Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարլո Կոպպոլան` իր հայկական անձնագրի, երդման եւ ՀՀ քաղաքացի չդարձած Անատոլիայի հայերի մասին

Օգոստոս 14,2019 15:59

Վերջերս Բարի քաղաքի «Պուլիայի հայկական ասոցիացիայի» քարտուղար, «Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոն հիմնադիր եւ ղեկավար Կարլո Կոպպոլային շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն: Aravot.am-ի հետ զրույցում, որ թարգմանում էր Արեւիկ Գրիգորյանը, իտալացի մտավորականն ու հասարակական գործիչն ասաց, որ անչափ հուզված է այդ առիթով եւ հատկապես տպավորված` անձնագիրը ՀՀ նախագահի ձեռքից ստանալու համար:

«Շատ հուզիչ է, որ դու պատկանում ես երկու ժողովրդի ու երկրի` Իտալիային եւ Հայաստանին: Ես Իտալիայի քաղաքացի եմ, ես չեմ երդվել Իտալիայի քաղաքացի լինելու համար, բայց Հայաստանի քաղաքացի դառնալու համար երդվել եմ, երդվել եմ, որ պետք է հավատարիմ լինեմ հայոց լեզվին, կրթությանը, ազգին, մշակույթին: Դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հայաստանի քաղաքացի դառնալս նյութական շահ չի հետապնդում, ես աշխատում եւ ապրում եմ Իտալիայում: Սա ինձ համար զուտ հոգեւոր նշանակություն ունի: Ես ուղղակի զգում էի այդ անհրաժեշտությունը, որ պետք է դառնամ Հայաստանի քաղաքացի: Ի դեպ, 2001թ-ից հայկական հարցերով եմ զբաղվում, եւ հենց այդ ժամանակներից եմ սկսել հասկանալ` ինչ է Հայաստանը»,-ասաց Կարլո Կոպպոլան:

«Հրանտ Նազարյանց» մշակութային կենտրոնի ղեկավարն ասում է, որ երբ առաջին անգամ եկել է Հայաստան, զարմացել է, այդքան հայի մի վայրում երբեք չէր հանդիպել: Նաեւ հավելեց. «Ինձ համար Հայաստանն Անատոլիան է, Կիլիկիան, Կոստանդնուպոլիսը… Երբ առաջին անգամ ոտք դրեցի Հայաստան, կնոջս ասացի, որ ինձ դուր է գալիս այս երկիրը, քանի որ այստեղ հայեր են ապրում: Այն, որ այսքան հայ է ապրում Հայաստանում, փաստում է, որ թուրքերը 1915-ին չեն հաղթել:

Երբ ես քաղաքացիություն էի ստանում եւ երդվում էի, սրահը մարդաշատ էր, մեծ մասն էլ սփյուռքահայեր էին: Ես այդ պահին հիշեցի բոլոր այն հայերերին, որոնք ժամանակին Անատոլիայից եկել են Բարի եւ երբեք չեն ստացել Հայաստանի քաղաքացիություն : Ես այդ պահին հասկացա, որ մենակ չեմ, իմ թիկունքին միլիոնուկես հայ է կանգնած, որոնք մղեցին ինձ երդվել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիության»

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Կարլո Կոպպոլայի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031