Համահայկական 7-րդ ամառային խաղերում այսօր հանգստի օր է: Մասնակից մարզիկներին, պատվիրակությունների անդամներին եւ Խաղերի ղեկավար կազմին հանգստանալու, իրենց նախընտրությամբ մայրաքաղաքի եւ հանրապետության տեսարժան ու պատմամշակութային վայրերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել:
Առավոտյան ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամները, պատվիրակությունները եւ մարզիկները այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրատվամիջոցներին ասաց. «Համահայկական խաղերի շրջանակում մենք միշտ ունենք այս միջոցառումը եւ ազատ օրը սկսում ենք Ծիծեռնակաբերդ այցելությամբ: Այսօր մեր բոլոր պատվիրակությունները գտնվում են այստեղ՝ Ծիծեռնակաբերդում: Համահայկական խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի զավակները, սերունդները: Նրանք պիտի լինեն թանգարանում, տեսնեն ամեն ինչ, որովհետեւ գրքերում կարդալը մեկ բան է, իսկ թանգարանում լինելը, իրական պատկերները, վավերագրական ֆիլմերը դիտելը միանգամայն այլ տպավորություն են գործում: Ամեն հայ պիտի իր պատմությունը շատ լավ իմանա, հատկապես մեր պատմության այն էջը, որ մենք անվանում ենք Եղեռնի էջ: Այս հուշահամալիրը պետք է բոլոր սերունդներին նաեւ հզորություն, ոգու ամրություն տա, որպեսզի վաղվա մեր սերունդներից մեկը հասնի այն երազանքին, ինչ ունեցել են մեր նախնիները, պապերը, բայց չեն հասել, ինչ ունենք մենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ