Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի աղբահանությունը ճիշտ է համայնքային հիմնարկի՞ն վստահելը, թե՞ մասնավորին. փորձագետի կարծիք

Օգոստոս 14,2019 17:41

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատանքային քննարկման ժամանակ Հայկ Մարությանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը հիմնել է Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկ, որն ապահովելու է Երեւանի մաքրությունը:

Aravot.am-ը անկախ փորձագետ Արթուր Դրամփյանից հետաքրքրվեց՝ Երևանի քաղաքապետարանը ճի՞շտ ճանապարհով է գնում, արդյոք ճի՞շտ է պետական հիմնարկի ստեղծումը, թե՞ ավելի արդյունավետ կլիներ, եթե շուկա մտներ ևս մեկ մասնավոր օպերատոր: Փորձագետը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ այդ կարգի փորձ աշխարհում կա: Այսինքն՝ կան դեպքեր, երբ հատկապես մեծ քաղաքներն իրենք են կազմակերպում իրենց աղբահանությունը, ստեղծում այդպիսի հիմնարկ: Հատկապես շատ գերմանական քաղաքներում այդպես են անում»:

Մեր հարցին՝ այդ տարբերակն իրեն արդարացնո՞ւմ է, Արթուր Դրամփյանը պատասխանեց. «Այո, արդարացնում է, բայց մասնավորն էլ կարող է իրեն շատ լավ արդարացնել, եթե, իհարկե, պայմանավորվածությունները համայնքի և մասնավոր օպերատորի միջև հստակ են, և ամեն կողմը տեսնում է իր օգուտները: Մասնավորի առավելությունն այն է, որ բիզնեսի պրակտիկաներն է բերում և շատ արդյունավետ կարող է աշխատել: Երկու տարբերակներն էլ աշխարհում ընդունված են»:

Երևանի աղբահանության կազմակերպման խնդիրը վերջին շրջանում ամենաքննարկվողներից է, ի՞նչ անել, որպեսզի ստեղծված իրավիճակից հնարավորինս արագ դուրս գալ, մունիցիպալ կառավարման տեսանկյունից Երևանի քաղաքապետարանը խնդիրը լուծելու ճի՞շտ ճանապարհ է ընտրել, քանի որ կարծիքներ կան, որ նախ պետք էր հասկանալ՝ ինչպես աշխատել, հետո գնալ այդ ճանապարհով, քանի որ «սխալվելը թանկ է նստելու»: Այս առիթով Արթուր Դրամփյանն ասաց. «Ես դժվարանում եմ ասել: Ինչպես ասացի, երկու տարբերակներն էլ կարող են շատ արդյունավետ աշխատել: Չեմ կարող հաստատ ասել, թե նպատակն ինչն է, բայց եթե Երևանի քաղաքապետարանը ուզում է արագ այդ հարցը լուծել, միգուցե հենց արագ ճանապարհը այդ համայնքային հիմնարկի ստեղծումն է, քանի որ նոր մասնավոր օպերատոր բերելը կարող էր երկար ժամանակի հետ կապված լինել: Մրցույթի պայմաններ պետք է մշակվեն, հայտարարվի մրցույթ. դա տարիներ կարող է տևել, իսկ համայնքային հիմնարկի ստեղծումն իրենց համար, կարծում եմ, ավելի արագ է: Ենթադրում եմ՝ տրամաբանությունը դա է, որ Երևանի քաղաքապետարանը գնացել է այդ ճանապարհով: Ավելի արագ կարելի է այդ հարցը լուծել, քան նորից միջազգային մրցույթ հայտարարել և երկրորդ օպերատոր հրավիրելը»:

Մեր այն հիշեցմանը՝ ժամանակին կար այդ տարբերակը, որից հրաժարվեցին, միգուցե դա արդյունավետ չէ՞ր գործում, Արթուր Դրամփյանը պատասխանեց. «ՀՀ շատ համայնքներում հիմնականում համայնքինն է աղբահանության հիմնարկը: Կան և դեպքեր, երբ այն մասնավոր է: Օրենքը չի ուղղորդում, համայնքներն ազատ են այդ հարցում որոշում կայացնել»:

Հարցին՝ այս իրավիճակին հասնելու հիմնական խնդիրների արմատները որտե՞ղ են, Արթուր Դրամփյանը պատասխանեց. «Նախ աղբահանության կազմակերպությունը պետք է արդյունավետ աշխատի, ներդրումներ անի, մեծ քաղաքը մեծ օրգանիզմ է, այդտեղ շատ դժվար է այդ հարցը լուծելը: Մի քանի տարի առաջ Ֆլորենցիայում էլ կարծեմ աղբի ճգնաժամ էր: Մեծ քաղաքներում բավական է մի փոքր խաթարվի այդ մեխանիզմը, և այդպիսի ճգնաժամեր կարող են առաջանել»:

Արթուր Դրամփյանը նաև նշեց աղբի հարցում մշակութային խնդիրը. «Ինչքան էլ աղբը հավաքեն, տանեն, ինչքան էլ վերամշակեն, կամ ոչ, եթե մարդիկ չհետևեն իրենց թափածին, իրենց աղտոտելուն, չարտոնված տեղերում աղբը թափելուն, երբեք այդ հարցը չի լուծվի: Այսինքն՝ բնակչությունն էլ պետք է մասնակից լինի այդ գործընթացին: Չի կարելի միայն ապավինել նրան, որ որտեղ կուզեմ, աղբը կդնեմ, հետո իմ հետևից կգան և կհավաքեն: Դպրոցներից պետք է երեխաներին սովորեցնել, որ իրենց ընտանիքներ էլ տանեն այդ մշակույթը մինչև հասնեն իդեալական տարբերակին՝ no waste: Այսինքն՝ աղբը նույնիսկ աղբավայր չի հասնում: Այն, երբ դուրս եկավ սպառողից, ինքն անմիջապես վերամշակվում է և օգտագործվում մինչև վերջ. գոյություն չունեն աղբավայրեր: Դա իդեալական տարբերակն է, որը որոշ երկրներում արդեն կիրառվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Դրամփյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031