Լրահոս
Օրվա լրահոսը

Խրախուսել բանավե՞ճ, թե՞ լեզվակռիվ

Օգոստոս 14,2019 10:00

Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ կայքում կամ ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ եւ, վերջին հաշվով, ավելացնելով ձեր նյութի դիտումների քանակը: Խորհուրդը, հավանաբար, հիմնված է արեւմտյան դասագրքերի, սեմինարների եւ թրեյնինգների վրա ու ենթադրում է բանավեճի որոշակի մշակույթ: Բայց Հայաստանում, հայ իրականության մեջ մեկնաբանություններին պատասխանելը, որպես կանոն, կհանգեցնի անպտուղ լեզվակռվի՝ անձնավորված մեղադրանքներով:

Ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի պատասխանեմ, մասնավորապես, Aravot.am կայքում մեկնաբանություններին: Որովհետեւ, անկախ նրանից, թե ինչի մասին եմ ես գրում (թեկուզ ֆուտբոլի), մեկնաբանությունները սովորաբար այն մասին են, թե որքան վատն են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահները եւ ներկայիս վարչապետը: Կա՛մ նրանցից մեկը, կա՛մ 2-3-ը, կա՛մ երբեմն նաեւ՝ չորսը միասին: Ի՞նչ բանավեճ կարելի է հրահրել դրա շուրջ:

Ես պատմաբան չեմ, որ ընթերցողների հետ վիճեմ՝ այս մեկը ազգի դավաճան է, թե դավաճան չէ: Ես նաեւ դատավոր չեմ, որ վճռեմ՝ սա հանցագործ է, սա հանցագործ չէ: (Եվ, ի դեպ, հիշյալ անձանցից որեւէ մեկի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա): Եվ ընդհանրապես՝ եթե ես նման դատողություններ անեմ, ապա կդառնամ քաղաքական պայքարի կողմ, քանի որ մեր երկրում հիշյալ պայքարը ծավալվում է հիմնականում այդ չորսի ֆանատների եւ ատողների միջեւ, իսկ կողմ դառնալը հակասում է լրագրության մասին իմ պատկերացումներին: Հասկանում եմ, որ մարդիկ իրենց հույզերն են պարպում, եւ իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերոսին» փնովելով, հովացնում են իրենց սրտերը, գուցե նաեւ՝ կարծում են, թե պայքարում են արդարության համար: Դեմ չեմ՝ Աստված բոլորին առողջություն տա: Պարզապես ես իմ տեղը չեմ տեսնում այդ բանավեճում:

Նույն պատճառներով ես չեմ կարող կողմ դառնալ անգամ այն դեպքում, երբ բանավիճում են բարձր ինտելեկտի տեր մարդիկ եւ իմ բարեկամները: Վերջերս, օրինակ, իմ ընկերները ֆեյսբուքյան տարածքում վիճեցին Վանո Սիրադեղյանի մասին: Որքան էլ ես հարգեմ Վանոյին եւ շնորհակալ լինեմ նրան «Առավոտ» թերթը հիմնելու համար, ես չեմ կարող լինել նրա փաստաբանը: (Հիշում եմ, դատավարության որոշակի փուլում այդ դերն էր ստանձնել լուսահոգի Ռուբեն Ռշտունին): Բնականաբար, չեմ կարող եւ չեմ ուզում լինել նաեւ մեղադրողի դերում: Ինձ թվում է, լավագույն լուծումը կլինի այն, որ նա վերադառնա Հայաստան եւ դատավարությունը շարունակվի: Եթե դատարանը Վանոյի արարքների մեջ հանցակազմ չգտնի, շատ լավ: Եթե գտնի, ապա, եթե ես լինեի որոշում ընդունողների տեղը, նրան անմիջապես ներում կշնորհեի, հաշվի առնելով այդ գործչի թե՛ տարիքը եւ թե՛ ծառայությունները: Բայց մտնել մեղադրանքների եւ արդարացումների դաշտ՝ դա, կարծում եմ, իմ առաքելության մեջ չի մտնում:

Չէ, ինձ մոտ չի ստացվում բանավեճ բորբոքել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031