Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացի պրոֆեսիոնալ լինելուց, պետք է նաեւ գրագետ լինել»

Օգոստոս 14,2019 12:30

Նրա երաժշտությունը ծնվեց այնպես, ասես բնությունը լռեց ու սկսեց լսել։ Հետո նա իր նոտաներն ու իր ձայնը բերեց քաղաք, բայց սահմանամերձ Նոյեմբերյանում Մագան թողեց իր դաշնամուրը, նոտաների տետրը, իր առաջին ձայնը։

Ժամանակի ու տարածության միջով անցնելով՝ չփոխվեց միայն կիթառը։ 18 տարեկանից սկսած նվագում է այդ նույն գործիքով։

Մագան կիթառն է իր ձեռքում պահում, իսկ կիթառը՝ նրա քաղցր ձայնը։

-Ովքե՞ր են 7 նոտաները՝ ըստ քեզ:

-Երեւի այդ յոթ նոտաները բնության հրաշքներն են` ծաղիկը, ծառը…

-Ինչո՞ւ կիթառ:

-Իրականում տարբերություն չեմ դնում դաշնամուրի ու կիթառի միջեւ, պարզապես ժամանակին «Beatels» խմբի եւ Ռ. Հախվերդյանի երգերի շնորհիվ ցանկություն առաջացավ նվագել այդ նույն երգերը կիթառով։ Երեւի դա մղեց ավելի շատ դեպի գործիքը։

-Ի՞նչ գույն ունի երաժշտությունն ըստ քեզ:

-Ինձ թվում է` ինչպես արվեստի մնացած ճյուղերը, այնպես էլ երաժշտությունը բազմերանգ են։
Ես հաճախ եմ համեմատում երաժշտությունն ու նկարչությունը, երկուսն էլ առնչվում են բնությանն ու վառ երեւակայությանը։
Երաժշտությունը բազմերանգ է։ Ոչ միայն հենված է գույների, այլ նաեւ երանգների վրա։

-Քանի՞ տարի է, որ ապրում ես այդ աշխարհում:

-9 տարեկանից արդեն պրոֆեսիոնալ, իսկ մինչ այդ տանը, մերոնց մոտ էի երգում։ Հիշում եմ` փոքր ժամանակ շատ էի հետաքրքրվում երգ ու երաժշտությամբ, քանի որ հայրս ակորդեոն էր նվագում, բայց դեռեւս չունեի դաշնամուր, փորձեր կատարում էի բարեկամի տանը։
Երեւի այդպես էլ սկսվեց։

-Առաջին բեմելդ ե՞րբ էր:

-Առաջինը՝ ընտանեկան միջավայրում։ Մեր բարեկամների, հայրիկիս ընկերների մոտ երգեցի։ Նույնիսկ հիշում եմ երգը` Ռուբեն Հախվերդյանի «Բարով եկար սիրուն կռունկ»-ն էր։

-Այն հարազատ եւ հաճելի վայրը՝ որտեղ երգում ես այժմ:

-Այժմ երգում եմ մեր հեղինակային ակումբում` «Bard club»֊ում։ Ամեն ուրբաթ հավաքվում ենք ավագ սերդնի կատարողներով ու ներկայացնում ենք մեր երգերը։ Իսկ թե ինչու եմ հենց այդ վայրը սիրում, քանի որ փոքր է, ավելի մտերմիկ միջավայր։ Չկան հատուկ բեմական հագնված մարդիկ, բոլորը պարզ ու հասարակ՝ առօրյա հագուստով։

-Երազանքիդ բեմը ո՞րն է:

-Գիտե՞ս, լավ է, որ երաժիշտը կայանա։ Ու հաճելի է նվագել լավ երաժիշտների հետ, լավ բեմում, բայց դա պարզապես ցանկություն է, ոչ գերնպատակ։
Հաճելին այն է, որ դու գրում ես քո սեփական երգը ու դա արդեն հետաքրքրում է ինչ֊որ մեկին։

-Ի՞նչ ես կարծում, սահմանին ինչ պետք է լսեն եւ ինչ են լսում:

-Ես մեծ տարբերություն չեմ զգում սահմանում ապրող մարդու եւ քաղաքում ապրող մարդու լսած երաժշտության միջեւ։ Ճաշակով մարդը մնում է ճաշակով, կապ չունի՝ Երեւանում, թե սահմանին։ Պարզապես ցանկալի կլիներ` Հայաստանում բարձրացվեր երաժշտական ճաշակը։

-Ո՞րն ես գերադասում` երգը, թե երաժշտությունը:

-Երկուսն էլ, բայց կա մի տեղ, մի կետ, որտեղ խոսքը կարող է սպառվել։ Խոսքն այդ առումով փոքր֊ինչ սահմանափակ է՝ ի տարբերություն երաժշտության։

-Արժի՞ գումար վաստակել երգելով:

-Իհարկե, եթե դա է քո մասնագիտությունը։ Պարզապես պետք է արվի ճաշակի սահմաններում։ Չասել, թե անճաշակ երաժշտությունն այսօր լավ է վարձատրվում եւ ես դրանով եմ գումար վաստակում։ Այսինքն՝ եղիր սկզբունքային քո երաժշտության մեջ ու թող դա գնահատվի եւ վարձատրվի։

-Օրվա սիրելի ժամը եւ ինչո՞ւ:

-Երեկոյան 8֊ից հետո։ Այդ ժամերին միտքս ավելի արդյունավետորեն է աշխատում եւ երգերս էլ հենց գրվում են այդ ընթացքում։

-Հեղինակային երգերիդ թեմատիկան ո՞րն է:

-Ամեն մեկը լսելիս իրեն կգտնի դրանց մեջ։ Սիրո մասին է, ապրումների ու ներքին ձգտումների։ Կարող է լինել սիրո մասին, բայց պատմել ամբողջ կյանքդ։

-Ի՞նչ է պետք երաժիշտ լինելու համար:

-Բացի պրոֆեսիոնալ լինելուց, պետք է նաեւ գրագետ լինել։ Միայն բնատուր տաղանդը բավարար չէ։ Բացի այդ կարեւոր է` երաժիշտը չլինի ինքնավստահ, չմտածի` տարբերություն կա իր եւ շրջապատի մյուս մարդկանց միջեւ։ Եթե դու զբաղվում ես արվեստով, արդեն իսկ կյանքին այլ կերպ ես նայում։ Օրինակ, բնագետն էլ այլ կողմից է նայում։
Կյանքում ոչ մեկը չպետք է իրեն գերադասի դիմացինից։
Կյանքում կարեւոր է դրանցից յուրաքանչյուրը, բոլորը շղթայված են միմյանց։ Չկա գերադասելի եւ ստորադասելի։

-Վերջին կարդացած գրքերը:

-Ժամանակին գեղարվեստական գրականության վրա էի կենտրոնացած, բայց հիմա ավելի շատ հոգեւոր գրականություն, այսպես ասած՝ ԿՅԱՆՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ։ Ինչու ենք առաջացել եւ ուր ենք գնում։

-Ի՞նչ կասես ռաբիս երաժշտության մասին:

-Ռաբիսը մտածողություն է։ Արդեն 30 տարի կլինի, որ մենք այդ հետընթացի մեջ ենք։


Մոնիկա ՄԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031