Լրահոս
Օրվա լրահոսը

Վիսբադենում բնակվող գեղարոտցի Լիզա Բերքյան-Աբրահամյանի գրքի շնորհանդեսը՝ Գեղարոտի հայրական օջախում՝ այգում

Օգոստոս 14,2019 13:30

Օգոստոսի 10-ին «Վերհուշի մասունքներ» գիրքը մեզ տարավ Երեւանից 70կմ հեռու գտնվող Գեղարոտ գյուղը, որը նախկինում Տերտերի գյուղ է կոչվել:

Մինչ կհավաքվեին գեղարոտցիները, Աբրահամյան տոհմը, կամ ինչպես իրենք էին ասում՝ Աբրոյենց տոհմը, ես բարձրացա մոտակա սարը, գեղարոտցի նկարիչ, Լիզայի դասընկեր Այսեր Մաթեւոսյանի հետ: Բարձրից, ասես, թերթեի գյուղի պատմությունը, շուրջպար բռնած Ղուբկա, Պիջի, Պոլոզի սարերի մասին ավանդազրույցները, որոնք ցույց էր տալիս, պատմում նկարիչը: Ա. Մաթեւոսյանը ցույց տվեց հազարամյակների հետքերը՝ Ղուբկա սարի բնակատեղիները, որոնք պահպանվել են մինչ օրս, եւ որի վրա հնագիտական ուսումնասիրություններ են կատարվում:


Լրագրող, թարգմանիչ, Ժուռնալիստների միության անդամ, Գեղարոտի գրադարանի նախկին պատասխանատու, «Արագած» թերթի գլխավոր խմբագիր Լիզան իր նոր գրքում հենց այս մասին էլ պատմում է:

«Այս պատմությունները ոչ միայն մեր տոհմի, մեր ընտանիքի եւ արեւոտ օրերի մասին են, այլեւ ինձ ծանոթ շատ գեղարոտցիների: 2006թ. Աբրոյենց տոհմի անդրանիկ հավաքից հետո մտադրվեցի մեր ընդհանուր տոհմածառն իր ճյուղերով եւ իմ կենսագրական ակնարկով հրապարակել»,-ասում է Լիզան, որին իր հայրական տանը լսելու էին եկել ոչ միայն ներկայումս բնակվող գեղարոտցիները, այլեւ գյուղից դուրս բնակվողները: Առավել հուզիչ էր, երբ նրա ճերմակած դասընկերներից էին մասնակցում, ԵՊՀ նախկին դասախոս Խաչատուր Վարդանյանը:

Հայրական տանն այսօր ապրում է եղբոր ընտանիքը։ Այդ տան դուռը բաց է եղել մարդկանց առաջ նաեւ հյուրամեծար ծնողների օրոք։ Այդ տանը հյուրընկալվել են հայ գրականության, արվեստի, գիտության շատ ու շատ նշանավոր դեմքեր. Հովհաննես Շիրազը, Սոս Սարգսյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վարազդատ Հարությունյանը, Մարիամ Ասլամազյանը, Մուշեղ Գալշոյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Մետաքսեն…

Լիզան ներկայացնում է Շիրազին իր եւ արցախցի ընկերուհու՝ Ռայայի այցը. «1971թ. հունիսյան մի արեւոտ օր Հրաչիկը մեզ ուղեկցեց Լենինի պողոտա (ներկայումս՝ Մաշտոցի պողոտա), 20 շենք, 31 բնակարան»: Հանդիպումից հետո, երբ Ռայայի հետ մեկնում են Արցախ, «Հայոց դանթեականից» տանը հատվածներ էին կարդացել, եւ Ռայային հրավիրել էին ՊԱԿ՝ հարցաքննության:


Գրքի կազմը գեղանկարիչ Այսեր Մաթեւոսյանի ստեղծագործությունն է։

Լիզա Բերքյան-Աբրահամյանի գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում հեղինակը պատմում է ծննդավայրի, ընտանիքի, մանկության, գործի, Գերմանիա տարագրության մասին, որոնցով ապրել ու սնվել է, որոնցով հետագայում լցվել է ներաշխարհը եւ որոնք նպաստել են իր կայացմանը:

Իսկ երկրորդ մասում հուշեր են նշանավոր անձանց հետ հանդիպումների, ծանոթությունների մասին։ Գիրքը հարուստ է ծանոթագրություններով, արխիվային բացառիկ փաստաթղթերով, գեղարոտցի բռնադատվածների ցուցակով, պատմական լուսանկարներով: Ի դեպ, միայն Աբրոյենց տոհմի բռնադատվածների գործը՝ «պապերի գործը», 91 էջից է:

«Վերհուշի մասունքներ» գրքի շնորհանդեսին խոսվեց նաեւ Լիզա Բերքյան-Աբրահամյանի՝ «Արա Յ. Բերքյան», ինչպես նաեւ նրա կողմից հայերեն թարգմանած եւ հրատարակած՝ ամուսնու՝ Արա Բերքյանի «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» (համահեղինակ՝ Էննո Մեյեր) գրքերի մասին։

Լիզայի ծավալած մշակութային գործունեության, գրքի մասին խոսեցին գրող, հրապարակախոս, գրքի խմբագիր Դավիթ Մկր Սարգսյանը, ԵՊՀ նախկին դասախոս Խաչատուր Վարդանյանը, բանաստեղծ Գոռ Հարությունյանը, նկարիչ Այսեր Մաթեւոսյանը, լրագրող Շուշանիկ Աբրահամյանը (Արցախյան պատերազմի կին հերոսուհին Լիզայի քույրն է-Ռ. Մ), նախկին գործընկեր Ասատուր Կարապետյանը, ապագա երաժիշտ՝ Չայկովսկու դպրոցի սան Գրիգորը:

Տեսակի մեջ արտասովոր միջոցառմանը իր սրտի խոսքն էր հղել՝ մայրական կողմից Աբրոյենց տոհմից սերած, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Գեղարոտը չի մոռացվի, քանի դեռ նման նվիրյալներ կան:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
13.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031