բալյանն ասաց՝ կարող է վտանգ լինել, բայց իրավիճակը մի քիչ փոխվել է, վերջերս կատարած դիտարկումներով, պարզել են, որ վիճակն առաջվա պես աղետալի չէ:

Գիտաշխատողը նշեց, որ այն արագիլները, որոնք ամենաաղտոտված են եղել, նրանք այն ժամանակ ձագ են եղել, ամբողջությամբ պատված են եղել յուղանյութի շերտով, ծնողներից է փոխանցվել: Հիմա խնդիրն այն է, որ ձագերը պետք է սովորեն ինքնուրույն կեր հայթայթել, որովհետեւ այն ընթացքը, երբ ծնողից են սովորում, բաց է թողնվել: Բալյանն ասաց, որ այդ արագիլներն կկարողնան ցուրտ եղանակին ջերմափոխանակման գործառույթը կատարել, ունակ են կարճ տարածքների վրա տեղափոխվել, թռչել.«Ավելի երկար տարածք հաղթահարելուն պատրաստ լինելու համար երկար ժամանակ է պետք: Հուսով ենք, որ նրանց բնազդը կմիանա ու տարածքը կյուրացնեն: Վերադարձրել ենք բաց դաշտ՝ մյուս արագիլների մոտ, ցանկալի կլինի առնչվեն հասունների հետ: Նաեւ այդ 2 արագիլներին օղակավորել ենք , որպեսզի կարողանանք հետեւել նրանց՝ արդյոք տեղում են, գնացե՞լ են, թե՞ ոչ»:

Երբ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլները աղտոտվել են , պատվել սեւ նյութով, որոշ ժամանակ հետո ջրային կոմիտեն հայտարարեց, որ Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում, կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել, աղբի կուտակմանը նպաստում է նաեւ «Նաիրիտ» գործարանից եկող եւ դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշռողը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար:

Բալյանն ասաց, որ իրավիճակի մասին մասնագիտական եզրակացություն են կազմել եւ փոխանցել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին, այստեղ վարույթ են հարուցել: Բայց նաեւ տվյալները փոխանցվել է իրավապահներին, քրեական գործ էլ է հարուցվել:

Բալյանն ասաց, որ իրենց մասնագիտական եզրակացության մեջ նշել են, թե՝ ինչպիսի յուղանյութ է փետրազգեստի վրա, պատճառը, ինչու չեն կարողանում թռչել.«Հետո պարզ դարձավ, որ դա կենդանական ծագումով յուղանյութ է: Մենք կարծում ենք, որ ձկնաբուծարանից առաջացած կերն է գրավում արագիլներին, դա էլ ինչ-որ տեղ կերային բազա է, հավանաբար, նույն գործոնն էլ բացասական երեւույթ է արագիլների համար: Սա պետք է քրեական դաշտում դիտարկվի, որովհետեւ դա նաեւ ջրային ավազանի աղտոտման խնդիր է, միայն արագիլների աղտոտում չէ, այլ՝ շրջակա միջավայրի»:

Նմուշառված փետուրները փոխանցվել է հետազոտության, գիտաշխատողի ասելով՝ սպասում են արդյունքներին՝ հետաքրքիր է ի՞նչ են արձանագրելու:

Aravot.am-ի հարցին՝ ընդհանուր առմամբ քանի արագիլ է վնասվել, Բալյանը պատասխանեց.«Փոքր քարտեզ ենք կազմել, բացի համայնքներից, նաեւ որոշակի թվով արագիլներ բնակելի տարածքներից դուրս են, էլեկտրասյունների վրա: Մոտ 40 տոկոսը բնակավայրերից դուրս է, ոչ ոք մշտադիտարկում չի կատարել՝ ինչ վիճակ է: Մեր կողմից ուղղակի նախկինում գրանցած յուղանյութով պատված արագիլների թիվը խիստ պակասեց: Մտածում ենք անկման ցուցանիշ է, սա վատ լուր է»:

Գիտաշխատողի դիտարկմամբ՝ «Ընդհանուր առմամբ՝ բացասական եմ որակում պետական մարմինների գործելաոճը: Նրանք ուշ արձագանքեցին, հետո՝ սխալ մոտեցումներով, ոչ պրոֆեսիոնալ: Արագիլներին օգնելու հարցի լուծումը թողեցին հասարակական ուժերի վրա: Մինչդեռ այդ ամենը կարելի էր ժամանակին շտկել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031