Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլի առաջին արձագանքը Փաշինյանի ստեփանակերտյան՝ «Արցախը Հայաստան է» ելույթին

Օգոստոս 14,2019 14:00

Մոսկվան փոխել է իր դիրքորոշումը,
համարում է, որ Փաշինյանն ու Ալիեւը բանակցություններում պետք է որոշեն Արցախի կարգավիճակը, այլ ոչ թե Արցախի ժողովուրդը

Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում՝ «Արցախը Հայաստան է», «Միացում» կարգախոսներով ելույթ ունեցավ, սպասվում էր, որ Բաքվից կոշտ արձագանքներ կհնչեն, նույնիսկ չի կարելի բացառել սահմանին իրավիճակի կտրուկ լարումը:

Բայց Ադրբեջանի պահվածքից առավել ուշագրավ է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ռուսաստանի առաջին արձագանքը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին եւ ԼՂ կարգավիճակի որոշմանը: «Ռուսաստանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի միջոցով»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ հաշվի առնելով սերտ հարաբերությունները Երեւանի եւ Բաքվի հետ, շարունակում է աջակցել խաղաղ գործընթացի համակողմանի առաջխաղացմանը: «Մենք բավարարվածությամբ ընդգծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով այսօր հարաբերական հանգստություն է նկատվում: Միեւնույն ժամանակ մեզ մտահոգում է այն, որ կողմերը շարունակում են տարատեսակ մեղադրանքներ հնչեցնել միմյանց դեմ: Նման հռետորաբանությունը հակասում է բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը եւ հետեւաբար՝ հակամարտության կարգավորմանն ուղղված փոխզիջումային տարբերակներ գտնելուն», – շեշտել է Զախարովան:

Այսինքն, ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունը, որի ներկայացուցիչները տեղյակ են բանակցային նրբություններին՝ համարում են, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունների միջոցով:

Այն, որ Մոսկվան մշտապես շեշտել է, որ կողմնակից է խաղաղ բանակցություններին, դա անփոփոխ պաշտոնական դիրքորոշում է: Սակայն կա մի շատ ուշագրավ նրբություն: Վերջին տարիներին հայկական կողմը մշտապես իր ջանքերի ձեռքբերում է համարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման պահանջի ամրագրումը կարգավորման սկզբունքներում:

Ո՞ւր մնաց Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշումը իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, որը եղել է վերջին մի քանի տարիներին հայկական կողմի բանակցային ձեռքբերումն այն առումով, որ դրա մասին շեշտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարություններում, մասնավորապես, երբ նրանք հիշատակում էին «Մադրիդյան սկզբունքները»:

Մոսկվան փոխե՞լ է իր դիրքորոշումը, համարում է, որ Փաշինյանն ու Ալիեւը բանակցություններում պետք է որոշեն Արցախի կարգավիճակը, այլ ոչ թե դա պետք է որոշվի իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով:

Հայաստանի իշխանություններին ունե՞ն բացատրություն, թե ինչու, ինչպես, ինչ հանգամանքներում է Մոսկվայի դիրքորոշման մեջ նման փոփոխություն տեղի ունեցել… Իսկ գուցե ռուսական կողմի մոտ տպավորություն, կամ համոզմունք կա, որ Փաշինյանն ու Ալիեւն են որոշելու Արցախի կարգավիճակը եւ այն այլեւս կարգավորման փաստաթղթերում ամրագրված չէ որպես սկզբունք…

Հիշեցնենք, որ մինչեւ անցյալ տարի գարնանը Հայաստանում իշխանափոխությունը բանակցությունների սեղանին էին «Մադրիդյան սկզբունքները», որը ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների պայմանական անվանումն էր: Հիմնարար սկզբունքները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին ներկայացվել էին 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում: Մոտ մեկուկես տարի գաղտնի պահված սկզբունքներում ընթացքում որոշակի փոփոխություններ էին կատարվել, եւ ի վերջո 2009թ. հուլիսի 10-ին Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ-ում համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահները առաջին անգամ պաշտոնապես հրապարակեցին «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը` մասնակիորեն: Ավելի ուշ` 2010թ. հունիսի 26-ին, Մուսկոկայում (Կանադա) Մեծ ութնյակի գագաթաժողովում եռանախագահները կրկին համառոտ ներկայացրեցին նշված սկզբունքները` Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ անելով եւս մեկ քայլ անել, ավարտել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները եւ անցնել Խաղաղության համաձայնագրի նախագծի մշակմանը: 2011թ. մայիսի 26-ին Դովիլում Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում եռանախագահները տարածեցին ԼՂ վերաբերյալ մեկ այլ համատեղ հայտարարություն, որով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ արեցին քաղաքական կամք դրսեւորել եւ հունիսի 25-ին Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում ավարտել Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները:

Այսպես, 2007թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում ներկայացված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը հետեւյալն էր՝ ԼՂ վերջնական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ենթադրում է ԼՂ բնակչության կամքի ազատ եւ արդար (genuine) արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները (modality) կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում: ԼՂ բնակչություն` հասկացվում է որպես 1988թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերի բնակչություն: Պլեբիսցիտի ընթացքում հարցի ձեւակերպման սահմանափակում չի լինելու:

Էմմա  ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031