Այսօր մի խումբ որսորդներ եկել էին հանդիպելու Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին: Արդեն որերորդ անգամ որսորդները բողոքի ցույց են անում՝ դժգոհելով արտոնագրի վճարի բարձրացումից ու որսի շրջանին առնչվող փոփոխուիթյուններից:
Կառավարության որոշմամբ, որս անելու արտոնագիր ստանալու համար նախկին 8000 դրամի փոխարեն որսորդները պետք է վճարեն 17 040 դրամ:
Սահմանվել է նաեւ, որ միայն հանգստյան օրերին է թույլատրվում որս անել։
«Բոլորը չէ, որ հնարավորություն ունեն միայն շաբաթ կամ կիրակի օրերին գնալ որսի, քանի որ աշխատում են, սակայն ոչ մի դրական պատասխան չենք ստացել»,-ասացին որսորդները՝ հավելելով, որ առանձնապես ակնկալիքներ չունեն, որ նախարարի հետ հանդիպումը ինչ-որ բան կփոխի:
Կարդացեք նաև
Որսորդներից մեկն ասաց, որ կառավարության որոշումները անհիմն են, քանի որ նախարարությունում նստած են մարդիկ, որոնք լորն ու կաքավն իրարից չեն տարբերում, բայց դրանց վերաբերյալ որոշում են կայացնում. «Զրո գիտելիքով, որսի հետ կապված, նստած են ու որսի հարց են որոշում: Թող որոշեն նրանք, ովքեր տեղյակ են»:
Նրանց խոսքով, այս տարի որսի շրջանը նախորդ տարվանից մեկ շաբաթ ուշ է սկսում, օգոստոսի 24-ին է բացումը, եւ թույլ են տալիս միայն շաբաթ ու կիրակի օրերին որս անել:
Որսորդները նախարարին առաջարկում են «կարմիր գծերի» նման լինի վճարը. «Եթե որոշել ենք, օրինակ, աղավնի որսալ, վճարում ենք աղավնու համար եւ որսում, կամ այլ թռչունի։ Հիմա լորի որսի շրջանն է, իսկ մենք դեռ չենք կարող որսը սկսել»:
Որսորդները նաեւ վրդովված Էին, որ ոչ բոլորն են արտոնագիր ստանում, ինչի հետեւանքով որսագողությունը կավելանա: Նրանց խոսքով. «Մեր պահանջն այն է, որ ինչպես եղել է որսը, այնպես էլ մնա»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1+»-ի