Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծաղելի է, որ երկրի վարչապետին և Երևանի քաղաքապետին որևէ ուժ՝ մենք, թե տևտոնական որևէ օրդեն, կարող է խանգարել աղբ հավաքել». Հայկ Մամիջանյան

Օգոստոս 14,2019 11:49

«Երեկվա քննարկումն ավելի շատ սիթքոմի էր նման, քան քննարկման կամ խորհրդակցության : Դա շատ ծիծաղելի էր: Կարծում եմ հենց նպատակն էլ ծիծաղելի մի բան ստանալն էր, այլ ոչ թե արդյունավետ որևէ բան»,-Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում տեղի ունեցած աղբահանության խնդրի վերաբերյալ քննարկման մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա փաստեց՝ մունիցիպալ կառավարման մասնագետ չէ, բայց պարզ թվերից կարող է խոսել և նկատեց՝ նույնիսկ, եթե ինչ-որ խնդիր էր առաջացել իշխանափոխությունից հետո, ապա մեկ տարուց ավելի ժամանակը լրիվ բավարար էր այդ խնդիրը լուծելու համար. «Մեկ անձից գնումով իրենք գնում են աղբահանության համար մեքենաներ, նորից վերադառնում են սանսեկտորի հասկացությանը, որից մենք հրաժարվել էինք, մի քանի անգամ կառավարության որոշմամբ Երևանի իբր տնտեսած, իրականում մանկապարտեզների հետ կապված չիրականացված մրցույթների գումարների հաշվին նորից գնում են աղբահան մեքենաներ և աղբամաններ: Դա սովորական անճարության խնդիր է, երբ մարդը չի կարողանում աշխատանք կազմակերպել, ու իրոք շատ ծիծաղելի է: Նույնիսկ, եթե իրենց ներկայացրածով է, մեկ տարի բացարձակ իշխանություն ունեցող կառույցի ներկայացուցիչներին թե′ քաղաքում, թե′ երկրում, եթե ինչ-որ ուժեր խանգարում են աղբ հավաքել, դա մի քիչ ինձ համար ծիծաղելի է: Ինձ համար ծիծաղելի է, որ երկրի վարչապետին և Երևանի քաղաքապետին որևէ ուժ՝ մենք, թե տևտոնական որևէ օրդեն, կարող է խանգարել աղբ հավաքել: Իմ կարծիքով՝ դա շատ վատ նշան է»:

Մեր հարցին՝ գուցե օբյեկտի՞վ է այն պատճառաբանությունը, որ քաղաքային իշխանությունները վատ ժառանգություն են ստացել, քանի որ աղբահանության կազմակերպումը միայն տրվել է «Սանիթեքին», Հայկ Մամիջանյանն արձագանքեց՝ վատ ժառանգություն ստանալու մասին խոսք լինել չի կարող. «Մունիցիպալ կառավարման մասնագետ չեմ, բայց ինչքան որ ես գիտեմ, աղբահանության օպերատորի երկու տարբերակ կար՝ կամ Երևանը տալ մեկ օպերատորի, կամ երկու: Այնտեղ կար ծավալների և եկամտաբերության, շահութաբերության խնդիր, դրա համար որոշվեց ամբողջ Երևանը տալ մեկ օպերատորի: Բայց փաստացի մենք՝ երևանցիներս, հիշում ենք, որ մինչև այս ամեն ինչը «Սանիթեքը» նորմալ էր աշխատում: Կային թերացումներ և խնդիրներ, որոնք հարթվում էին, համենայն դեպս, աշխատանքային վիճակ էր»:

Մեր հիշեցմանը՝ ասում են «Սանիթեքը» շանտաժ, սաբոտաժ է անում, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ Հայկ Մարությանի հետ քննարկմանը ակնարկեց՝ Լիբանան, եղբայր և այլն, Հայկ Մամիջանյանն այսպես արձագանքեց. «ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արդեն դրան անդրադարձել է: Ես ակնարկներին անդրադառնալու տրամադրություն չունեմ: Ինչ վերաբերում է շանտաժին, իսկ ո՞վ ասաց` Երևանի քաղաքապետ, ՀՀ վարչապետ լինելը հեշտ է: Նույն տրամաբանությամբ կարող եմ ես էլ հավաքել ինձ մոտ աշխատող մարդկանց, մտնել ուղիղ եթեր ու ասել, թե ինչ դժվար է իմ աշխատանքը: Իհարկե, դա արդարացում չէ, քանի որ քաղաքապետն ու վարչապետը աշխատավարձ են ստանում այդ խնդիրները, վարչապետը շատ ավելի մեծ խնդիրներ լուծելու համար, բայց չգիտես ինչու՝ ընկած է աղբահանության հարցով»:

Ըստ Հայկ Մամիջանյանի՝ այս եթերից հետո Նիկոլ Փաշինյանը մեղքերի մի մասը վերցրեց իր վրա և շատ իզուր. «Առաջ բոլորն ասում էին, որ Մարությանն ամենավատ քաղաքապետն է, քանի որ չի կարողանում աղբահանությունը կազմակերպել: Հիմա պարոն Փաշինյանն այդ մեղքերի մի մասը վերցրեց իր վրա: Նա ի սկզբանե կիսում էր պատասխանատվությունը, քանի որ ինքն էր պարոն Մարությանին դարձրել քաղաքապետ, որովհետև մարդիկ ոչ թե Մարությանին էին ձայն տալիս, այլ Նիկոլ Փաշինյանին: Հիմա ինքը պատասխանատվությունն արդեն դե ֆակտո նաև իր վրա վերցրեց: Ընդ որում, դա արեց շատ իզուր, քանի որ ըստ իմ տեղեկությունների՝ սանսեկտորը նոր մեկ ամիս առաջ են ստեղծել քաղաքապետարանում, ու մինչև իրենք հասկանան, սովորեն դա կազմակերպել, բավական ժամանակ է անցնելու,և եթե օրերից մի օր Երևանը մաքրեն, ապա նույնիսկ այդ ժամանակ Փաշինյանի վարկանիշը անկում կապրի: Ես չգիտեմ՝ ինչու Փաշինյանը որոշեց այս շոուն կազմակերպել, բայց վատ ու անտաղանդ շոու էր և ոչ մեկին չէր օգնում»:

Մեր հարցին՝ ՀՀԿ-ին է՞լ չօգնեց, Հայկ Մամիջանյանն ի պատասխանեց ասաց՝ թե սխալ է այն տպավորությունը, որ մարդիկ կարծում են՝ ՀՀԿ-ն ուրախանում է, երբ իշխանությունը ձախողվում է. «Եթե մարդկանց թվում է՝ մենք ինչ-որ ուրիշ փողոցներով ենք քայլում, մեր բակերն ուրիշ են և մենք այս աղբը չենք տեսնում, չարաչար սխալվում են: Մենք էլ ենք ուզում մաքուր Երևան տեսնել, սա մեր քաղաքն է. հավանաբար նույնիսկ ավելի շատ մեր քաղաքն է, քան շատուշատ այժմ բարձր քաղաքային պաշտոնյաների՝ հաշվի առնելով բնակության վայրը և անցկացրած մանկությունը: Մենք բացարձակ չենք ուրախանում, որ ինչ- որ բան չի ստացվում, ուղղակի հրապարակային խորհուրդներ ենք տալիս, հաճախ դրանք սուր քննադատության փաթեթավորմամբ ենք ներկայացնում, որ տեղ հասնի, քանի որ, ոնց հասկանում ենք, մեր իշխող գործընկերները միայն այդ լեզուն են հասկանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031