Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական շարժական գրասենյակը սպասարկում է Սեւանում տեղեկատվության կարիք ունեցող զբոսաշրջիկներին

Օգոստոս 14,2019 16:23

Սևանի թերակղզու տարածքում` ավտոկայանատեղիի հարևանությամբ, արդեն 5 տարի ամռան ամիսներին տեղակայվում է զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակը, որը մոտ է զբոսաշրջային հոսքերին և առավել արդյունավետ գործունեություն է իրականացնում: «Բարի գալուստ» ցուցանակը կրող գրասենյակը սպասարկում է տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ զբոսաշրջիկներին:

Տեղեկատվական շարժական գրասենյակ ունենալու գաղափարն առաջացել է դեռևս տարիներ առաջ, երբ ֆրանսիական Աֆրատ կազմակերպության կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ շատ դեպքերում Սևանի տարածաշրջանի այցելած զբոսաշրջիկները շրջանցում են Սևան քաղաքը, նախընտրում են այցելել թերակղզի` չնայած քաղաքում գործում է տեղեկատվական գրասենյակ:

Փաստորեն, զբոսաշրջիկների մի ստվար մասը զրկվում է անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից, միաժամանակ տեղեկատվական գրասենյակի աշխատակիցների գործունեությունը դառնում է ոչ լիարժեք:

Խնդիրը լուծելու համար ապակենտրոնացված համագործակցություն իրականացնող Սևանի և Գրենոբլի քաղաքապետարանների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Սևանի թերակղզու հրապարակում 2015թ-ին հանգրվանեց շարժական գրասենյակ:

Անցած տարիների փորձը վկայում է, որ այն ոչ միայն արդարացված է, այլ նաև հնարավորություն է ընձեռում ունենալ որոշակի պատկեր զբոսաշրջիկների թվի, նրանց երկրների և նախընտրությունների վերաբերյալ:

Զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանի փոխանցմամբ` իրենք տրամադրում են ինֆորմացիա գլոբալ առումով, որը ներառում է ողջ հանրապետությունը:

«Ցանկացած զբոսաշրջիկ կարող է լիարժեք ինֆորմացիա ստանալ Սևանա լճի շրջակայքում գործող հյուրանոցների, ռեստորանների, քոթեջների, տնակային տնտեսությունների, ռեստորանների, արագ սնման կետերի վերաբերյալ, տուրօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար իրենց իսկ ցանկության դեպքում կազմվում է տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզ, որով և նրանք պետք է շարունակեն իրենց շրջագայությունը ՀՀ այլ մարզեր: Տեղեկատվությանը զուգահեռ զբոսաշրջիկներին անվճար կարգով տրամադրվում են քարտեզներ, բուկլետներ, զբոսաշրջային ուղեցույցներ մի քանի լեզուներով»,- ներկայացնում է Դ. Թորոսյանը:

Գրասենյակն իր գործառույթների շրջանակներում զբոսաշրջիկների համար / ինչպես ներքին, այնպես էլ ներգնա / կատարում է ամրագրումներ հյուրանոցներում, քոթեջներում, տնակային տնտեսություններում, ռեստորաններում, ցանկության դեպքում տրամադրվում է տաքսի, ամրագրվում են նաև ջրային տրանսպորտային միջոցներ:

Տեղեկատվական շարժական գրասենյակը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս պատրաստ է իր ծառայությունները մատուցել զբոսաշրջիկներին, տեղեկատվության կարիք ունեցող այցելուներին, իսկ ամիսներ անց, ինչպես փոխանցեց գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, կունենանք նաև այս տարվա վիճակագրությունը, որը հնարավորություն կտա ամփոփելու ոչ միայն զբոսաշրջային հերթական տարին, այլ նաև կատարելու եզրահանգումներ և պլանավորելու հաջորդ տարիների աշխատանքը:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031