Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյան. «Այո, էն, որ մեզ մոտ սուպերվարչապետական համակարգ է, բոլորս գիտենք ու չենք էլ հերքում». «Հրապարակ»

Օգոստոս 13,2019 11:37

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օրերս հայտարարեց սահմանադրական բարեփոխումների նպատակով հատուկ խումբ ձեւավորելու կառավարության նախաձեռնության մասին՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նպատակի պետք է ծառայի այն։ Խումբը աշխատանքները կսկսի եկող տարվանից։

Երկրի հիմնադիր փաստաթուղթն արմատապես փոխելու անհրաժեշտություն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը չի տեսնում, առավել եւս՝ վերադարձ հնին, իշխանական թիմում էլ դեռեւս չեն քննարկել, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են անելու, բայց Աղազարյանը կարծում է, որ փոփոխությունները միտված են լինելու սուպերվարչապետական համակարգից հրաժարվելուն։ «Ես անձամբ դեմ եմ նախագահական համակարգին,- ասաց նա՝ պարզաբանելով։- Երբ մարդկության պատմության մեջ օրենքները գրվում են, հաշվի են առնվում տվյալ ազգի, բնակչության առանձնահատկությունները։ Մեր ազգային առանձնահատկություններն այնպիսին են, որ մենք՝ յուրաքանչյուրս, անհատականություններ ենք, հետեւաբար այսպիսի, ինչպես նաեւ միացյալ երկրների համար ճիշտը պառլամենտական համակարգն է։ Որովհետեւ մենք մի նախագահ չենք ունենում, ունենում ենք մի նախագահ, նրանից ներքեւ՝ մի քանի նախագահներ, էլի ներքեւ՝ ուրիշ նախագահներ, այսպես՝ մինչեւ գյուղապետերը։ Ու դառնում է մի կուռ բուրգ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը, բացասական երեւույթները պարարտ հող են ունենում զարգանալու։ Ինչպես նաեւ այս մոդելի դեպքում վարչապետը պատգամավորներից ընդամենը մի գլուխ է բարձր կարգավիճակով, պատգամավորները բավական լուրջ կարգավիճակ ունեն, ինչը կայացած մոդել է մեր երկրի համար»։

Հովիկ Աղազարյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է հնին չվերադառնալու համար, այլ հարց է, որ թոթափեն սուպերվարչապետական համակարգը․ «Այո, էն, որ մեզ մոտ սուպերվարչապետական համակարգ է, բոլորս գիտենք ու չենք էլ հերքում եւ դրա համար տրամադրություններ ունենք եւ ուզում ենք նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ։ Ես՝ ինքս, մեր թիմի շրջանակներում ամեն ինչ պետք է անեմ, որ տեղի չունենա նախագահական համակարգի վերադարձ։ Իհարկե, մեզ մոտ այս հարցով լայնածավալ քննարկումներ չեն եղել, բայց ինքս դեմ եմ նախկին համակարգին»։

Դիտարկմանը, որ օրենսդրական փոփոխություններով էլ կարելի է թոթափել սուպերվարչապետական համակարգը, իշխանական պատգամավորը չհամաձայնեց․ «Միայն մեկ հարց չէ, համալիր փոփոխություններ են հարկավոր։ Օրինակ ես՝ անձամբ, առաջարկելու եմ պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից, ինչն առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ իրականացնել»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031