Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանը՝ Արցախից զորք բերել-չբերելու մասին. «Դատախազությունը ոչինչ չուներ ասելու մեր փաստարկների մասին»

Օգոստոս 14,2019 13:37

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը կարծում է, որ Մարտի 1-ի գործի վերաբերյալ BBC-ի հոդվածը հանրության զգացմունքների վրա ազդելու հերթական փորձն էր: «Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով պնդումներին, թե Ռոբերտ Քոչարյանի հրամանով Արցախից զինվորականներ են բերվել Երեւան, Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նախ հիշեցրեց՝ դեռեւս այն ժամանակ, երբ դատարանը քննում էր Քոչարյանին կալանքից ազատելու հարցը, նիստերից մեկն անցկացվեց դռնփակ: «Որովհետեւ պետք է քննարկվեին մեր փաստարկները՝ կապված իբրեւ թե զորք բերված լինելու հետ: Մենք պետք է ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնային»,-ընդգծեց Ալումյանն ու հավելեց, որ այդ դռնփակ նիստի ժամանակ իրենք ներկայացրել են իրենց փաստարկները:

«Դրանց հետ համաձայնեց նաեւ դատախազությունը: Սա հատկապես եմ շեշտում»:

Լրագրողները հարցրին՝ «Արցախից զորք, ի վերջո, բերվե՞լ է, թե ոչ, որովհետեւ գեներալ Սամվել Կարապետյանը չի հերքել, որ այդ օրերին եղել է Երեւանում՝ կառավարության շենքում»: Ալումյանը նշեց. «Եթե հարցին պատասխանեմ, կստացվի, որ կհրապարակայնացնեմ այն, ինչն ասել եմ դռնփակ դատական նիստում: Երբ մենք ներկայացրինք այս փաստարկները, դատախազության մոտ փաստարկ չկար, նա ոչինչ չուներ ասելու: Հիմա, ցավոք, այդ հարցին չեմ կարող հրապարակային մանրամասն պատասխանել: Իսկ կիսատ պատասխանի դեպքում ամեն մեկն իր ձեւով կմեկնաբանի»:

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատախազությունը կամ քննչական ծառայությունը, չունենալով այս հարցի առնչությամբ փաստարկներ, դիմել են նման մեթոդների՝ BBC-ին տվել են ինչ-որ նյութերից ընտրված հատվածներ, որոնք լրատվամիջոցին հնարավորություն են տվել կամայական մեկնաբանություններ անել. «Դրանց մի մասն արդեն հերքվել է: Եղե՞լ են զինվորականներ նախագահականի նկուղում, թե ոչ, այսօր հնարավորություն կա ճշտելու: Պետական պահպանության ծառայության պետը, որն այն ժամանակ էլ էր ծառայություն իրականացնում նախագահականում, թող ասի՝ նման բան եղե՞լ է, մինչեւ որ մենք նրան դատարանում այդ հարցն ուղղելու հնարավորություն կունենանք: Մենք դա հերքում ենք»:

«Օգանովսկի» մականվամբ հայտնի Սամվել Կարապետյանի հայտարարությանն էլ Ալումյանը նախընտրեց կարճ պատասխանել. «Արցախի ԶՈՒ-ից որեւէ ստորաբաժանում եւ զինվոր այդ օրերին ՀՀ չի մտել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/2422169808002186/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանն իր կալանքի հարցի քննության ժամանակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031