Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվել է, իհարկե

Օգոստոս 14,2019 12:00

Վերջերս Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում, Արցախի պուրակի դիմաց, արգելակեցի ավտոմեքենաս՝ հետիոտնին ճանապարհը զիջելու նպատակով: Մեքենայիս շարժիչն անսովոր ձեւով մարեց:

Ես մի քանի անգամ փորձեցի նորից կարգի գցել այն, սակայն ապարդյուն: Երկու երիտասարդ, երեւի նկատելով մեքենայից իմ «տագնապով ելումուտը», մոտեցան, մեքենան հրելով հեռացրեցին բանուկ մասից: Ես բացեցի շարժիչի ծածկոցը եւ մնացի մոլորված կանգնած, քանի որ, եթե փողոցային երթեւեկության կանոններին լավ եմ տիրապետում, սակայն արտասահմանյան արտադրության իմ ավտոմեքենայի ինչպես շարժիչից, այնպես էլ շարժական մեխանիզմից բացարձակ «անգրագետ եմ»…

Այդ պահին ինձ մոտեցավ ճանապարհային ոստիկանության տեսուչը, ծանոթացավ իրավիճակին, եւ իմանալով, որ ճոպան չունեմ, սկսեց ճոպան որոնել ու գտավ: Ապա գործընկերոջը կարգադրեց ՃՈ մեքենան մոտեցնել եւ ինքն էլ ճոպանը կցեց իմ եւ ՃՈ մեքենաներին, նստեց մեքենայիս ղեկին, ուղեկցեց մինչեւ ավտոնորոգման արհեստանոց, ճոպանն անջատեց, ապսպրեց վարպետին գտնել-վերացնել շարժիչի անսարքությունն ու հաջողություն մաղթելով ինձ, հեռացավ գործընկերոջ հետ՝ ծառայությունը շարունակելու համար:

Ճանապարհային ոստիկանների այս գովելի վերաբերմունքից սիրտս սիրով ու ջերմությամբ լցվեց: Մինչ վարպետը, ոստիկաններից ոչ պակաս բարյացակամությամբ, գտավ ու վերացրեց շարժիչի անսարքությունը, ես մտածում էի, թե ինչո՞ւ էին նախկինում ՃՈ տեսուչ-վարորդ հարաբերություններում մի տեսակ «թշնամական տրամադրություններ» ձեւավորվել: Եվ մի՞թե դրականորեն չի փոխվել մեր վերաբերմունքն իրար նկատմամբ:

– Փոխվել է, իհարկե: Շատ բան է փոխվել Հայաստանում ու դեռ փոխվելու է,- մտածում էի ինքնագոհ:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում ՃՈ կապիտան Սերգեյ Գոգչյանին եւ ավագ լեյտենանտ Աղասի Եղշատյանին, «ձախորդ» օրս նորօրյա բարյացակամությամբ լցնելու համար:

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
13.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031