Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական պարզաբանում. Իջևան համայնքի ղեկավարի հերթական ընտրության օր սեպտեմբերի 29-ին չնշանակելը որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում

Օգոստոս 13,2019 09:47

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, արձագանքելով «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Իջեւանում խախտվում է օրենքը. քաղաքապետի ընտրությունը նշանակվել է դեկտեմբերին» վերտառությամբ հոդվածին, պարզաբանում է․

ՀՀ Տավուշի մարզպետի կողմից 2019 թվականի հուլիսի 16-ի №94-Ա որոշումն ընդունվել է` հաշվի առնելով «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջները:

Այսպես, նշված հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»: ԿԸՀ-ի 2018 թվականի հուլիսի 17-ի №26-Ա և 2019 թվականի հուլիսի 30-ի №37-Ա որոշումներով 2019 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների օրեր են սահմանվել փետրվարի 17-ը, հունիսի 9-ը, սեպտեմբերի 29-ը և դեկտեմբերի 8-ը:

Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Քվեարկության օրը պետք է լինի մինչև լիազորությունների ժամկետի լրանալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իջևան համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանում է 2019 թվականի դեկտեմբերի 22-ին՝ նախատեսվել է Իջևան համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները նշանակել դեկտեմբերի 8-ին՝ որպես համայնքապետի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օր, այլ ոչ թե սեպտեմբերի 29-ին:

Այսպիսով, Իջևան համայնքի ղեկավարի հերթական ընտրության օր ս.թ. սեպտեմբերի 29-ին չնշանակելը պայմանավորված է օրենքի պահանջի կատարմամբ և որևէ քաղաքական ենթատեքստ չի պարունակում:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031