2007 թվականից սկսած Տագանրոգ քաղաքը ներկայացնող ‹‹Կոբաթ›› ֆուտբոլային ակումբը մասնակցում է Համահայկական խաղերին: Նախորդ տարիներին ակումբը երկու անգամ արծաթե մեդալակիր է դարձել, սակայն ըստ թիմի նախագահ Կարեն Մկրտչյանի՝ այս տարի ակումբը եկել է ոսկե մեդալ նվաճելու:
‹‹Համահայկական ամառային 7-րդ խաղերը սկսել ենք հաղթանակով: Մեր թիմի յուրաքանչյուր մարզիկի համար շատ կարևոր է սա, քանզի գալով մեր երկիրը՝ Հայաստան, ավելի շատ ենք շփվում հայերի հետ, ձեռք ենք բերում նոր ընկերներ, բացի այդ, մեծանում է նաև մարզիկների փորձը››,- ասաց ակումբի նախագահ Կարեն Մկրտչյանը:
Նրա կարծիքով՝ լավ էին կազմակերպված խաղերը, հատկապես, շատ տպավորիչ էր բացման արարողությունը:
Համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցում են տարբեր մարզաձևեր ներկայացնող թիմեր: Գևորգ Չոբանյանը՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքից, հանդես է գալիս վոլեյբոլ մարզաձևում:
Կարդացեք նաև
‹‹Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում համահայկական խաղերին: Շատ տպավորիչ էր բացման արարողությունը, իմ կարծիքով՝ այս տարի կազմակերպումը ավելի բարձր մակարդակի վրա էր››,- ասաց Գևորգ Չոբանյանը:
Ըստ Գևորգի՝ համահայկական խաղերն, առաջին հերթին, նպաստում են հայրենադարձությանը, բարձրացնում մարզիկների հայրենասիրական ոգին և Հայաստանում ու երկրից դուրս ապրող հայերին հնարավորություն տալիս ավելի լավ ճանաչել միմյանց:
Դուբայի շախմատի թիմը ներկայացնող Ադրինե Մկրտչյանը առաջին անգամ է մասնակցում Համահայկական խաղերին: Գալով Հայաստան` Ադրինեն ասում է, որ տպավորությունները շատ հուզիչ են եղել:
‹‹Խաղերից հետո մենք շուրջպար էինք բռնել, քոչարի էինք պարում: Այս միջավայրն ինձ շատ հոգեհարազատ է դարձել, ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված››,- ասաց Ադրինե Մկրտչյանը:
Ըստ նրա, երբ շուրջդ աշխարհի տարբեր մասերից հավաքված հայեր են և հենց Հայաստանում, միայն այդ փաստը բավական է երջանիկ լինելու համար:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայություն