Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարությանը Փաշինյանին. «Ոչ ոք չգիտի, թե «Սանիթեքի» հետ պատմությունն ինչպես կվերջանա»

Օգոստոս 13,2019 19:01

Քաղաքապետարանը հիմնել է Երեւանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկ, սա ապահովելու է Երեւանի մաքրությունը: Այս մասին հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատանքային քննարկման ժամանակ: Այս քննարկումն ուղիղ եթերով հեռարձակվում էր Փաշինյանի ֆեյսբուքյան էջում: Մարությանը նաեւ տեղեկացրեց՝ այս պահին համայնքային այդ հիմնարկն ունի 16 մեքենա, նոր են ձեռք բերել: «Լրիվ յուղը վրեն»,-կատակեցին վարչապետն ու քաղաքապետը: 10 հատ նոր մեքենա էլ պատվիրել են, ավելի փոքր չափսերի, ինչպես քաղաքապետն ասաց՝ որպեսզի կարողանան բակեր մտնել: Այս մեքենաները տեղ կհասնեն սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին, 8000 հատ էլ պլաստիկից աղբաման են պատվիրել, դրանք ավելի մատչելի են եւ բարձր որակի:

Քաղաքապետը վստահեցրեց՝ հիմա Դավիթաշեն վարչական շրջանում աղբահանությունն իդեալական է.«Մեր մեքենաներն են մաքրում»: Մյուս համայնքներում այլ պատկեր է: Մարությանն ասաց, որ նույնիսկ ճանապարհաշինական տեխնիկան էին օգտագործում.«Բայց «Սանիթեքը» կարծես լրիվ չէր աշխատում: Ասում են՝ ամեն ինչ անում ենք, բայց մեքենա էլ չունեն, մեկ էլ կեսից կանգնում է մեքենան: Նկարներ են գցում ցանցում, ասում՝ «Սանիթեքի» մեքենան կանգնած է: Չգիտեմ՝ սաբոտա՞ժն է, թե՞ փչացել է»:

Աղբահանության վիճակի մասին Մարությանն ասաց.«Այսօր մի փոքր իջել է ֆոնը եւ գնալով իջնելու է: Մի փոքր բարձրանալու է սեպտեմբերին, որովհետեւ մեծ թվով քաղաքացիներ հիմա հանգստանում են, հետ են գալու, աղբը շատանալու է, բայց մեքենաներն էլ գալիս են»:

Դատական գործընթացների մասին էլ քաղաքապետն ասաց. «Ոչ ոք չգիտի, թե «Սանիթեքի» հետ պատմությունն ինչպես կվերջանա, որովհետեւ մենք ասում ենք՝ եթե դուք լավ անեք, խնդրեմ, արեք, բայց եթե չանեք՝ մենք պետք է անենք: Մյուս կողմից ես չեմ կարող ե՛ւ իրենց գումարը տամ եւ էս կողմի գումարը տամ: Այս պահին այն գումարը, որ մենք ծախսում ենք մեր հիմնարկի աղբահանության համար, այդ չափով «Սանիթեքը» չի ստանալու: Մենք տուգանում ենք իրենց չկատարվող աշխատանքի համար: Ես իրենց ասել եմ՝ կամ պետք է անեք, կամ չեք անելու: Մեր իրավաբանական թիմը շատ վստահ ասում է, որ ամեն պահի մենք կարող ենք խզել, լուծել պայմանագիրը: Մենք մոտակա ժամանակներում պետք է այս հարցը լուծենք, դրա համար իրենց ասել ենք՝ ունեք ժամանակ, մտածեք, ուզո՞ւմ եք Երեւանում աղբահանություն իրականացնել, թե՞ ոչ, որովհետեւ այսպես չի կարող շարունակվել»: Մարությանն ասաց՝ 12 տարվա, այսպես ասած՝ մենաշնորհային պայմանագիր է, դեռ 4 տարի է աշխատում են, իսկ 8 տարի չեն կարող հանդուրժել նման աշխատանք:

Փաշինյանն էլ հորդորեց, որ աշխատանքները հնարավորինս արդյունավետ կատարեն, քաղաքացիներն այդ փոփոխությունները զգան:

Վերջում Փաշինյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ու նաեւ կատակելով՝ իբրեւ թե հարվածում է Մարությանին, ասաց. «Պատկերացնում եմ տարբեր կողմերից ինչ ճնշումների եք ենթարկվել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031