Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը շատ բան կարող է ասել». նոր մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայողի և նրա ընտանիքի մասին

Օգոստոս 13,2019 12:57

«Իսկ ո՞վ է ասել, որ զինծառայողը լքել է մարտական դիրքը»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ նորություններ ունեն երեկ մարտական դիրքը լքած 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանից, նրա ընտանիքից, դիրքը լքելու պատճառներից, այսպես արձագանքեց Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:

Արայիկ Ղազարյանն այդ գյուղի բնակիչ է: Նշենք՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել էր զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

Արթուր Ստեփանյանն ասաց, որ երեկ երեկոյան իմացել են լուրը, որ Արայիկ Ղազարյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում, բայց դիրքը լքելու մասին տեղեկություն չեն ունեցել: Գյուղապետը պատմեց, որ միանգամից այցելել է Արայիկի ընտանիքի անդամներին. «Հակահետախուզության տղաների հետ մենք երեկ երեկոյան եղել ենք նրանց տանը: Հայրը տանը չէր: Նա, լուրը լսելով, միանգամից մեկնել էր Արցախ: Մեծ եղբայրը պայմանագրային զինծառայող էր, սահմանից իջեցրին, իրեն տեղափոխեցին Վայքի ռազմական կայազոր, իսկ մենք մնացինք տանը: Եղբորն ենք խնդրել, որ լուրն ասի մորը: Մենք նման տեղեկություն չունեինք, թե Արայիկ Ղազարյանը դիրքն է լքել, մորն ասեցինք, որ իր որդին գտնվում է Ադրբեջանի տարածքում. հակահետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ եղանակի ոչ բարենպաստ պայմաններում հայտնվել է թշնամու սահմանում: Երբ երեկ երեկոյան Արայիկ Ղազարյանի մայրն իմացավ լուրը, վատացավ, նրան տեղափոխել ենք Եղեգնաձորի բժշկական կենտրոն, այժմ վիճակը նորմալ է»:

Համայնքապետից հետաքրքրվեցինք՝ առողջական խնդիրներ ունի՞ Արայիկ Ղազարյանը, ի՞նչ ընտանիքում է ապրում: Նա նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Իսկ Արայիկ Ղազարյանը առողջական խնդիրներ չի ունեցել. «Արայիկ Ղազարյանն ութ ամիս էր ծառայում, արդեն տասն օրով արձակուրդ էր եկել: Զինվորական ընկերներին շնորհակալ էր, որևէ խնդրի մասին չի պատմել զորամասի հետ կապված: Ադրբեջանական մամուլը, որ ներկայացնում է, թե զինվորը լքել է դիրքը իբր զորամասի անմարդկային պայմանների պատճառով, վարկաբեկում են, ապատեղեկատվություն տարածում: Մենք հո ականատեսն ենք մեր բանակի այսօրվա իրավիճակին: Մի քանի օր առաջ Համահայկական խաղերի առիթով Արցախում էինք, եղանք Մարտակերտի զորամասում, հետաքրքրվեցինք, տեսանք, ամեն ինչ նորմալ էր, սնունդը մաքրությունը, կարգուկանոնը»:

Aravot.am-ը զրուցեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ զինվորի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքների հետ կապված ի՞նչ նորություններ կան, քանի որ ադրբեջանական կողմը շահարկում է ՝ ասելով, որ զինծառայողը դիրքը լքել է զորամասում անմարդկային պայմանների պատճառով, նա պատասխանեց. «Դեռ քննություն է գնում, ոչ մի բան ասել չեմ կարող, Ադրբեջանը շատ բան կարող է ասել»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռ հետաքննություն է իրականացվում տեղի ունեցածի վերաբերյալ. «Դեռևս ընթանում է հետաքննություն կատարվածի վերաբերյալ, բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողն աշխարհագրորեն մոլորվել է»։ Ադրբեջանական կողմի պնդումներին, թե զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը», պրն Տոնոյանն այսպես է արձագանքել. «Հակառակորդի տեղեկատվական քարոզի, աշխատանքի արդյունքն է սա, և չեմ կարծում, որ անհրաժեշտ է տարածել այս տեղեկատվությունները, ես ներքին համոզմունք ունեմ, որ ինքն ուղղակի մոլորվել է»:

Նշենք, որ Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։ Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031