«Նարեկացի» արվեստի միությունում այս օրերին «Դեպի լույս» խորագրի ներքո ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի, Արեւմտյան Հայաստանի մի շարք հայկական եկեղեցիների, վանքերի գմբեթների, երդիկների ու գավիթների՝ յուրօրինակ մոտեցմամբ արված տասնյակ լուսանկարներ: Հեղինակը տուրիզմի ոլորտի մասնագետ Ժաննա Բախշեցյանն է, որին սիրելի աշխատանքը նաեւ լուսանկարելու հիշարժան առիթներ է ընձեռել:
Զբոսաշրջիկներին ուղեկցելով սրբավայրեր՝ նա ֆիքսել է գմբեթներից ներս սփռվող լույսի խաղերն ու բեկումները:
«Ամեն ինչ սկսվեց 2012թ.-ին, երբ Հովհանավանքում լուսանկարեցի գմբեթը: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել եմ շատ գեղեցիկ պատկերներ ու աստիճանաբար դրանցով համալրել շարքս: Միշտ սիրել եմ գմբեթի տակ կանգնել՝ կենտրոնական հատվածում, ու վերեւ նայել: Այդտեղ եմ աղոթում, որովհետեւ գմբեթն իր ճարտարապետական կառուցվածքով ունի կենսաէներգիաները մեկտեղող ուժ: Հովհանավանքի ջահը նպաստեց, որպեսզի գմբեթի տակ գեղեցիկ պատկերներ ձեւավորվեին: Դա առիթ դարձավ, որպեսզի 7 տարի շարունակ ամեն եկեղեցի այցելելիս ես փնտրեմ գմբեթների գեղեցկությունը»,-«Առավոտին» պատմեց Ժաննա Բախշեցյանը: Նրա խոսքով. «Կարելի է ասել, որ լուսանկարների այսպիսի շարք երբեւէ չի ցուցադրվել: Ես, համենայնդեպս, չեմ հանդիպել նման աշխատանքների»:
Ի դեպ, հեղինակի բոլոր լուսանկարներն արվել են ոչ թե պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով, այլ հեռախոսով: «Որակը որոշ դեպքերում բավարար չէ, բայց նկարներս որեւէ մշակման չեմ ենթարկել: Ավելի կարեւոր եւ արժեքավոր է այդ պահին ֆիքսած պատկերը, որովհետեւ համակարգչային ծրագրերով միշտ էլ կարող ես լուսանկարիդ գույները փոխել, հագեցնել»,-ասում է Ժաննան: Նա մտադիր է զբոսաշրջային գրքույկ տպագրել, որում կներառվեն իր բոլոր լուսանկարները:
2017թ.-ին էլ Ժաննան «Դեպի ակունքներ» խորագրով ներկայացրել էր Արեւմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողներն ամփոփող լուսանկարների շարք:
Առաջիկայում էլ ցանկանում է հայաստանյան բնապատկերներ մեկտեղել. «Քանի որ շատ եմ ճամփորդում, մեկ վայրը տեսնում եմ տարբեր եղանակներին: Բնությունն այնքան չքնաղ է, որ չես կարող այդ ամենը չլուսանկարել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի եւ «Նարեկացի» արվեստի միության
«Առավոտ» օրաթերթ
14.08.2018