Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը կարևոր է համարում Հայաստանի և Ռուսաստանի գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին ասվում է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության խորհրդի ղեկավարների հանդիպումից հետո ռուսական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցության հարցերը՝ ի շահ երկու երկրների ազգային անվտանգության, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում գործակցությունը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և առևտրատնտեսական հարաբերութունների վերաբերյալ:
«Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի գործակցության կարևորությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ՝ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այդ խնդիրը կարևոր է երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ արդյունավետ պայքարի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական գործակցությունը միջազգային կազմակերպությունների՝ Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակներում:
Կարդացեք նաև
«Տեղի ունեցած խորհրդակցությունները հաստատեցին փոխգործակցության բարձր մակարդակը և ռուսական ու հայկական կողմերի մոտեցումների նմանությունը ազգային անվտանգության հարցերի լուծման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը օգոստոսի 12-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ