Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճվճվ Արո»-ի որդին պնդում է՝ իր մասնակցությամբ խուլիգանություն եւ հափշտակություն տեղի չեն ունեցել

Օգոստոս 13,2019 13:44

«Ճվճվ Արո» մականվամբ հայտնի եւ քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի որդիների մեկի՝ Սերժ Վարդանյանի եւ նրա ընկերներ Գեւորգ Խաչատրյանի եւ Սամվել Քրմոյանի գործով հերթական դատական նիստն էր նշանակված այսօր, սակայն այն հետաձգվեց. մեղադրող-դատախազը չէր ներկայացել:

Մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Դանիելյանը հայտարարեց, որ դեռեւս 2017թ.-ից միջնորդություն է ներկայացրել՝ վերացնել Սերժ Վարդանյանի հանդեպ կիրառված ՀՀ սահմանը հատելու արգելքը կամ թույլատրել ժամանակավորապես լքել ՀՀ սահմանը: Ըստ պաշտպանի՝ միջնորդության քննությունը հրատապ է, քանի որ Վարդանյանը չի կարողանում օգտվել հանգստի իրավունքից:

Դատավոր Հարություն Մանուկյանը նկատեց, որ մեղադրողի բացակայության պայմաններում միջնորդությունը քննել հնարավոր չէ. «Դատարանը ծանոթացել է այդ միջնորդությանը եւ պատասխանել, որ առաջիկայում կայանալիք դատական նիստով այն կքննարկվի»:

Հիշեցնենք՝ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․-ին Երևանում Կարեն Գասպարյանի շահագործած մեքենայի սրահում վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է 148,000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան։ Գևորգ Խաչատրյանն ու Սամվել Քրմոյանն էլ, ըստ մեղադրանքի, 2017թ․-ին երեւանյան ռեստորաններից մեկի առանձնասենյակում իրենց ընկերոջ՝ Սերժ Վարդանյանի (այս դրվագով եւս մեղադրյալ է) եւ ոմն Վալոդի հետ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչի պատճառով հաճախորդները հեռացել են: Երիտասարդները, ըստ մեղադրանքի, վիճել են մատուցող Հովհաննես Գասպարյանի հետ, որի ընթացքում Սամվել Քրմոյանը բռունցքներով հարվածել է նրա ձախ աչքի շրջանին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։

Aravot.am-ի հետ զրույցում 3 մեղադրյալների շահերի պաշտպան, փաստաբան Վահե Դանիելյանը նշեց, որ երիտասարդները մեղադրանքը չեն ընդունում՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ. «Եթե նրանք մեղավորությունը չեն ընդունում, իրենց կատարած արարքի նկարագիրը չի համապատասխանում մեղադրանքին: Այսինքն՝ նրանք չեն ընդունում, որ նման արարքներ են տեղի ունեցել՝ ռեստորանում կատարվածը, որը որակվել է որպես խուլիգանություն, եւ շղթայի հափշտակությունը: Ըստ երիտասարդների՝ իրենք ռեստորանում չեն կատարել որեւէ խուլիգանություն, չեն խախտել հասարակական կարգը: Նրանց գործողությունները, ըստ իրենց, չեն պարունակվում խուլիգանության հանցակազմի հատկանիշներ: Ինչ վերաբերում է ոսկյա շղթայի հափշտակությանը, Սերժ Վարդանյանը պնդում է, որ նման բան տեղի չի ունեցել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031