Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը «Սանիթեքի» մասին. «Մի հատ մտածենք՝ Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ում եղբայրը… բոլորս էլ հասկանում ենք ում մասին է խոսքը»

Օգոստոս 13,2019 17:28

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ վարչապետի գրասենյակում ուղիղ եթերում քննարկում էին մայրաքաղաքի աղբահանության խնդիրը, նաեւ «Սանիթեքի» հետ պայմանագրային հարաբերությունները: Քաղաքապետը տեղեկացրեց, որ «Սանիթեքի» պայմանագրին կից ներկայացված է, որ աշխատանքային փորձ ունեն Լիբանանում եւ Նիգերիայում: Իսկ այս ընկերության ղեկավարը ասուլիսին լրագրողի հարցին ի պատասխան աշխատանքային փորձի մասին ասել է, որ նման փորձ ունի Թուրքիայում եւ Ալժիրում:

«Մի ընկերություն, որ հայտարարում է, որ Լիբանանում աղբահանություն է իրականացրել… գուգլում որոնում ենք, բերում է լուսանկարներ աղբահանության կրիզիսի մասին»,-ասաց Մարությանը: Փաշինյանը փորձեց հեռախոսով ստուգել, բայց ինչ-որ խնդիր առաջացավ, չշարունակեց որոնումը:

Մարությանը հայտարարեց. «Սանիթեքը» չի կարողանում կատարել իր վրա դրված պարտականությունները, այն դեպքում, երբ գումարը ժամանակին վճարվում է, այս տարի այն մոտ 5.2 միլիարդ դրամ է, ու գումարներն այս ընկերությանը ժամացույցի ճշգրտությամբ փոխանցվում են»:

Բացի այս, քաղաքապետն ասաց, որ ընկերության հետ կնքած պայմանագրով աղբատար մեքենաների քանակ նշված չէ, այսինքն՝ պարտավորություն չկա, թե ինչ քանակի մեքենա պետք է ունենա, բայց պայմանագրով ամեն տարի պետք է ապահովեն 16 հազար մետաղական աղբամաններով, մինչդեռ այսօր դրանք 99 հատ են, մնացածը՝ մոտ 5 հազար են. «Իրենք ասում են՝ 8000 պետք է լինի: Օքեյ»:

Պայմանագրով նախատեսված է, ինչպես Մարությանն ասաց, որ աղբամանի մեջ 80 տոկոսից ավելի աղբ լցված չպետք է լինի, եթե լինի՝ պետք է քաղաքապետարանը զգուշացնի, որ 3 ժամում սխալը շտկվի, եթե չշտկի՝ քաղաքային իշխանությունն իրավունք ունի տուգանելու:

«Ասում են՝ տուգանքներն անհիմն են, ասում են՝ տուգանքն ազդել է ընկերության աշխատանքների վրա: 6 ամսում մեր տուգանքները մեր տված գումարի 3 տոկոսն է կազմում»,-ասաց Մարությանը:

Մարությանն ասաց, որ «Սանիթեքն» առաջարկել է աղբահանության համար նախատեսված բյուջեն ավելացնել, սակայն քաղաքապետարանը մերժել է. «Ասացի, եղբայր, կներեք, չեմ կարող, սա իմ գրպանը չէ, սա 1 միլիոն մարդու գումարն է, նրանք ինձ պատվիրակել են, որ այդ ծախսերը ճիշտ վարվեն»: Քաղաքապետն ասաց, այս ընկերությունը ստորագրել եւ համաձայնել է 12 տարով պայմանագրային գումարով քաղաքը մաքրել: Քաղաքապետն «Սանիթեքին» առաջարկել է պայմանագիրը խզել, նոր մրցույթ հայտարարել, «Սանիթեքն» էլ գա ու իր նախընտրած գումարն առաջարկի: Ընդ որում, ինչպես Փաշինյանը հստակեցրեց, նոր մրցույթի դեպքում, միեւնույն է, քաղաքի մի հատվածի աղբահանությունը շարունակելու էր «Սանիթեքն» իրականացնել, մրցույթը մյուս մասին էր վերաբերելու: Ընկերությունը հրաժարվել է այս առաջարկից:

Մարությանը հայտարարեց. «Սանիթեքն» ամեն ամիս գումարը ստանում է, բայց ծառայությունը նորմալ չի մատուցում, ու գումար է ավելանում, դա որպես դիվիդենտ տանում են: Ես զգացի, որ ձգձգում են, որ համայնքի մեքենաների չէին ուզում վարձակալել, իրենց մեքենաներն էլ չեն բերում: Ձգձգում էին պատասխանը մոտ 2 ամիս տեւում էր»:

Երեւանի քաղաքապետն ասաց, որ առաջարկել էր աղբամաններն ավելացնել, բերել նոր 2000 հատ աղբաման, ընկերությունն ասել էր՝ 1500 հատ կարող ենք բերել: Քաղաքապետի ասած՝ «օքեյ»-ը ստանալուց հետո, «Սանիթեքն» ընդամենը 200 հատ աղբաման է բերել եւ վերջ, էլ չեն բերել: Ընդ որում, ըստ Մարությանի, նման պայմաններում «Սանիթեքը» քաղաքապետարանի առջեւ պայման է դրել՝ ներդրում անելու դեպքում երաշխիք տալ՝ որ ինչ էլ լինի՝ մինչեւ պայմանագրի ժամկետի ավարտն ինքը մնալու է միակ օպերատորը. «Երաշխիքը պայմանագիրն է երկու սուբյեկտների միջեւ»:

Փաշինյանն արձագանքեց.« Այստեղ ես, ուրիշ… այդ ամենի հետ կապված՝ ընկերության, իր կապերի, իր մատակարարների հետ կապված ուրիշ տեղեկություններ կան, բայց քանի դեռ դրանք ճշտված չեն, ես այսօր հարկ էլ չեմ համարում… Եթե մի հատ մտածենք, ասենք՝ Լիբանան, Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ո՞ր նախկին բարձրաստիճան պաշտոնյայի, որ չգիտեմ…»: «Եղբայրը…»,-միջամտեց Մարությանը: Փաշինյանն էլ շարունակեց.«Եղբայրը… չասենք ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկանում ենք՝ ում մասին է խոսքը: Այստեղ նյուանսներ կան: Ամենասկզբից մրցույթի, որ ասում եք կեղծ փաստաթղթեր կան»:

Փաշինյանը կասկածելի համարեց «Սանիթեքի» խախտումների համար պատասխանատվության չենթարկելը. «Էդ պայմանագրային պարտավորությունները եղել են 2013-ից մինչեւ 2015-ը, չէ՞, պայմանագիրը չի փոխվել, էդ ինչպե՞ս է պատահել, որ նախկին իշխանությունները չեն նկատել, որ պայմանագրի կետերը չեն կատարում, օրինակ՝ մետաղյա աղբամանների փոխարեն բերել ու տեղադրել են պլաստիկի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031