Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ դեպք՝ Տավուշում. Ամուսինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը շշով հարվածել է իր գլխին. կնոջը ճանաչել են ընտանեկան բռնարար

Օգոստոս 14,2019 15:40

Պարզվում է՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունումից հետո մարզերում անգամ կանայք սկսել են իրենց բռնարար ամուսինների դեմ անվարան բողոք գրել ոստիկանությունում:

Տավուշի մարզը բացառություն չէ: Aravot.am-ի հետ զրույցում մարզպետարանի ընտանիքների, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի իրավաբան Սարգիս Համբարձումյանը (լուսանկարում) ասաց, որ իրենք ոստիկանության եւ համապատասխան մարմիների հետ համագործակցելով՝ փորձում են կանխարգելել բռնությունը ընտանիքում ու փորձում են ընտանիքում համերաշխությունը վերականգնել. «Բռնության երեւույթը պետք է ընտանիքում վերանա ու տիրի համերաշխությունը: Մենք ունենք ընտանեկան բռնություն գործադրած անձանց Նոյեմբերյանի ոստիկանության բաժնում` 4 անձ, Բերդի տարածաշրջանում՝ 6, Իջեւանում՝ 1 անձ եւ Դիլիջանում՝ 6 անձ: Ընդհանուր առմամբ մարզում հաշվառվել է 17 ընտանեկան բռնարար»:

Նա ասաց, որ օրենքի ներդրումից հետո արդեն որեւէ կաշկանդվածություն չկա քաղաքացիների կողմից: Մարզպետարանի տվյալներով՝ հիմնականում կանայք են բռնության ենթարկվում:

Համբարձումյանը մի ուշագրավ դեպք պատմեց, որը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանում. «Կինը ամուսնուն ֆիզիկական բռնության է ենթարկել, շշով հարվածել է ամուսնու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, դրա համար կնոջը վերցրել են հաշվառման: Դա միակ դեպքն է Տավուշի մարզում, որ կինն է ամուսնու նկատմամբ բռնություն կիրառել»:

Երեխաների նկատմամբ բռնությունների դեպքեր չեն գրանցվել: Հարցին՝ մարզի բնակիչները, երբ բռնության են ենթարկվում, բավարար չափով իրազեկվա՞ծ են, թե՞ ծեծի ենթարկվող երեխաներն ընդունում են դա՝ որպես դաստիարակչական նշանակության հարված՝ նա պատասխանեց. «Ես հաճախ համայնքներում, ուսումնական հաստատություններում իրավական բնույթի դասընթացներ եմ անցկացնում ու օրենքի մեկնաբանությունն եմ ներկայացնում, բոլորն էլ հասկանում են, նույնիսկ հարցուպատասխանի ժամանակ չեմ լսել, որ ասեն՝ հայրական ապտակ է, ի՞նչ է եղել, թող հարվածի»:

Դիտարկմանը, որ գյուղերում հաճախ կանայք կարծում են, թե «մի մուշտի է՝ տվեց, իմ մարդն է, կուզի՝ կծեծի, կուզի՝ կսիրի», նա արձագանքեց. «Չեն բացառվում նաեւ նման երեւույթներ, բայց այն դեպքերը, որոնք հայտնի են դառնում մեզ, բարձրաձայնում են, նմանատիպ անձինք հաշվառման են վերցվում ու նրանց հետ տարվում է համապատասխան աշխատանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031