Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյան. Գնալով ավելի ցցուն է դառնում այն, որ իշխանությունները հստակ պատկերացում չունեն, թե ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ պետք է իրականացվեն դատական համակարգի բարեփոխումները

Օգոստոս 13,2019 11:25

‹‹Սահմանադրական դատարանի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագծի ի հայտ գալը (Е-draft կայքում ներկայացված տեքստով) ինքնին վկայում է, որ իշխանությունները հասկացել են ‹‹սահմանադրական դատարանի դատավոր – անդամ›› բառախաղի անլուրջ բնույթը և ընդունել ‹‹սահմանադրական ճգնաժամ›› թեզի իրավական անբովանդակությունը:

Սակայն այդ նախագծի ի հայտ գալը վկայում է նաև Սահմանադրական դատարանի կազմը ցանկացած գնով փոխելու իշխանությունների քաղաքական ‹‹վճռականության›› մասին, ինչն ակնհայտ հակասում է իշխանությունների տարանջատման և հակակշռման ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթի պահանջին: Ուստի հենց այդ հիմքով էլ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հակասահմանադրական է :

Ավելին, նախագիծը, ըստ էության, սահմանադրական դատարանի անդամներին ‹‹կաշառքի›› հրապարակային օֆերտա է և չի կարող կյանքի կոչվել իր հակասահմանադրական և հակահասարակական էությամբ:

Կուրյոզն այն է, որ այն ինչ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի անդամներին իրենց պաշտոնից հրաժարվելու դիմաց (աշխատավարձի, դրա նկատմամբ սահմանված հավելավճարների և սոցիալական երաշխիքների պահպանում) նրանք կստանան նաև այն դեպքում, եթե հրաժարական չտան և արժանապատվորեն շարունակեն աշխատել՝ իրականացնելով իրենց իսկ երդմամբ ստանձնած առաքելությունը:

Ըստ այդմ` անհասկանալի է թե Կառավարությունն իր այս նախաձեռնությամբ ինչ ընտրություն է առաջարկում Սահմանադրական դատարանի անդամներին՝ կամ ընդունել իր առաջարկը (որից նրանք այսօր էլ օգտվում են օրենքով) կամ… ի՞նչ: Ո՞րն այս նախագծի իրական մեսիջը:

Միգուցե այս օրենսդրական նախաձեռնության իրական նպատակը ոչ այնքան ‹‹կաշառքի օֆերտան է›› (վերջինս չափից դուրս աչք է ծագում), որքան ‹‹անհնազանդներին›› հասցեագրված թափանցիկ ակնարկը առ այն, որ Կառավարությունը չի պատրաստվում խտրություն դնել Սահմանադրական դատարանի կազմը փոխելու իր նպատակին հասնելու գործիքակազմի ընտրության հարցում և օրենքի նախագիծը ոչ այլ ինչ է, քան հայտարարություն Կառավարության քաղաքական մտադրությունների մասին (ի դեպ, եթե այդպես է, ապա այդ նախագիծը չի էլ հասնի Ազգային Ժողով և այդ հանգամանքը կդառնա այս վարկածի իրավացիության յուրատեսակ լակմուսի թուղթը):

Սակայն բոլոր դեպքերում մի բան աչք է զարնում՝ դատական իշխանության անկախության վերաբերյալ իշխանությունների հնչեցրած ծրագրային թեզը որևէ աղերս չունի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու և երկրում արդարադատության նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու հրամայականի հետ:

Ավելին, գնալով ավելի ցցուն է դառնում այն, որ իշխանությունները հստակ պատկերացում չունեն թե ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ պետք է իրականացվեն դատական համակարգի բարեփոխումները: Իսկ եթե դա այդպես է, ապա Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունն էլ (եթե նույնիսկ այն կատարվեր Սահմանադրության պահանջներին համապատասխան) որևէ սպասելի արդյունքի չէր հանգեցնի:

Այս առումով տեղին է հիշատակել Սենեկայի հատնի խոսքը. ‹‹Ոչ մի քամի համընթաց չի լինի, եթե չգիտես թե ուր ես լողում››:

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031