Արտուրո Բալբինոն անօրինական եղանակով Միացյալ Նահանգներ է ժամանել 14 տարի առաջ։ Այժմ նա ունի ամերիկացի կին ու երեխաներ։ Ունի նաեւ աշխատանքի մասին շինարարական մի ընկերությունից նամակ։
Սակայն անցած մարտ ամսին նրա գրին քարթի դիմումը ստացել է մերժում։ Պատճա՞ռը։ Պատճառն այն է, որ նրա ընտանիքն օգտագործել է սննդամթերքի կտրոններ եւ օգտվել ցածր եկամուտ ունեցող անձանց համար նախատեսված բժշկական Մեդիքեյդ ապահովագրությունից։
Բալբինոյի նման շուտով շատերը կկանգնեն նման իրավիճակի առջեւ, երբ իշխանությունները կմերժեն նրանց օրինական բնակության իրավունքը, քանի որ կհամարվեն բեռ՝ հարկատու ամերիկացիների համար։ Օրենք, որի մասին ԱՄՆ-ի վարչակազմը հայտարարեց երկուշաբթի օրը։
Ինչպես ԱՄՆ-ի Քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունների տնօրենի պաշտոնակատար Քեն Կուչինելլին է բացատրում, «նախագահ Թրամփի վարչակազմը ցանկանում է խրախուսել ինքնաբավություն և անձնական պատասխանատվություն, այնպես որ ներգաղթյալներն աշխատեն իրենք իրենց ընտանիքների հոգսերը հոգալու համար եւ այդ եղանակով հասնեն հաջողության ԱՄՆ-ում»։ Նրա խոսքերով, Միացյալ Նահանգները չի ուզում որ օտարներն այստեղ լինեն պետությունից ֆինանսապես կախյալ։
Կարդացեք նաև
«Ֆինանսապես կախյալ» եզրն ԱՄՆ-ու նշանակում է ստանալ պետական որեւէ նպաստ ու ֆինանսական աջակցություն ավելի քան 12 ամիս։ Նշված օրենքը ուժի մեջ չի կարող մտնել մինչեւ հոկտեմբերի կեսը, սակայն դրա շուրջ արդեն իսկ առաջ է եկել մեծ անհանգստություն։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: