Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ, որ սարի վրա ապրեք ու ամեն օր կրակոց լսեք, երբեւէ չեք ասի Ամերիկա». Աչաջրի համայնքապետարանում հայտարարում են, որ ռուսամետ են ու բողոքում են, որ մաղարիչը «հանել» են

Օգոստոս 14,2019 16:59

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզ կատարված այցելության ժամանակ հանդիպեցինք Աչաջուր գյուղի համայնքապետարանի աշխատակիցներին՝ համայնքի ղեկավարի տեղակալ Արարատ Գասպարյանին եւ աշխատակազմի քարտուղար Յուրի Միրզոյանին:

Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց՝ հեղափոխությունից հետո ի՞նչ փոփոխություններ են եղել, փոփոխություն կա՞՝ նրանք տեւական լռությունից հետո պատասխանեցին. «Լավ է, նորմալ»: Հետո ծավալվեցին. «Մենք հայ ենք, էլի, դու կարա՞ս գնաս բժշկի տուն՝ առանց բանբաներկայի, դա ո՞նց կլինի: Օրենքը թող կաշառքն ու մաղարիչը տարանջատի իրարից, չէ՞: Հիմա որ ձեզ հրավիրեցի, ձեզ կաշառեցի՞: Մեր ազգի մեջից կվերանա՞ արդյոք»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, առաջ մաղարի՞չ է եղել, ոչ թե կաշառք, ճի՞շտ ենք հասկանում՝ նա պատասխանեց. «Մաղարիչից կհրաժարվի՞ կա՛մ տվողը, կա՛մ առնողը, երբեւէ կլինի՞ դա»:

Մեր զարմանքին, որ ինչո՞ւ հնարավոր չէ ապրել առանց մաղարիչների, եթե այդտեղ կա շահերի բախում, մաղարիչ է արվում, անթույլատրելի է, ինչո՞ւ չպետք է հրաժարվեն՝ Միրզոյանը պատասխանեց. «Իդեալական ազատություն էլ չկա, իդեալական ոչինչ էլ չկա: Ֆրանսիայում Սարկոզիին դատում են, հմի մենք ընդօրինակում ենք Սարկոզիին, Բեռլուսկոնիին դատում են, ասում ենք դա լա՞վ երկիր է: Հիշեցեք, ընկերներ, չգիտեմ, քաղաքի երեխեքը, ժողովուրդը թե բա՝ ամերիկամետ են, ֆրանսիամետ են, էստեղի՝ ռայոնի ժողովուրդը սաղ ռուսամետ են, մեր աշխատանքը, մեր հացը սաղ Ռուսաստանից է: Մեկ էլ ամո՛թ մեր պատգամավորներին, նախարարներին, որոնք օրենք մշակելով՝ ասում են՝ Ֆրանսիայի փորձը վերցրինք, Ամերիկայի փորձը վերցրինք… Էդ փորձը որ վերացավ, մենք լավ ենք ապրելու: Մենք աշխարհին կուլտուրա ու գիտություն ենք տվել, մենք էսօր արտագրում ենք, ճի՞շտ է: Աշխարհին մենք ենք սովորեցրել, հպարտանում ենք, որ հայ ենք, էս գյուտն արինք, էն գյուտն արինք, խորհրդարանի մինիստրներից, վարչապետից ետքը ասում են՝ արտասահմանի փորձը: Ի՞նչ փորձ: Շիմոն Պերեսի փորձը թող կարդան, ոնց սարքեցին Իսրայելը, քանի հա հող ստացան ու ոնց սարքեցին: Ասում եք՝ լա՞վ ենք ապրում, հեղափոխությունը ազդե՞լ է: Նույն մարդիկս չե՞նք մնացել»:

Հարցին՝ բան չի՞ փոխվել համայնքում հեղափոխությունից հետո՝ նա պատասխանեց. «Շատ բան է փոխվել: Բիզնեսն ազատականացվել է, փոքրերը հարկ չեն տալիս, մարդիկ իրենց սոցվճարումները մուծում են, մինիմալ աշխատավարձը տալիս, եկամուտ ստանում ու ապրում, վա՞տ է: Ներդրման ծրագրեր են բերում, ահագին նորմալ առաջարկներ կան»:

Մենք հարցրեցինք՝ ասացիք՝ համայնքում հիմնականում ռուսամետ են, դո՞ւք էլ եք ռուսամետ՝ համայնքապետարանի աշխատողները լուռ գլխով արեցին՝ հաստատելով, որ այո ու որպես արդարացում, ասացին, թե մենք Ռուսաստան ենք ավարտել: Մեր զարմանքին, որ կարող է Ռուսաստանում էլի ավարտեք, բայց ռուսամետ չլինեք, հայամե՛տ լինեք՝ նրանք միանգամից վրա բերեցին, թե՝ «Չէ, դե մենք չասեցինք հայամետ չենք, ուղղակի ավելի շատ ռուսների մոտ ենք հակվում, քան Եվրոպա: Ինտեգրված ենք Ռուսաստանի հետ, սաղ էնտեղ աշխատում, հետ են գալիս: Բա որտե՞ղ գնան աշխատեն»:

Հարցին՝ այսինքն, մեր հույսը Ռուսաստանի հե՞տ պիտի կապենք՝ Միրզոյանը պատասխանեց. «Մի 50 տարի դեռ այո: Երբ որ հազարամյակում ինքը մարդակերից վեր է ածվել մարդասպանի, երբ որ նրանք եվրոպացի դառնան, մենք էլ հետն ենք դառնալու: Բա ո՞ւր պիտի գնանք: Ասել են՝ մեր նավերը ձեր սարերը չեն հասնի: Այ, որ սարի վրա ապրեք ու ամեն օր կրակոց լսեք, երբեւէ չեք ասի Ամերիկա»: Ըստ նրա, սարերում պիտի Ռուսաստան ասենք. «Ռուսը գոնե նրան՝ հակառակորդին պահում է, սաստում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031