Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը՝ «Սանիթեքի» հարկային պարտավորությունների ու մեծ բիզնեսները մանրերի տրոհելու՝ գործարարների չարաշահումների մասին

Օգոստոս 13,2019 13:53

Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ» հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ: Այսօր այս մասին ասուլիսում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ hայաստանյան մասնաճյուղի եւ «Սանիթեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել 2018 թ. բնապահպանական հարկի եւ բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշիվները:

ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ ապօրինի գործունեությամբ զբաղվելու 126 դեպք է արձանագրվել, ինչի հիման վրա կազմվել է պարտավորությունների առաջադրման 89 վարչական ակտ՝ ընդհանուր 47.9 մլն դրամի չափով: Կոմիտեում կազմակերպված ասուլիսում պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց իրավական ոլորտում արձանագրված բացահայտումներն ու խախտումները:

Այս տարվա յոթ ամիսների ընթացքում գրանցվել է ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքները խախտելու 458 դեպք, ինչի արդյունքում կազմվել է 361 վարչական ակտ՝ շուրջ 306 մլն ՀՀ դրամի չափով:

ՊԵԿ նախագահի տեղակալն անդրադարձավ նաեւ ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացվող ներմուծումներին եւ չարաշահումներին՝ նշելով, որ մեր ներկրողները, ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծելով տարբեր ապրանքներ, հարկային մարմին ներկայացնում են որոշ տնտեսվարող սուբյեկտներից ստացված կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում նկատելիորեն ցածր են ձեւակերպված լինում ապրանքների ձեռքբերման արժեքները: Ըստ պարոն Հովհաննիսյանի, այդպիսով ավելի քիչ հարկ են վճարում եւ ներքին շուկայում փոխում են ապրանքի գինը. «Արդյունքում մրցակցային դաշտը խաթարվում է»:

ՊԵԿ-ը նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում արհեստականորեն տրոհված բիզնեսները հայտնաբերելու ուղղությամբ:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով, դեպքեր կան, երբ մեծ բիզնեսը տրոհվում է մանր բիզնեսների՝ փորձելով զերծ մնալ ԱԱՀ շեմի գերազանցումից: Ներկայումս կոմիտեի հետախույզները փորձում են գտնել իրական շահառուներին:

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, ապահովագրական ընկերությունները եւս խախտումներ են թույլ տվել՝ խուսափելով հարկերից, սակայն, նրանցից որոշները, գիտակցելով եւ ընդունելով իրենց մեղքը՝ պետբյուջե են վճարել շուրջ 137 միլիոն 641.065 դրամի հարկ:

«Ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ»,-բացատրեց պարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ուղղությամբ նախատեսել են օրենսդրական փոփոխություններ:

Լրագրողներից մեկի հարցին՝ Գյումրիում նախատեսված նոր ավտոմաքսատան կառուցման աշխատանքները «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ին պատվիրակվել է մեկ անձից գնման գործընթացով եւ այն «Բալասանյան» խմբակցությունից Գյումրու ավագանու անդամ Արտակ Ադամյանի հոր ընկերությունն է, Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ Գյումրիում կառուցվող մաքսատան շինարարությունը տրվել է նշյալ ընկերությանը, բայց թե այդ ընկերության հետեւում ովքեր են կանգնած, ինքը տեղեկություն չունի:

Ասաց, որ սովորաբար, նմանատիպ գործարքները կատարվում են մեկ անձից գնման ընթացակարգով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031