Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում հանրային կառավարման համակարգում առկա խնդիրները

Օգոստոս 13,2019 14:00

Մաս երկրորդ: Ռազմավարական ծրագրավորման հմտություններին առնչվող խնդիրներ
Սկիզբը՝ նախորդ համարում

 

Ինչպես նշեցինք այս հոդվածի նախաբանում, Հայաստանում հանրային կառավարման խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի: Հոդվածի առաջին մասում բարեվարքության պակասին անդրադառնալուց հետո կանդրադառնամ ռազմավարական ծրագրավորման հմտություններին առնչվող խնդիրներին:

Վերջին ամիսներին Ազգային ժողովում կառավարության ծրագրի եւ Արցախում վարչապետի ելույթում հիշատակված` ռազմավարական նպատակադրումների վերաբերյալ քննարկումների ենթատեքստում անհրաժեշտություն առաջացավ վերլուծելու Հայաստանի հանրային կառավարման համակարգում ռազմավարական ծրագրավորման հմտությունների մակարդակը:

Հարկ է հիշատակել, որ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը չէր թարմացվել 2007թ. ի վեր, եւ այն իրականում ոչ այնքան ռազմավարություն է, այլ դեկլարատիվ քաղաքականություն, որը սահմանում է նպատակներ, հնարավորություններ եւ սպառնալիքներ, սակայն չի ուրվագծում դրանց հասնելու ուղիները, ոչ էլ հնարավորություններն օգտագործելու եւ հակազդեցության համար նախատեսվող պատասխան գործողությունները, եւ պատահական չէ, որ այդ քաղաքականության մի մասը չի իրագործվել, հատկապես երբ այն վերաբերել է մարդու մի շարք իրավունքներին, ժողովրդավարության որոշակի նորմերին, արտաքին քաղաքականության իրական բազմավեկտորությանը, եւ Արցախի հիմնահարցի լուծման հարցում առաջընթաց ապահովելուն: 2017-2018 թթ. նախորդ իշխանությունները փորձ են արել նաեւ մշակել Հայաստանի զարգացման ռազմավարություն, որն ավարտին չի հասցվել:

Հուլիս ամսին Հայաստանում պաշտոնապես սկիզբ դրվեց նոր Ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը: Միաժամանակ, առայժմ նվազ պաշտոնական ձեւաչափով, վարչապետի աշխատակազմում մշակվում է Հայաստանի զարգացման, կամ ինչպես այն անվանվում է, Հայաստանի փոխակերպման ռազմավարությունը, որի նպատակադրումների նախագիծը վարչապետը ներկայացրեց Արցախում ունեցած իր ելույթի ընթացքում: ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության աջակցությամբ նախատեսվում է նաեւ ՄԱԿ-ի կողմից սահմանված գլոբալ` Կայուն զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ ոլորտային ռազմավարությունների մշակումը:

Ինչ մեթոդաբանությամբ եւ գործընթացով են ընդհանրապես մշակվում ռազմավարական փաստաթղթերն աշխարհում:

Նախ եւ առաջ, պետք է հասկանալ պետական մակարդակով (տնտեսական, արտաքին, անվտանգության, եւ այլն) քաղաքականության, ռազմավարության եւ ծրագրի տարբերությունը:

Քաղաքականությունը նախանշում է տեսլականը, արժեքներն ու շահերը, նպատակները, առաջնայնություններն ու սկզբունքները, վերլուծում է սպառնալիքները, մարտահրավերներն ու հնարավորությունները, գնահատում ուժեղ եւ թույլ կողմերը, անցյալից քաղած դասերն ու աշխարհաքաղաքական, ներքին քաղաքական, իրավական, սոցիալական եւ տնտեսական միջավայրը:
Ռազմավարությունը պետք է ներառի այն վերոնշյալ բոլոր բաղադրիչները, դրանց ավելացնելով նպատակներին ու առաջնայնություններին հասնելու, մարտահրավերներին հակազդելու եւ հնարավորությունները օգտագործելու ճանապարհային քարտեզը` դիտարկելով ոչ թե առանձին ոլորտներ, այլ հաշվի առնելով նրանց փոխկապակցվածությունը:

Ռազմավարությունը պետք է փորձի կանխատեսել անկանխատեսելին, սպառնալիքներն ու մարտահրավերները գնահատել ոչ միայն անցյալում արդեն տեղի ունեցածի, այլեւ ապագայի նոր ռիսկերը հաշվի առնելով` նպատակ ունենալով բարձրացնել պետության տոկունությունը, դիմացկունությունը, անսպասելի իրադարձությունների համար արագ կազմակերպվելու եւ ճգնաժամերն արագորեն հաղթահարելու ունակությունները: Պատմությունն ու ռազմավարական միջավայրը վերլուծելիս կարեւոր է ոչ թե պարփակվել դաշնակցի ու թշնամու, հերոսի, զոհի ու քավության նոխազի արմատացած պատկերացումների փակ շրջանում, այլ կատարել անցյալի քննադատական վերլուծություն, համապատասխան դասեր քաղել եւ անհրաժեշտության դեպքում նոր մոտեցումներ ձեւավորել: Այս ամենն ապահովելու համար համապատասխան խորհրդակցությունների ընթացքում անչափ կարեւոր է անկեղծ քննարկումների խրախուսումը եւ դժվարին հարցերի ու երկընտրանքների վերաբերյալ մտագրոհների անցկացումը:

Ռազմավարության մաս կազմող տեսլականը պետք է լինի երկարաժամկետ ու սահմանի ներկայիս անմիջական կարիքները հոգալուց առավել բարձր ու հավակնոտ նպատակներ: Միաժամանակ, եթե տեսլականի եւ իրականության միջեւ ճեղքվածքն անհաղթահարելի է, ապա դժվարանում է ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի մշակումն ու իրագործումը: Ավելին, այն կարող է ծնել ոչ իրատեսական սպասումներ, չիրականանալու դեպքում հանգեցնել հիասթափության, եւ որոշ ժամանակ անց այլեւս որպես արժանահավատ չի ընկալվի: Նույնիսկ լավագույն տեսլականն արժեքազրկվում է առանց ռազմավարության եւ ճանապարհային քարտեզի:

Ռազմավարությունը պետք է հավասարակշռության հասնի պետության ու ժողովրդի անմիջական կարիքներն ու առաջնայնությունները հոգալու եւ արմատական բարեփոխումներ իրականացնելու ուղիները սահմանելու, ինչպես նաեւ հեռահար տեսլական ձեւակերպելու միջեւ: Ինչքան նպատակներն ավելի հեռահար են լինում, այնքան դժվար է ապահովել նրանց իրատեսականությունը` արագորեն փոփոխվող եւ անկանխատեսելի գլոբալ իրավիճակում: Հետեւաբար, հեռահար նպատակները չպետք է պարունակեն խիստ սպեցիֆիկ ու հատկապես թվային թիրախներ: Ցանկալի է ռազմավարության համար սահմանել ոչ միայն հեռահար, այլեւ կարճաժամկետ եւ միջնաժամկետ նպատակներ, եւ վերջիններիս համար ուրվագծել ճանապարհային քարտեզ: Առավել մոտակա նպատակադրումների համար ռազմավարությանը հաջորդում է ծրագիրը, որն արդեն լինում է ոլորտային, ուրվագծում է առավել որոշակի գործողություններ եւ պարունակում է թվային թիրախներ:

Անցումային, այդ թվում հետհեղափոխական շրջանում ռազմավարության զարգացումն ավելի դժվարին է, քան սովորական իրավիճակում, քանի որ ոգեւորությունը ուղեկցվում է բարձր ակնկալիքներով, եւ դառնում է փորձություն իշխանությունների համար` ապացուցելու համար, որ իրենք մտադիր եւ ունակ են պահպանել անցյալի նվաճումները եւ միաժամանակ իրականացնել ոչ թե մակերեսային ու դեկորատիվ փոփոխություններ, այլ իրական եւ արմատական բարեփոխումներ:

Ռազմավարության մշակման համար անչափ կարեւոր է այն մշակելու համար գործընթացի ճիշտ կազմակերպումը: Ցանկացած ռազմավարության մշակման համար կարեւոր է, թե այն մշակող բուն թիմի ճիշտ ձեւավորումն է եւ թե հանրության հետ համապատասխան խորհրդակցությունների անցկացումը: Առաջինի դեպքում անհրաժեշտ է թիմում ներգրավել որոշակի հմտություններ ունեցող մարդկանց, իսկ երկրորդի դեպքում` ճիշտ սահմանել, թե հասարակության ինչ շերտեր են ներգրավվելու քննարկումներում:

Ակնհայտ է, որ ռազմավարություն մշակող բուն թիմում պետք է ներգրավվեն համապատասխան հաստատությունների այնպիսի ներկայացուցիչներ, որոնք ունեն ինստիտուցիոնալ հիշողություն, իրենց հաստատությունները ներկայացնելու լիազորություն, իրենց ոլորտների վերաբերյալ խորը մասնագիտական գիտելիքներ, վերլուծական եւ ռազմավարական ծրագրավորման ունակություններ: Սակայն պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի հանրային կառավարման համակարգում քաղաքացիական ծառայողների մեծամասնությունը եղել են «վերից վար» ձեւավորվող քաղաքականության ու հանձնարարականների կատարողներ, եւ տասնամյակներ շարունակ նախաձեռնողականությունը ոչ միայն չի խրախուսվել, այլեւ որոշ դեպքերում պատժվել է: Իրենց էությամբ անկախ ու քննադատական մտածողությամբ օժտված ու «վարից վեր» գործել ձգտող ծառայողները ստիպված են եղել խեղդել իրենց նախաձեռնողականությունը, եւ կամ էլ չեն կարողացել հարմարվել ու դուրս են եկել համակարգից: Սա հանգեցրել է մեր հանրային համակարգում որոշակի կաղապարային ու կարծրատիպային մտածողության, խիստ զգուշավորության, թարմ մոտեցումների ու համարձակ գաղափարների պակասի:

Հեղափոխությունից հետո հանրային կառավարման համակարգում ներգրավվեցին նոր պաշտոնյաներ, որոնցից ակնկալվում է գեներացնել մտածողության փոփոխություն եւ կարծրատիպային մտածողությունը հաղթահարելու ունակություն, սակայն նրանց մեծամասնությունը չունի ինստիտուցիոնալ հիշողություն ու երկարամյա մասնագիտական փորձ:

Այս երկու շրջանակից էլ հիմնականում դուրս են մնում այն մասնագետները, որոնք հանրային կառավարման համակարգի մաս չեն կազմել կամ դրանից դուրս են եկել կազմակերպչական մշակույթին չհարմարվելու պատճառով, եւ ոչ էլ հեղափոխությանն են մասնակցել, սակայն ովքեր ունեն միջազգային կրթություն, փորձ եւ համապատասխան հմտություններ, ինչպես նաեւ ձգտում` մասնակցելու Հայաստանում ընթացող արմատական փոփոխություններին:

Ռազմավարության մշակումը պետք է լինի ներառական բնույթի` թե օգտագործելու համար երկրում եղած ամբողջ մասնագիտական ներուժը եւ թե խուսափելու համար հասարակայնության բեւեռայնացումից:

Չնայած որ երկրի ղեկավարությունը մեծ դեր է խաղում նպատակների ու առաջնայնությունների ձեւավորման գործում, սակայն նույնիսկ դրանք փաստաթղթի մյուս բաղադրիչների հետ միասին պետք է ոչ թե կանխորոշվեն, այլ առաջարկվեն հանրության` ռազմավարության ձեւավորման գործում ներգրավված շրջանակների ուշադրությանը: Ռազմավարությունը պետք է փոխզիջում լինի գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, գործադիր իշխանությունների տարբեր հաստատությունների, փորձագիտական համայնքի, քաղաքական կառուցողական ուժերի եւ քաղաքացիական հասարակության միջեւ: Տարբեր ռազմավարությունների մշակումը պետք է համակարգվի միմյանց հետ, ինչպես նաեւ երկրում ընթացող այլ գործընթացների, ինչպես օրինակ` սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունների հետ:

Հեղափոխություն իրականացնում են հիմնականում առաջնորդության, մարդկանց ոգեշնչելու, գաղափարի շուրջ համախմբելու եւ իրենց հետեւից տանելու ունակ անհատները: Հեղափոխությունից հետո նրանք պետք է անցում կատարեն դեպի առաջնորդության հաջորդ մակարդակը` ինտեգրելով մտածողություն փոխելու, ռազմավարական ծրագրավորման եւ կառավարչի հմտությունները, համախմբելու համար երկրում առկա մասնագիտական ներուժն ու այն ծառայեցնելու արմատական բարեփոխումների իրականացման համար:

Սոսի ԹԱԹԻԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.08.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031