Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանի հետ
– Պարոն Գեւորգյան, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը համաձայն չէ ձեր թիմի հետ, որ 2019-ի 1-ին կիսամյակին գրանցվել է բյուջետային եկամուտների աննախադեպ աճ՝ 25.1 տոկոս։ Նա ասում է, որ մեր հանրապետության պատմության մեջ 7 անգամ՝ 7 տարի, այդ աճը շատ ավելին է եղել, քան 25 տոկոսը: Օրինակ՝ 1995-ին բյուջետային եկամուտների աճը կազմել է 320 տոկոս, ոչ թե 25: Նաեւ ասաց, որ 25-ից 15-ն ամրագրված է բյուջեով, մնացած 10-ն էլ, կանխատեսում է, որ կանէանա։
– Շատ ցավում եմ, որ պարոն Բագրատյանն այդ թվերը ներկայացնելիս հաշվի չի առնում շատ կարեւոր հանգամանքներ։ Օրինակ՝ 95-ը համեմատել 2019-ի հետ, երբ այն ժամանակ դրամն արժեզրկվում էր անգամներով, եւ այդ տարիների ցուցանիշները պրոյեկտել 2018-2019թթ․ վրա, երբ դրամն արժեւորվել է, այդքան էլ կոռեկտ չէ։
Շատ ցավում եմ, որ պարոն Բագրատյանը համեմատություններ է անում այն տարիների հետ, երբ ցորենը, հացը եւ դեղորայքը սկսեցին հարկվել ԱԱՀ-ով, ու դրա շնորհիվ եղավ բյուջետային մուտքերի աճ, եւ դա համեմատում է 2018-ի հետ, երբ հարկային բեռի որեւէ աճ չի եղել։
Կարդացեք նաև
Շատ ցավում եմ, որ 2018-2019թթ․ ցուցանիշները ներկայացնելիս պարոն Բագրատյանը նույնիսկ չի փորձում նկատել, որ Հայաստանի պետական պարտքի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը կտրուկ նվազել է, որն այն տարիներին կտրուկ աճ էր ապրում։
– Նա, ի դեպ, բարեկամաբար խորհուրդ տվեց «լայվ» չմտնել, խորոված չանել, հեծանիվ չքշել, այլ նստել եւ կաբինետներում աշխատել։
– Ուրեմն, երբ պետք լինի, հեծանիվ կքշենք, երբ պետք լինի, խորոված կանենք, թող պարոն Բագրատյանը եւ մյուսները չանհանգստանան եւ շարունակեն կալկուլյատորով հաշվարկներ անել։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում