Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ, զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հանելուկ է համագյուղացիների ու գյուղապետի համար:
Մինչեւ հիմա համագյուղացիների համար հանելուկ է նաեւ Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ Ադրբեջանի սահմանից այն կողմ հայտնվելը:
Ինչպես հայտնի է, Կարենը դուրս էր եկել՝ ջուր խմելու, ինչ-ինչ հանգամանքներում սահմանից այն կողմ հայտնվել ու Ադրբեջանի տարածած տեսանյութերում դարձել «դիվերսանտ-ահաբեկիչ»:
Aravot.am-ի հետ զրույցում բերդավանցիները պատմեցին, թե ինչ ապրումների մեջ են մինչ օրս Կարեն Ղազարյանի լուրը լսելով: Լարիսա Անտոնյանի խոսքով՝ «Բոլորս սթրեսի մեջ ենք: Ոչ «ռազվեդչիկ» է եղել, ոչ մի բան, էդ տղեն «վայեննիի» հետ կապ չի ունեցել, որ էն երեխուն տարան ու դատապարտեցին 20 տարով: Որպես հիվանդ՝ չի էլ ծառայել բանակում: Մեր համար հանելուկ մնաց Կարենի անհետանալը: Խոսակցություններ են գնում, որ ինչ-որ խումբ է եկել, տարել: Բայց դա մենակ ինքը կիմանա, թե ինչ է կատարվել, մեկ էլ ոնց ասում են՝ վերեւի Աստվածը: Ինքը կիմանա, թե ոնց է հայտնվել Կարենն այնտեղ գիշերվա ժամը 2-ին: Դե որ ինքը հոգեկան շեղում էլ է ունեցել, ամեն ինչ կարաս մտածես, մարդ ես»:
Կարդացեք նաև
Բերդավանցիներն ասացին, թե լսել են, որ հակառակորդները Կարեն Ղազարյանին բռնել են՝ վրեժ լուծելու համար. «Թուրք «ռազվեդչիկների» զույգ եղբայրներ կան չէ՞ էստեղ, որ Ղարաբաղում «աֆիցեր» էին սպանել, մեկ էլ մի հատ սովորական բնակչի, խոսակցություն կա, որ Կարենին դրա համար են բռնել, որ նրանց հետ փոխեն: Բայց եթե էս տղեն ԶՈՒ-ի հետ ոչ մի առնչություն չունի, դա հնարավոր չի, ուղղակի ասեկոսեներ են: Լավ կլիներ, որ մի բան անեին, գոնե էդ տղուն ինչ-որ ձեւով հետ բերեին, մեղք է: Մայրն ուսուցչուհի է, շատ լավ մարդիկ են՝ խելոք, իրենց քրտինքով, ազնիվ աշխատանքով ապրող մարդիկ են: Ճիշտ է, էդ երեխեն էլ հիվանդ է եղել, բայց ոչ մեկին ոչ մի վտանգ չի եղել, ոչ մի վատ բան չի արել, տարօրինակ վարք չի ունեցել: Հանելուկ մնաց, թե ոնց է եղել»:
Բերդավանցիներից մեկն էլ՝ Սեդա Ամիրաղյանն ասաց, որ Կարեն Ղազարյանի տունը սահմանին շատ մոտ է՝ վերջին տունն է. «Թե իրենք եկել են, տարել են, թե ոնց է եղել, էդ պահին ինչ է եղել, արդեն մենակ ինքը գիտի»:
Հարցին՝ վտանգ չե՞ք զգում ձեր համար, որ աննկատ սահմանն անցնեք՝ նա պատասխանեց «Ամեն րոպե էլ վտանգ կա: Երեխաների համար էլ, որ նույնիսկ ուշ ժամ է լինում, դարբասը փակ չի լինում, վախենում ենք: Ամեն ինչի վտանգ կա, ամեն ինչի էլ սպասողական ենք, Կարենի դեպքից հետո՝ առավել եւս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ