«Հանուն Հավասար իրավունքների» ՀԿ-ն մեդիատուր էր կազմակերպել Տավուշի մարզ, որի շրջանակներում այցելեցինք մի շարք համայնքներ՝ Աչաջուր, Բաղանիս, Ազատամուտ, Բերդավան եւ այլն: Ուշագրավ էր, որ համայնքապետերի աշխատասենյակներում զինանշանի կողքին դատարկ էին մնացել պատի մեխերը, որոնց վրա նախկինում կախված էր Սերժ Սարգսյանի նկարը:
Անգամ դաշնակցական գյուղապետ Նարեկ Սահակյանը, որը Բաղանիս համայնքի ղեկավարն է եղել մինչ խոշորացումը, իր աշխատասենյակում դատարկ էր թողել այդ մեխը: Տավուշի մարզպետարանում նույն պատկերն էր, մեխն անգամ պատից հանված չէր, այն խորհրդանշական ձեւով մնացել էր զինանշանի եւ դրոշի կողքին:
Կարդացեք նաև
Aravot.am-ը Նարեկ Սահակյանից հետաքրքրվեց՝ դաշնակցական գյուղապետ եք, ՔՊ-ական իշխանությունների հետ ո՞նց եք աշխատում: Նա պատասխանեց. «Կարճ կապեմ՝ խնդիր չունեմ, չեմ էլ ունեցել նախկին իշխանությունների հետ»: Մեր դիտարկմանը, որ նախկին իշխանությունների հետ պարզ է, որ խնդիր չէիք ունենա, կոալիցիոն գործընկեր էիք ՀՀԿ-ի հետ՝ նա արձագանքեց. «Ներկայիս իշխանությունների հետ էլ չունեմ: Ոնց այն ժամանակ եմ աշխատել, նույն ձեւ էլ հիմա»:
Նա ասաց, որ իր առաջ երբեւիցե հրաժարականի պահանջ չի դրվել:
Հարցին՝ դուք աշխատել եք ե՛ւ Սերժ Սարգսյանի օրոք, ե՛ւ Նիկոլ Փաշինյանի օրոք, փոփոխություն նկատե՞լ եք՝ նա պատասխանեց. «Փոփոխությունների համար տարի ու կեսը շատ քիչ է, որ գնահատական տանք բացասական, կամ գնահատական, բայց ես չեմ հիշում մի հատ դեպք, որ Բաղանիսում որեւէ պետական միջոցներով ծրագիր արված լինի: Չի եղել ուղղակի, միշտ էլ արել ենք դոնորների միջոցով, հիմնադրամների միջոցով: Համենայնդեպս, ինձ համար Բաղանիսի գյուղապետ լինելը համարում եմ առաքելություն: Թե կառավարությունը ով կլինի, ով չի լինի՝ ես իմ խաչը ժողովրդի հետ կկրեմ: Մենք ճշտեցինք՝ այսինքն, այնպես չի, որ այն ժամանակ «ատկատ» էիք անում, կոռուպցիոն գործարքներ էիք անում մարզպետի հետ, հիմա չեք՝ անում՝ Սահակյանը պատասխանեց. «Չէ, չէ, չէ: Էս կառավարությունից գյուղացուն, սահմանամերձ գյուղերին որ 0 տոկոս վարկ տրվեց, դա ահագին աջակցություն էր, որովհետեւ ահագին մարդիկ կան, որ օգտվեցին, անասնագլխաքանակ ավելացրին: Դա բավականին մեծ բան էր: Բաղանիսում դրանից օգտվել են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ճիշտ եք նկատել,այն դատարկ է մնացել…..