Լրահոս
Օրվա լրահոսը

Ալվինա Գյուլումյանը՝ օրենքի ընդունումից հետո հրաժարական տալու մասին․ «Ես որեւէ գայթակղության երբեւէ չեմ ենթարկվելու». «Հրապարակ»

Օգոստոս 13,2019 10:58

Արդարադատության նախարարությունն իր «սեւագրությունների» կայքում՝ e-draft.am-ում, տեղադրել է տարբեր օրենքներում փոփոխությունների փաթեթի նախագիծ, որը, կարելի է ասել, այն «վեթթինգի» նախագիծն է, որը խոստացել էին նոր իշխանությունները։ Պարզապես հիմա այլ անուն է կրում, քանզի վեթթինգից՝ որպես այդպիսին, նրանք հրաժարվեցին։ Հիմա այն որոշել են անվանել դատավորների բարեվարքության կանոնների նախագիծ կամ նման մի բան։ Սա մի փաթեթ է, որտեղ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ դատական օրենսգրքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին», «Սահմանադրական դատարանի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» եւ մի շարք այլ օրենքներում։ Փաթեթում կան դրույթներ, որոնք արդեն իսկ աղմուկ են բարձրացրել ոչ իշխանական իրավաբանների շրջանում։

Սահմանադրական դատարանի ներկայիս անդամ եւ դատավոր Ալվինա Գյուլումյանն արդարադատության նախարարության մոգոնած «կաշառքի» եւ «շանտաժի» հոդվածների վերաբերյալ ասաց․ «Կոնկրետ ինձ կաշառել երբեք ոչ մեկին չի հաջողվել։ Ես պարզ ճակատով ու հանգիստ կարող եմ դա ասել»։

Բայց այս նախագծով ոչ միայն կաշառելու, այլեւ շանտաժի ենթարկելու փորձ է արվում կարծես, որ եթե հրաժարական տաք, լավ կլինի, իսկ եթե չտաք, քրգործ կհարուցվի։ Տիկին Գյուլումյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ անհիմն քրեական գործ հարուցելու դեպքում, համենայնդեպս, լրագրողական համայնքը մեզ կպաշտպանի»։

Այդուհանդերձ, եթե այս օրենքն ընդունվի, ինքը պատրա՞ստ է 7-րդ հոդվածի գայթակղությանը տրվելով՝ մինչեւ 2019 թ․ հոկտեմբերի 1-ը հրաժարական տալ, Ալվինա Գյուլումյանն ասաց․ «Ոչ, ես պատասխանեցի, որ ես որեւէ գայթակղության երբեւէ չեմ ենթարկվելու ու չեմ կարծում, որ երբ հասել ես ինչ-որ բարձունքների, դրանից հետո կարող ես էնպիսի չմտածված քայլ անել, որը քեզ վարկաբեկի»։

Այդ դեպքում ո՞րն է նման նախագծի նպատակը, արդյոք սա միտո՞ւմ է՝ ազատվելու իրենցից։ «Դե, միգուցե ոչ այնքան մեզանից ազատվելու, որքան նոր դատարան ունենալու»,- ասաց տիկին Գյուլումյանը՝ հույս հայտնելով, որ բանականությունը կգերակայի, եւ մարդիկ կառաջնորդվեն ըստ արժանիքների անհատական մոտեցումներով։

Ի դեպ, ՍԴ-ի մասին այս օրենքը սահմանադրական օրենք է, եւ հենց ՍԴ-ն պետք է եզրակացություն տա սրա վերաբերյալ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031