Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ԱԱԾ-ն ուղիղ տեքստով հայտարարում է. ո՛չ ՆԿՎԴ-ԿԳԲ-ին

Օգոստոս 13,2019 22:00
KGB

Մեր գործընկեր Լեւոն Բարսեղյանի բաց նամակն առիթ դարձավ, որպեսզի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հանդես գա պատմական կարեւորության հայտարարությամբ։

Չափազանց ուշացած, աններելիորեն ուշացած, բայցեւ սեւով սպիտակի վրա զետեղված կարճ տեքստը վերջակետ է դնում այն արատավոր իրականությանը, որը համառորեն շարունակվում էր 1991-ից, արհամարհելով պետականությունը, պետական անկախությունը որպես փաստ։

«1918 թվականին Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հետախուզության եւ հակահետախուզության բաժանմունքը։ Սա այն առաջին հայկական պետական կառույցն է, որն ունեցել է հատուկ ծառայությունների եւ ազգային անվտանգությունն ապահովելու գործառույթներ մեր պատմության նորագույն շրջանում։ Այո, մենք այս տարեթվից ենք հաշվում ազգային անվտանգության հայկական մարմինների հիմնադրումը եւ 2018 թվականին նշել ենք հիմնադրման 100-ամյա հոբելյանը։

Մենք համարում ենք, որ մեր կառույցի գործունեությունն ընդհատվել է Հայաստանի Հանրապետության խորհրդայնացմամբ, երբ մենք կորցրել ենք պետականությունը, իսկ 1991 թվականին պետականության վերակերտման արդյունքում եւ շնորհիվ մենք վերականգնվել ենք իբրեւ ՀՀ ԱԱԾ։ Այո, ցավալի է, որ տեղի է ունեցել նման տեւական ընդհատում, բայց բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա անկախ պետականության ընդհատում էր։ Անկախության կորուստը որեւէ նորմալ մարդու կողմից չի կարող դրական գնահատվել։

Մենք մեզ չենք համարում ԽՍՀՄ ՆԳԺԿ-ի եւ ՊԱԿ-ի իրավահաջորդը։ Ավելին՝ գիշեր-ցերեկ Հայաստանի եւ նրա ժողովրդի անվտանգությունն ապահովող մեր աշխատակիցները չեն կարող նույնացվել կամ համեմատվել ստալինյան դահիճների եւ գուլագների պատժիչների հետ։ Խորհրդային տարիներին տեղի ունեցած զանգվածային բռնություններն ու հետապնդումները մեզանում դատապարտվել են՝ վաղուց եւ մեկընդմիշտ», – գրել է պատասխան նամակում ՀՀ ԱԱԾ տնօրենի օգնական Վահագն Բոյաջյանը, պատասխանելով Լ. Բարսեղյանի հարցին, թե համարո՞ւմ են արդյոք, որ այժմյան ՀՀ ԱԱԾ-ն, իսկապես 1919 թվականի ազգային անվտանգության համակարգի կամ ծառայության իրավահաջորդն է, եւ եթե այդպես են համարում, համարո՞ւմ են, որ խորհրդային Հայաստանի ՆԿՎԴ-ն (ԽՍՀՄ ՆԳԺԿ) եւ ՊԱԿ/ԿԳԲ-ն այժմյան ԱԱԾ իրավանախորդներն են եղել:

Սա միայն ծառայության տնօրենի օգնականի կամ հենց տնօրենի կարծիքը կամ դիրքորոշումը չէ, սա այսօրվա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է, որը կարմիր գիծ է քաշում, մի կողմից՝ քաղաքակրթության եւ, մյուս կողմից՝ հակաքաղաքակրթության, պատմական մասշտաբի հանցագործության եւ պատմության աղբանոցի միջեւ, այո, մեկընդմիշտ վերջակետ դնելով այն զավեշտալի խոսակցություններին, թե ո՞րն է Հայաստանի հատուկ ծառայությունների առաքելությունը պետական անկախության 28-րդ տարում։

Նման հստակությամբ Հայաստանի պետական ինստիտուտները հանդես չէին եկել վաղ հետխորհրդային «ռոմանտիկ» ժամանակներից ի վեր։

«Կարծում եմ, որ նման թեմաների արծարծումն այսօր ժամանակավրեպ է», – գրում է նաեւ Վ. Բոյաջյանը, հավելելով, որ մեր երկրի հասարակական եւ քաղաքական օրակարգում չկա բանավեճ ամբողջատիրական համակարգի լավ կամ վատ լինելու մասին։ Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ այս ամենն այնքան էլ ժամանակավրեպ չէ, եւ բանավեճի բացակայությունը դեռ չի նշանակում, որ բոլոր հարցերի պատասխանները տրված են, բոլոր երեւույթներին պատշաճ գնահատականները տրված են։

«Փոխարենն այսօր մենք ունենք շատ ավելի հրատապ եւ արդիական խնդիրներ, որոնց լուծմամբ պայմանավորվելու է մեր երկրի տեսանելի ապագան», – շարունակում է Վահագն Բոյաջյանը։ Իհարկե, անվիճելի է, որ դա ուղղակի այդպես է, սակայն, նշված հրատապ եւ արդիական խնդիրների լուծումը, որը պայմանավորելու է մեր երկրի տեսանելի ապագան, գտնվում է ոչ միայն քաղաքական կամ օպերատիվ որոշումների, այլեւ արժեքների եւ հասարակական հարաբերությունների մատրիցան սահմանող խորհրդանիշների ի եւ իմաստների դաշտում, ինչը կենսականորեն կարեւոր է հանրային-պետական իմունիտետի, «յուրային-օտար» համակարգի առողջ կենսագործունեության համար։

Խնդիրը քաղաքական ճաշակը կամ նախասիրությունները չեն, այլ հենց բուն ազգային անվտանգությունն է։

Քաղաքակիրթ աշխարհը հստակ հավասարության նշան է դրել կոմունիզմ-բոլշեւիզմի եւ նացիզմ-ֆաշիզմի միջեւ, ինչն արտացոլված է բազմաթիվ միջազգային հռչակագրերում եւ բանաձեւերում, դրանով իսկ հավասարության նշան է դրված նաեւ ՍՍ-ի, գեստապոյի, ՆԿՎԴ-ի եւ ԿԳԲ-ի միջեւ, եւ հավասարապես հանցավոր եւ զազրելի է էսէսականը, գեստապոյականը եւ չեկիստը եւ մնացյալ մսագործները։

Եվ խոսելն այդ մասին, մեղմ ասած, այդքան էլ ժամանակավրեպ չէ։ Լեւոն Բարսեղյանը բարձրացրել էր հարցը, իսկ ԱԱԾ-ն պաշտոնապես պատասխանել շատ հստակ քաղաքական, հասարակական եւ միջազգային իրողությունների պայմաններում։

Այո, չկա՛ բանավեճ ամբողջատիրական համակարգի լավ կամ վատ լինելու մասին, եւ Հայաստանի բնակավայրերում դեռ իներցիայի ուժով մնում են «Կալինինի», «Կասյանի», «Միկոյանի», իսկ մինչեւ վերջերս՝ նաեւ «Ֆրունզեի» եւ այլ «փառավոր» անձանց անունով փողոցներ, ոմանք սա պատճառաբանում են, թե «սա մեր պատմությունն է, մեր անցյալն է» եւ այլն։ Եվ այդ ամենը՝ 90-ականների մեծ «աղբահավաքից» հետո, երբ զանգվածաբար բեռնատարներով «Սովետաշենի աղբանոցն» էին ուղարկվում ամբողջատիրությունը եւ նրա նկատմամբ լոյալությունը խորհրդանշող արձանները, ցուցանակները եւ պատկերները։

Չկա բանավեճ, եւ ընդամենը վերջերս էր, երբ Երեւանի նախորդ գումարման ավագանիների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց հօգուտ Անաստաս Միկոյանին «հավերժացնող» արձանի կառուցմանը մայրաքաղաքի կենտրոնում, իսկ Թումանյանի տուն-թանգարանի աստիճաններին Հայաստանի խորհրդայնացման մասին պատմող, բոլշեւիզմի հանցավոր դեմքը քողազերծող ցուցահանդեսը փակվեց։ Այո, դա թավշյա հեղափոխությունից առաջ էր, բայց արդյո՞ք տրված են բոլոր գնահատականները։ Եվ կա՛ր բավականին թեժ բանավեճ, թե Միկոյանն, այնուամենայնիվ, «լավն» էր, թե «վատը»։ Նույն ինքը, Միկոյանը, Խրուշչովի կառավարման տարիներին անկեղծանալով, ասել է. «Այդ ժամանակներում մենք բոլորս ենք ստահակներ եղել»…

Մյուս կողմից էլ, մեր «ռազմավարական դաշնակից» երկիրը, որտեղ ստալինիզմը, բոլշեւիզմը, չեկիստի եւ վերակացու կլյուչնիկի «բարոյականությունը» վերածվել են «ավանդական արժեքների» եւ ուղղակի վերածնունդ են ապրում։ Ուղղակի նայեք, թե ամեն տարի ինչ է կատարվում Մոսկվայում Ստալինի գերեզմանի մոտ կամ Ձերժինսկու արձանների… Այն, ինչ ԱԱԾ-ն կոչում է «ստալինյան դահիճներ» եւ «գուլագների պատժիչներ», մեր «դարավոր բարեկամ» երկրի նախագահը կոչում է, ըստ էության, «արդյունավետ մենեջմենթ», իսկ Ստալինին՝ «արդյունավետ մենեջեր»։ Եվ պետական պրոպագանդայի այդ թունավոր նառատիվների ազդեցության տակ է հայտնվել նաեւ հարյուր հազարավոր հայությունը Ռուսաստանում։

Չկար բանավեճ, այժմ էլ չկա, բայց ԱԱԾ-ում 2008 թվականին հարցաքննվողները պատմում են, որ ԱԱԾ-ի կաբինետներում պատերին Ֆելիքս Ձերժինսկու նկարներն էին, իսկ ԱԱԾ որոշ պաշտոնյաներ ասում էին, որ իրենց համարում են «չեկիստ», այսինքն՝ կեղտը մինչեւ վերջ մաքրած չէր, եւ հաճույքով արգելափակում էին կայքերը, թերթերը, համաձայն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից հայտարարված արտակարգ դրության «պահանջների»։ Նաեւ հարց առաջացավ, որ եթե ԱԱԾ-ն անկախ Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների ժառանգն է, ապա ինչո՞ւ է իր գերատեսչական տոնը շարունակում նշել «չեկիստի օրը»՝ դեկտեմբերի 20-ին, այն օրը, երբ սկիզբ դրվեց մարդկային պատմության ամենադաժան, հանցավոր, պետականորեն կազմակերպված զանգվածային տեռորի գործիք ծառայող կազմակերպություններից մեկին։

Հայաստանում մինչ օրս չկա ամբողջատիրության դեմ պայքարի պատմության թանգարան, զանգվածային տեռորի զոհերի հիշատակը հավերժացնող թանգարան, հուշարձան, պետությունը չի ընդունել հիշատակի օրերը սահմանող բանաձեւեր, եւ ընդհանրապես, այդ ուղղությամբ բացերն ակնհայտ են։

«Արդյո՞ք Հայաստանի խորհրդայնացումը կարելի է համարել բռնազավթում կամ ոչ, արդյո՞ք Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ էր կամ ոչ եւ այլն։ ԱԱԾ տնօրենը պատմաբան չէ, քաղաքագետ չէ։ Նրա գործառույթներն այլ են։ Նա չի կարող պատասխանել նման հարցերի։ 20-րդ դարում մեր երկրի եւ ժողովրդի ճակատագիրն իսկապես եղել է շատ բարդ ու հակասական, ողբերգական ու հերոսական։ Համոզված եմ, որ մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ մենք կստանանք հետագա խոր եւ բազմակողմ ուսումնասիրությունների արդյունքում», – իր նամակում գրում է ԱԱԾ տնօրենի օգնականը։ Իհարկե, ԱԱԾ-ում պատմաբաններ եւ քաղաքագետներ չեն, եւ այդ հիմնարկը հաստատապես պատմությամբ եւ քաղաքագիտությամբ չէ, որ պետք է զբաղվի։ Բացի դրանից, ԱԱԾ-ից չէ, որ պետք է ակնկալել այն հարցերի լուծումը, որը բխում է Ազգային ժողովի եւ կառավարության գործառույթներից։ Ստեփանակերտում ՀՀ վարչապետի կողմից հրապարակայնորեն խնդիր դրվեց, որ Հայաստանը պետք է ունենա լավագույն հետախուզություններից մեկն աշխարհում, եւ ԱԱԾ տնօրենը դրանից հետո ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ նշեց, որ այդ խնդիրը լուծելու համար առկա են բոլոր պայմանները, այդ թվում՝ պատմականորեն ստեղծած։

Այդ իմաստով, միայն նշված հայտարարությունը չէ, որ ԱԱԾ-ն անում է. Հայաստանում կատարվում են աշխատանքներ հատուկ ծառայությունների կադրերի սեփական դարբնոցը ստեղծելու ուղղությամբ, ինչը վերջ կդնի այն արատավոր պրակտիկային, երբ ԱԱԾ-ի կադրերը պատրաստում էր ռուսական ԿԳԲ-ի ժառանգորդ եւ իրավահաջորդ, բիզնեսի եւ կրիմինալի հետ սերտաճած ՖՍԲ-ն… Հատուկ ծառայություններում լավ գիտեն, որ չկան «բարեկամ» հատուկ ծառայություններ, կարող են լինել բարեկամ երկրների հատուկ ծառայություններ, եւ դա նույն բանը չէ, մանավանդ եւ հատկապես Ռուսաստանի պարագայում…

Անշուշտ, ԱԱԾ-ն առաջին կարեւոր քայլը կատարեց՝ կոտրեց սառույցը, կարծրատիպը, «ստանդարտը» եւ տաբուն, ակամայից սկիզբ դնելով կարեւոր հասարակական-քաղաքական բանավեճի, որը վերջնականորեն, օրինաչափորեն եւ անխուսափելիորեն մաքրելու է Հայաստանը կուտակված, իսկ որոշ դեպքերում «նորացված» պատմական եւ մտավոր աղբից։ Եվ պետք է արժանին մատուցել մեր հատուկ ծառայությանը թեկուզ եւ ոչ լիարժեք, բայց էական նշանակություն ունեցող դիրքորոշում ձեւակերպելու եւ պաշտոնական մակարդակով բարձրաձայնելու համար։

Ռուբեն  ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031