Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն անգամ Արմեն Սարգսյանի հարցազրույցների ֆորմատն է կրկնօրինակում. «Հրապարակ»

Օգոստոս 14,2019 11:31

Գյումրի կատարած այցի ժամանակ մեծարգո պարոն վարչապետը կրկնեց ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի որոշ մտքեր։ Օրինակ՝ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ Արմեն Սարգսյանը, խոսելով հայրենաճանաչության մասին, ասել էր․ «Եթե Երեւանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ եւ գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա»։ Իսկ դրա նախորդ օրը նույն Լոռու մարզում նախագահը նույն թեմայով ասել էր հետեւյալը․ «Մեր ուսանողական տարիներին հայրենասիրության արտահայտման ձեւերից մեկը հայրենիքը ճանաչելն ու բացահայտելն էր։ Կարծում եմ՝ հիմա կրկին մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք, քանի որ, ապրելով Երեւանում, այս հրաշք վայրերի հետ քիչ ենք շփվում»։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց․ «Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»։

Մեկ այլ առիթով էլ՝ արդեն Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ, Արմեն Սարգսյանը կոչ էր արել․ «Մեր հայրենիքը շատ գեղեցիկ է, եկեք եւ հայտնաբերեք այն»։

Բառացիորեն նույն թեզերը՝ մի փոքր այլ ձեւակերպմամբ, օրերս արտահայտեց Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրի կատարած այցի ժամանակ։ Նա նախ Գյումրիում իր «լայվը» վերնագրել էր նույն՝ «հայրենաճանաչություն» բառով, ինչ Արմեն Սարգսյանը․ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում»։

Ապա այդ «լայվի» ընթացքում կրկնեց նախագահի մտքերը․ «Ունենք տարօրինակ փաստ. մենք միշտ ասում ենք, որ մեր հայրենիքը դարերի ընթացքում փոքրացել է, բայց ունենք փաստ, որ մեր հայրենակիցների մեծ մասը մեր երկիրը չի ճանաչում, դրսում են ճամփորդում: Մենք այսօր մի արշավ ենք սկսում, որի նպատակը մեր տեսարժան վայրերը ճանաչելն է»։

Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին էր «ցիտում» նաեւ այլ թեմաներով։ Օրինակ՝ Արմեն Սարգսյանը, մայիսի 15-ին ելույթ ունենալով Ղազախստանի տնտեսական ֆորումի ժամանակ, ասել էր, որ 21-րդ դարը մտքի դար է լինելու, Հայաստանի դարն է լինելու։ Նրա խոսքով՝ 21-րդ դարում լոկոմոտիվ են դառնում ոչ թե բնական պաշարներով զբաղվող ընկերությունները, այլ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության վրա:

«Այդ փոփոխության հիմքում երկու գործոն կա: Առաջինը մարդն է: Այսինքն՝ փոփոխության ակունքներում լինելու է նորարար մարդը: Այսինքն՝ 21-րդ դարում շարժիչ ուժը նորարարական ու ստեղծագործ աշխատանքն է»,- ասել էր նախագահը։

Մոտ մեկ ամիս անց՝ հունիսի 9-ին, Դիլիջանում կայացած «Մտքերի գագաթնաժողովի» բացմանը Նիկոլ Փաշինյանը կրկնեց գրեթե նույնը․ «21-րդ դարն իսկապես մտքի դար է, մտքի հաղթանակի եւ մտքի զարգացման դար է, եւ այս է պատճառը, որ մենք հավատում ենք, որ 21-րդ դարը նաեւ Հայաստանի Հանրապետության դարն է, նաեւ Հայաստանի քաղաքացու դարն է, հայ ժողովրդի դարն է, որովհետեւ մենք հավատում ենք, որ սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի իսկապես փառավոր վերածնունդը»։

Ապա, զարգացնելով իր միտքը, Փաշինյանն ասել է․ «Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, եւ ահա՝ եկել է մտքի դարը, ու որեւէ կասկած չկա, որ մենք ունենք միտք, եւ, ըստ այդմ, մեր հիմնական անելիքը բնորոշված է. մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ․․․»։

Փաշինյանն անգամ Արմեն Սարգսյանի հարցազրույցների ֆորմատն է կրկնօրինակում․ Արմեն Սարգսյանը հունիսի 6-ին հարցազրույց է տվել բնության գրկում՝ բաց երկնքի տակ, հուլիսի 7-ին նույն ֆորմատը նախընտրեց Նիկոլ Փաշինյանը՝ ծառերի ֆոնին, բայց՝ կառավարական ամառանոցում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ամենակարեւորը մոռացաք։ Երէկուայ Փաշինեան-Մարութեան (Հայկո-Նկո) շոուն էլ Էդմոն Մարուքեանի եւ Դաւիթ Խաժակեանի սրճարանային հանդիպման ձեւաչափի կրկնութիւնն էր 😄

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031