Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ունենք փոխըմբռնման մթնոլորտ. Արայիկ Հարությունյան

Օգոստոս 13,2019 19:22

Այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել:

Արցախում ունենք փոխըմբռնման մթնոլորտ. Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին:

«Վերջին մի քանի ամիսներին մեր երկրում ծավալված ներքաղաքական զարգացումները չէին կարող իրենց բացասական հետևանքները չունենալ հանրային տրամադրությունների վրա:

Հասարակության շրջանում առկա որոշակի լարվածության մասին ազդակներն ամեն օր ստանում էի թե՛ կուսակցականների և թե՛ տարբեր սոցիալական խմբերի հետ իմ ամենօրյա շփումների ժամանակ: Հավատացնում եմ բոլորիդ, որ այս ընթացքում ջանք ու եռանդ չենք խնայել, որպեսզի երկրում վերականգնենք բնականոն վիճակը՝ Արցախը հեռու պահելով ամեն տեսակ ներքին ցնցումներից: Իհարկե, դրա պատճառով չենք խուսափել ո՛չ թիրախավորումներից և ո՛չ էլ շահարկումներից, բայց, կարծում եմ, կարևորը արդյունքն է: Այսօր կարող եմ հայտարարել, որ Արցախում ունենք համերաշխության և փոխըմբռնման այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը սպասվող համապետական ընտրություններում կարող են առողջ և քաղաքակիրթ պայքար ծավալել»,- գրել է Ա. Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետի խոսքով՝ այս գործում, միանշանակ, իրենց անուրանալի դերն են ունեցել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած վերջին այցը և Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռամիասնությանն ուղղված պատմական ելույթը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ ներքին միասնականության պահպանմանն էին ուղղված նաև Սամվել Բաբայանի հետ իր ունեցած հանդիպումներն ու քննարկումները:

«Այս դեպքում ևս շահարկումներից զերծ չմնացինք: Կրկին պնդում եմ, որ այդ հանդիպումները հետապնդում էին բացառապես կառուցողական նպատակ՝ հիմքում ունենալով երկրի շահը: Եվ ողջունելի է Սամվել Բաբայանի հայտարարությունն այն մասին, որ, հանրահավաքային պայքարի փոխարեն, իշխանության ձևավորման գործընթացի համար ընտրել են ընտրություններին մասնակցելու սահմանադրական ճանապարհը:

Ողջունելի է նաև ԱՀ Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի՝ Արցախում օրինակելի ընտրությունների անցկացմանը իր պատրաստակամությունը բերելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս մթնոլորտը թույլ է տալու ազատ, արդար և մրցակցային պայքարում Արցախում ձևավորել լեգիտիմ իշխանություններ՝ առանցքում ունենալով մայիսի 21-ին Մարտունի քաղաքի Հաղթանակի հրապարակում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ իմ կողմից հնչեցրած այն միտքը, որ ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը:

Կեցցե՛ Արցախը:

Կեցցե՛ մեր միասնական ու հզոր Հայրենիքը»,- գրել է Ա. Հարությունյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031