Բաղանիսը սահմանապահ, սահմանամերձ գյուղ է, որի բնակիչներն արցախյան ազատամարտի տարիներին ակտիվորեն մասնակցել են գյուղի պաշտպանությանը: Այսօր թվում է, թե գյուղն ապրում է խաղաղ պայմաններում, բայց կրակոցներ լսում են գրեթե ամեն օր, քնելիս չեն մոռանում դարպասները փակել, արտառոց ձայների դեպքում իջնել թաքստոցներ:
Բաղրամյանների բազմանդամ ընտանիքը գյուղի վերջին տանն է ապրում՝ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այն աստիճան մոտ, որ հյուրասենյակի պատուհանից անզեն աչքով երեւում են հակառակորդի տրակտորները: Տունը գտնվում է հակառակորդի ուղիղ նշանառության տակ:
Տանտիկինը՝ Նաիրա Հարությունյանը, Բաղանիս հարս է գնացել Վանաձորից: 22 տարի է՝ ապրում է Բաղանիսում, 3 երեխա է ունեցել ու մեծացրել այդ տանը:
Կարդացեք նաև
Ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, մայրը չի աշխատում, ամուսինը զբաղվում է անասնապահությամբ: 3 ամիս առաջ ընտանիքը զրկվել է նպաստից, քանի որ երեխաներից մեկը դարձել է չափահաս ու միավորներն արդեն չեն բավականացրել:
Մեր հարցին՝ ի՞նչ եք ակնկալում իշխանություններից՝ կինը հպարտորեն հայտարարեց. «Ես ոչինչ էլ չեմ ակնկալում, ես հույսս դնում եմ ի՛մ վրա: Սահմանին ապրող…հույսս կորցրել եմ»,- ասաց տիկին Նաիրան ու մեզ ուղեկցեց իրենց տուն: Կրակոցներից ծակծկված, գրեթե ցանց դարձած հյուրասենյակի առաստաղն ու պատերը ցուցադրելով՝ նա ասաց. «Էս մեր տունն ա, էս մեր կրակոցներն են, ստեղ կաթում ա, ստեղ տան դուռ է եղել, մենք փակել ենք, որովհետեւ կրակոցի ժամանակ չէինք կարում դուրս գանք, երեխեքը մնում էին մեջին, սենց պատուհանով փամփուշտը ներս է մտել…Ամեն ինչ էլ ունենք, բայց հույս չունենք: Ամբողջ տանիքն ավերված է, ոչինչ չունենք, շատ մեծ ծախս է պետք, չենք կարա վերանորոգենք… Վերջին կրակոցը 29-ին կամ 28-ին է եղել, ճանապարհի վրա է եղել: Մենք ապահովագրված չենք՝ արդյոք կգա՞ գյուղի վրա, թե՞ չի գա: Երբ կրակում են՝ կամ գնում ենք նկուղ, թաքնվում ենք, կամ էլ գնում ենք հարեւանինն ավելի ապահով է, մերը ապահով չի»:
Կնոջ խոսքով՝ «Ես ոչ մեկից պահանջելու բան չունեմ, ուզում եմ իմ երեխեքը հանգիստ քնեն, բոլորիս երեխեքը: Ուզում եմ մենք հանգիստ քնենք, վեր կենանք, հանգիստ էդ երեխան գնա դպրոց, հետ գա, գիտենամ, որ ոչ թե մի հատ արկ տրաքի, մենք վազենք դուրս թռչենք, տեսնենք ում երեխուն ինչ եղավ»:
Հարցրեցինք՝ տեղափոխվել չե՞ք ուզում, պայմաններ չկա՞ն՝ Նաիրան վրա եկավ. «Առաջինը պայմանները չի, որտեղ էլ դու ուզես՝ կարաս քեզ համար պայման ստեղծես, անգամ այսպես՝ կրակի բերանին: Եղել է գնացել ենք Կիրովական, ես ինքս Կիրովականի աղջիկ եմ, բայց չեն մնացել երեխեքը, մեզ հետ են բերել, ասել են՝ եկեք գնանք, եթե մենք սահմանին կանգնած չլինենք, մեր զինվորը ո՞նց պետք է էնտեղ կանգնի…
Մենք եկանք նկուղում տեղ սարքեցինք մեր համար, որ էնտեղ մնանք՝ ուզենք, թե չուզենք: Ու մնացինք: Երկու տարի մենք մնացել ենք շատ փոքրիկ նկուղում՝ ես էի, սկեսուրս էր, իմ երեք երեխեքը մի տեղ էինք մնում, ամուսինս արդեն վերեւը: Բայց մնացել ենք, չենք գնացել: Եթե մենք ստեղ կանգնած չեղնինք, մեր զինվորը էնտեղ կանգնած աստի ո՞ւմ համար են պահում: Ո՞ւմ համար են պահում, եթե գյուղում մարդ չկա: Ես իմ փայ մտածելակերպն ունեմ, ես գիտեմ, որ ես ստեղ եմ, ուրեմն իրենք էլ գիտեն, որ երեխա կա ստեղ, ուրեմն իրենք էլ մեզ են ապահովում: Նախ իրենք են մեզ ապահովում, մենք էլ՝ իրանց: Իրենք գիտեն, որ մենք կանք ստեղ: 22 տարի է՝ ստեղ եմ ապրում ու ոչ մի անգամ էլ չեմ փոշմանել, որ ստեղ եմ, ո՛չ մի անգամ: Մենակ ուզում եմ, որ խաղաղ եղնի, մեկ էլ ուզում եմ, որ իմ գլխին չկաթա, ոչ մի բան չեմ ուզում»:
Բաղրամյանների ընտանիքի տղաներից մեկը՝ Դավիթը 14 տարեկան է, երազում է սպա դառնալ: Նա ձեռքի ափի մեջ մի բուռ կրակած փամփուշտերն առած՝ մտավ տուն: Հակառակորդի կողմից իրենց տան վրա կրակած փամփուշտներն էին: Հարցրեցինք՝ չե՞ս վախենում, երբ ադրբեջանցիները կրակում են ու նույն րոպեին մեր տված հարցից վատ զգացինք, պատասխանը զգոնացրեց. «Թող իրենք մեզանից վախեն, մենք խի՞ տենք իրանցից վախիլ: Եթե մենք վախենանք, էլ խի՞ ենք ստեղ մնըմ: Եթե մենք վախենանք՝ մեր զինվորն էլ կվախի, ըտենց ո՞ւր կհասնենք: Ավելի լավ է՝ սենց քաջ մնանք, քաջ եղել ենք՝ քաջ մնալու ենք: Մեր գյուղում «Արմֆայթինգ» ֆեդերացիա ունեք, մարզվում ենք, մեր մարզիչն էլ է միշտ մեզ ոգեւորում, ասում ա՝ տղե՛ք, ուժեղ եղեք, որ մի օր էլ դուք եք զինվոր եղնելու»:
Դավիթը խոստովանեց, որ դպրոցում այնքան էլ լավ չի սովորում, ավելի ճիշտ՝ երեք առարկաներից է գերազանց՝ ռազմագիտություն, աշխարհագրություն եւ ֆիզկուլտուրա: Մտածում է՝ դրանք են ամենաշատն իրեն պետք:
Մայրը՝ տիկին Նաիրան, ցույց տվեց Դավիթի ստացած մեդալները, դիպլոմներն ու ասաց. «Ճիշտ է, երեւակայի լավ չենք ապրում, բայց գոհ ենք մեր կյանքից»:
Երբ մտորում էինք՝ տեսնես վարչապետը եկե՞լ է Բաղանիս, գիտի՞, թե ինչ ընտանիքներ են այստեղ ապրում, հայրենիքը պաշտող երեխաներ՝ տիկին Նաիրան հակադարձեց. «Գա տի ի՞նչ անի, իրա ինչի՞ն է պետք: Էս պահին իմ նպաստը կտրել են: Ասում է՝ աղջիկդ չափահաս է դառել, միավորներդ պակաս են: Առաջին տուն եմ, առաջին գիծ եմ, օրենքով ամուսինս չի աշխատում, ես չեմ աշխատում, բայց կտրել են: Գյուլլի տակին իմ երեխեն գնում է, ներկա պահով երեխուս ոտը կոտրված է երկուկողմանի՝ տեղաշարժով: Բայց ո՞ւմ գնամ ասեմ, ոչ մեկին էլ չեմ ասում, ոչ մեկին էլ չունեմ ասելու: Բաներ կան, որ լռում ես, ո՞ւմ բողոքես: Վարչապետը եկել է, ճամփով անց է կացել: Գնամ ի՞նչ, սուտի կողքը կանգնեմ, ասի՝ ոտքն էլ ունես, ձեռքն էլ ունես, աչքն էլ ունես, վեր կաց ստիան դուրս արի: Էդպես է ասելու: Գնամ ո՞ւմ բողոքեմ: Ես նպաստ տվողին ասացի՝ մուրացկան չեմ, ուղղակի պահանջում եմ, որ իմ երեխու հասնելիքը տուր: Նպաստս 30 հազար դրամ էր, բայց էլի ալյուր էր, պեսոկը վերցնում ես, քեզ հերիք էր անում…Մենք էլի կապրենք, մեզ թող անեն հանգիստ ապրենք»:
Հարցրեցինք՝ ո՞վ չի թողնում հանգիստ ապրեն՝ նա պատասխանեց. «Օրինակ, եթե կրակոց չեղնի, իմ երեխեն հանգիստ գնա դպրոց, գա, հանգիստ քնի, չվախի, որ տունը շարժվեց՝ ուրեմն կրակոց կա, խառնվեն իրար, տենան որը որ անկյունն է մտնում, որս դռանը մնաց, որս՝ ներսում: Պահ է եղել, որ մեկս դռանն ենք եղել, կրակոցներն արդեն սկսել են, մենք մնացել ենք տենց: 2 տարեկան երեխեն գիտի, որ կրակոց եղնի՝ ինչ է անելու, ստիան երեխեն չի՛ վազելու, կյանքում չի վազելու: Էնքան է եղել դաշտում երեխեքը խաղացել են, մայր ես, սիրտդ ցավում է, ուզում ես գնաս, ձեն ես տալիս, ասում ես՝ հանգիստ կանգնի, բայց եղել է՝ վազել էլ եմ, եղել է՝ դպրոց էլ եմ գացել, բայց դե գիտեցել եմ, որ իմ երեխու կողքն եմ: Իմ երեխեն 17 տարեկան է, չեմ թող անում գյուղի ծայր գնա, ես չգիտեմ որ պահին ինչ կլինի: Դա վախ է: Կիրովականից ինձ ասեցին՝ դե, ձեր համար սովորական կեղնի: Սովորական չի՛: Ամեն օր իրա հետքն ունի, դա սովորական բան չի, որ երեխեդ կանգնած տեղը վախում է, դողում է: Իմ սկեսուրը մահ չտերում էնա: Դավիթի դողալը տենալուց ինքը մահացավ: Երեխուն որ ճիտ էինք անում երկուսով, դողում էր, հետո որ կրակոցը դադարում էր, հարցնում ենք՝ Դավիթ, դու էլի՞ ես ուզում զինվոր դառնաս, աֆիցեր դառնաս, գեներալ դառնաս: Ասում էր՝ հա, մամա, անպայման դառնալու եմ, անպայման գնալու եմ: Գեորգիիս ոտքը որ կոտրվել էր, թե ոնց եղավ՝ բժիշկն ասավ՝ դու էլ ծառայելու ի վիճակի չես, երեխեն լաց եղավ, ասավ՝ ա՛յ տղա, խալխը լաց ա եղնում, որ գնալ ոչ, դու լաց ես եղնում, որ գնա՞ս»:
Երկու եղբայր տանը նստած ծրագրում են, թե ոնց են իրենց տունը շենացնելու, տարածքը մեծացնելու:
Իսկ տունը օր օրի կրակոցներից ցանց է դառնում ու ճոճվում:
Տավուշի մարզպետարանից Aravot.am-ին վստահեցրին, որ հակառակորդի կրակոցներից վնասված տան հատվածները նորոգելու համար փոխհատուցում են տրամադրելու, առաջնահերթությունների ցուցակ կա:
Ինչ վերաբերում է նպաստը վերականգնելուն, հայտնի է, որ նպաստառուների ցուցակը երկար տարիներ ուռճացված է եղել ու այս ընթացքում դրանք «մաքրվում» են, բայց կան նպաստառուների ցուցակում ընդգրկվելու հստակ չափորոշիչներ, օրինակ, ընտանիքի եկամուտն ավելացավ կամ երեխան դարձավ չափահաս՝ նպաստից զրկվում ես, ինչպես Բաղրամյանների ընտանիքի դեպքում է եղել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նպաստառուների ցուցակի հետ կապված իր մոտեցումն ունի. «Պետք է նպաստները փոխարինենք ավելի ակտիվ ծրագրերով, առավել եւս՝ եթե աշխատող մարդիկ են: Աշխատող մարդուն պետք է օգնել, ոչ թե չաշխատող մարդուն: Ես վստահ եմ, որ նպաստը կործանարար դեր է խաղում աշխատաշուկայում ու տնտեսության մեջ ընդհանրապես եւ շատ արագ պետք է ձերբազատվել, հիմնականում անչափահաս երեխաների թվի վրա հենված լինի ու գուցե եւ տարիքի ցենզն էլ պիտի բարձրանա: Բնականաբար, սահմանամերձ գյուղն իր լրացուցիչ կատեգորիան պիտի ունենա: Կարգը սահմանամերձ գյուղում ավելի մեղմ պիտի լինի, քան այլ տեղերում, սահմանամերձ գյուղին հատուկ ուշադրություն պիտի լինի: Մենք այսօր հատուկ գյուղատնտեսական ուղղություններ ենք մշակում, որոնք կարելի է սահմանամերձ հատվածներում կիրառելի լինել, այն չի պահանջում շատ դուրս գալ ու բաց տարածքներում աշխատել: Ավելի փակ տարածքներում աշխատելու մոդել է, որպեսզի մարդկանց անվտանգությունն ապահովենք: Ես կոնկրետ այդ ընտանիքի դեպքը կտեսնեմ՝ արդյոք խնդրահարույց է եւ այնտեղ ապրելու խնդիր կա՞, թե՞ մարդիկ ուղղակի վհատվել են, որ նպաստից զրկվել են: Մենք ավելի լավ է օգնենք իրենց եկամուտ ստանալ իրենց աշխատանքով, քան թե հակառակը»:
2019-ի հուլիսի դրությամբ Նոյեմբերյանի շրջանում 776 ընտանիք ընտանեկան նպաստ է ստացել, 313 ընտանիք սոցիալական նպաստ է ստացել, այսինքն, 1089 ընտանիք հաշվառված է եղել որպես նպաստառու: Ընդհանուր մարզի կտրվածքով նպաստառու ընտանիքների թիվը 5030 է: Ընդ որում, դրա մեջ չի մտնում երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացողների, հրատապ դրամական օգնություն ստացողների թիվը:
2018-ի հուլիսի համեմատ՝ Տավուշի մարզում նպաստառուների թիվը կրճատվել է 195-ով: Բայց կրճատում ավելի շատ եղել է այլ շրջաններից, Նոյեմբերյանում նպաստառուների թիվը մի բան էլ ավելացել է 28-ով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրեցին, որ նպաստառուների ցուցակները վերանայվում են ամեն ամիս՝ տարբեր գործոններ հաշվի առնելով: Վարչապետի խորհրդականի ներգրավմամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ նպաստառուների ցուցակներն այսպես ասած «մաքրելու» համար: Ցուցակներից, ինչպես մեզ հետ զրույցում ավելի վաղ ասել էր նախարար Զարուհի Բաթոյանը, դուրս են մնալու բոլոր այն ընտանիքները, որոնք աղքատության նպաստ են ստանում եւ կասկածելի մեծ վարկեր են փակում, օրինակ՝ ամսական 1 մլն դրամ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հոդվածը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի «Լրագրողական ցանց, միջհամայնքային մեդիատուր» ծրագրի շրջանակներում կատարված այցելության ժամանակ։
Սահման պահող հայ մայր, կին…..մի վաշտ զինվորի գործ է անում : կեցցես