Ինչպես տեղեկացրել ենք, դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ իր տան մոտակայքում դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործի նախաքննությունն ավարտվել է, այն մոտ օրերս կուղարկվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Կասկածյալը 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է, մինչև օրս անհայտ է մնում, թե ի՞նչն է դրդել նրան վաղ առավոտյան աշխատանքի գնացող կնոջը դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու։
Տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են, նրանց հստակ պատասխաններ չեն ստացել մի շարք հարցերի շուրջ, դրանք քննության շրջանակներում չեն դիտարկվել։
Փաստաբանները ոչ միայն միջնորդել էին ռուսական ռազմաբազայում պահվող Անդրեյ Ռազգիլդեևին տեղափոխել հայաստանյան որևէ քրեակատարողական հիմնարկ, այլև միջնորդել էին պարզել, թե արդյո՞ք Ջուլիետա Ղուկասյանին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվել է, եղե՞լ է արդյունավետ այդ բժշկական օգնությունը, թե՞ ոչ, ի՞նչ ընթացակարգով է Ա․ Ռազգիլդեևը ծառայության անցել Գյումրիի ռուսական ռազմաբազայում, արդյոք պահպանվե՞լ են ընթացակարգերն ու չափորոշիչները։
Բացի այդ, ինչպես տեղեկանում ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կայքից փաստաբանները միջնորդությամբ անհասկանալի էին համարել, թե ինչու Ա․ Ռազգիլդեևին մեղադրանք չի առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով (սպանությունը), այլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ)։
Կարդացեք նաև
Aravot.am- ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն ասաց․ «Այս քրեական գործի ամբողջ խնդիրը, ի դեպ, ասեմ դա բաց մնաց նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության ժամանակ, այն է, որ հանցագործության մոտիվը, շարժառիթը պարզված չէ։ Եթե հիշում եք Ավետիսյանների սպանության ժամանակ միակ պաշտոնական վարկածն այն էր, որ իբր թե Պերմյակովը գումար էր փնտրում, որպեսզի այդ գումարով տեղափոխվի Թուրքիա և Թուրքիայից գնա Ռուսաստան, ընդ որում խոսքը 8000 դրամի մասին էր, որի դրդապատճառով մտել էր Ավետիսյանների տուն պատահական, բայց բոլորին գնդակահարելու մոտիվը չբացահայտվեց։
Նմանապես նաև չբացահայտվեց Ջուլիետա Ղուկասյանինը, ի դեպ, ասեմ մարմնական վնասվածքների ծանրության աստիճանը հիմք է տալիս ենթադրելու, որ դա դիտավորյալ գործողություն է, բայց ո՞րն է այդ գործողությունների դրդապատճառը, վերստին այս գործի մեջ բացահայտված չէ, չկա, իսկ դա նշանակում է, որ հանցագործությունը չի կարելի համարել բացահայտված և հետևաբար իրավական գնահատականը չի կարող լինել հիմնավոր»։
Թե ի՞նչ ընթացակարգով են Ռազգիլդեևին ծառայության ուղարկել Գյումրիի ռուսական ռազմաբազա,Արթուր Սաքունցն ասաց․ «Սրանք այն նույն հարցերն են, որոնք մենք նաև Պերմյակովի սպանության գործի ժամանակ ենք բարձրացրել, այսինքն՝ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում ծառայության անցնելու հետ կապված ինչ չափանիշներ, ինչ մոտեցումներ կան սահմանված, և դրանք պարզել են արդյո՞ք, թե՞ ոչ։ Այսինքն ո՞ւմ են վերցնում ծառայության, ո՞ւմ են ուղարկում, ի վերջո, այլ երկրում ծառայության պիտի անցնի և պետք է պատասխանատվության աստիճանը շատ ավելի բարձր լինի զինծառայողների ընտրության առումով, որովհետև այլ երկրում են ծառայություն իրականացնում»։
Արթուր Սաքունցը նաև ասաց՝ եթե որոշում կայացվի, որ դատավարությունը տեղ է ունենալու ռազմաբազայում, իրենք կբողոքարկեն։
«Մեր միջնորդություններում անդրադառնում ենք Ռազգիլդեևի՝ ռուսական բազայի տարածքում կալանքի տակ գտնվելու հարցին, որ նա այդ ընթացքում կարող է շփումներ ունենալ քրեական գործի շրջանակում վկաների, գործով շահագրգռված այլ անձանց, այդ թվում հրամանատարության հետ, որն արձանագրելու, կանխելու և անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորությունը քննչական մարմինը չունի, որովհետև վերահսկողությունից դուրս է։
Եվ դատաքննության իրականացումը ռուսական բազայի տարածքում վերստին չի կարող համարվել ընդունելի, որովհետև նույն խնդիրները մնում են նաև այս գործի շրջանակներում, որովհետև դատական նիստն ավարտվեց, նիստից հետո գտնվելով ռուսական բազայի հսկողության տակ՝ մենք չգիտենք, թե այդ ընթացքում Ռազգիլդեևի վրա ինչ հնարավոր ազդեցություններ կարող են լինել ռուսական բազայի ծառայողների, հրամանատարների, գործով շահագրգիռ այլ անձանց կողմից, որոնք էականորեն կարող են ազդել հետաքննության օբյեկտիվության, անկողմնակալության վրա։ Երրորդ գործոնի կամ գործի հետ առնչություն ունեցող գործոնների բացասական ազդեցությունը դատաքննության վրա նույնպես առկա է, և դրա կասկածները մնում են, իսկ դրանք բացառելու հնարավորությունները բացակայում են, եթե նա շարունակի մնալ ռուսական բազայում, ինչպես նաև Պերմյակովի դեպքում»։
Նշենք, որ որպես Ռազգիլդեևի ձերբակալման վայր նշված է՝ քաղաք Գյումրի, Արթուր Սաքունց ասում է, որ մինչև հիմա էլ չեն հասկանում, թե Ռազգիլդեևին որտե՞ղ են ձերբակալել՝ ռուսական ռազմաբազայի տարածքո՞ւմ, թե՞ տարածքից դուրս։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա․ Սաքունցն ու Արայիկ Զալյանը 2019թ․ հուլիսի 19-ին Ա․ Ռազգիլդեևին ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը մերժելու Շիրակի մարզի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումները բողոքարկել են Վճռաբեկ դատարան։
Եթե այս ատյանում մերժում ստանան, կդիմեն Եվրոդատարան։
Ջուլիետա Ղուկասյանի լուսանկարը՝ «Ազատություն» ռադիոկայանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ