Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի տիկինը Լիբանանում միացել է «Քոչարիին»

Օգոստոս 14,2019 13:00
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը Աննա Հակոբյանը, Ժակլին Սարխոշյանն ու Կարեն Մակինյանը:

Բալետի պրիմա պարուհի, վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը, ամուսնու՝ Հայաստանի «Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի նախկին առաջատար պարող եւ փորձավար Կարեն Մակինյանի հետ վեց տարի է, ինչ գործունեություն է ծավալում Լիբանանում՝ «Համազգայինի Արվեստի դպրոցում», հանդիսանալով «Գայիանէ» պարի դպրոցի գեղարվեստական ղեկավարները:

Նրանք երեք տարի է, ինչ ստանձնել են նաեւ «Քնար» պարախմբի ղեկավարի պարտականությունները:

«Առավոտի» հետ զրույցում Ժակլին Սարխոշյանը տեղեկացրեց, որ «Գայիանէ» պարի դպրոց են հաճախում 5-18 տարեկան շուրջ 300 սան, իսկ 18-ից հետո առավել շնորհալիները մրցույթով ընդունվում եւ շարունակում են իրենց գործունեությունը «Քնար» պարախմբում: Հավելեց նաեւ, թե սկզբում ուսուցանում էին զուտ հայկական ժողովրդական եւ աշխարհի ժողովուրդների պարեր, իսկ միառժամանակ անց արդեն բեմադրել են ներկայացումներ, այդ թվում՝ Պրոկոֆեւի «Մոխրոտը», տարբեր կոմպոզիտորների երկերի հատվածներով Սինբադի «Ճանապարհորդությունը», Խաչատրյանի, Հախինյանի, Հովհաննիսյանի, Եղիազարյանի երաժշտությամբ «Սարդարապատի ճակատամարտը» եւ այլն: Իսկ այս տարի վերջերս «Գայիանէն» հանդես եկավ «Մաուգլի» եւ Թումանյանի ծննդյան հոբելյանական տարվա առիթով «Մի կաթիլ մեղրը» ներկայացումներով:


Իմիջիայլոց, մեր զրուցակիցը նշեց, որ 5 տարի առաջ «Արվեստի դպրոցում» ինքն առաջինն էր, որ հիմնել է բալետի դասարան:

Հետաքրքրվեցինք բալետի դասարան հաճախող սաների հաջողություններով: «Մայիսին սաներն առաջին անգամ հատվածաբար հանդես եկան Մինկուսի «Դոն Կիխոտ», Պունիի «Էսմերալդա», Ադանի «Ժիզել», Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» եւ «Շչելկունչիկ» բալետներից: Ի դեպ, «Քնած գեղեցկուհու» վարիացիան ներկայացրեց Վիեննայից ժամանած իրանահայ Փյունե Սաֆայեն, որը ժամանակին ուսանել է Երեւանի պարարվեստի քոլեջում՝ իմ ղեկավարությամբ: Առաջիկայում Սուրբ Ծննդյան օրերին «Շչելկունչիկը» կներկայացնենք ամբողջությամբ»,- հայտնեց Ժակլին Սարխոշյանը:

Մեր զրուցակիցը հատկապես նշեց, որ վերջերս հունիսին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը վեհափառ Հայրապետ Արամ Ա. կաթողիկոսի բարձր հովանու ներքո կաթողիկոսարանի բակում կազմակերպել է «Հայ պարի երեկո» խորագրով տեղի պարախմբերի մասնակցությամբ շքեղ համերգ, որին մասնակցություն է ունեցել նաեւ «Քնարը»: Միջոցառման հատուկ հյուրն էր Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Համերգը եզրափակվել է Ժակլին Սարխոշյանի եւ Կարեն Մակինյանի բեմադրությամբ «Քոչարի» պարով, որին սիրով մասնակցել է տիկին Հակոբյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Մաուգլի» եւ «Մի կաթիլ մեղր» բեմադրություններին. «Երկուսն էլ լիարժեք բեմադրություններ են՝ գրիմով, համապատասխան զգեստներով… Ներկայացումներն ուղեկցվում էին Հայաստանից հրավիրված նկարչուհի Աննա Ամասի ավազային անիմացիայի եւ լազերային գրաֆիկայի «բեմանկարչությամբ»:

Հետաքրքրությանը, թե ե՞րբ ամուսինների աշխատանքների ականատեսը կլինենք հայրենիքում, Ժակլին Սարխոշյանն ասաց. «Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ եւ իմ խորեոգրաֆիայով «Երազ» բալետ-ֆանտազիան վաղուց Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում է եւ, կարծում եմ, այն պետք է որ ներկայացվի հանդիսատեսին: Ինչ վերաբերում է մեր հայրենիք մշտական վերադարձին, համոզված եմ, որ ոչ միայն Լիբանանում, այլեւ Սփյուռքում անհրաժեշտ է պրոֆեսիոնալների աշխատանքը, մասնավորապես՝ հայկական մշակույթի պահպանման ու երիտասարդ սերնդի դաստիարակման գործում»:

Սամվել  ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում՝ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը, Աննա Հակոբյանը,
Ժակլին Սարխոշյանն ու Կարեն Մակինյանը:

«Առավոտ» օրաթերթ
13.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031