Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփին եւ Մակրոնին չեն երկրպագում

Օգոստոս 13,2019 10:00

Կիրակի օրը Գյումրիում մի կին մոտեցավ վարչապետին եւ հուզական տոնով բողոքեց կյանքից ու, մասնավորապես, երկրի ղեկավարից: Բոցավառ հականիկոլականները ուրախացան՝ «ահա~, տեսնո՞ւմ եք, մերժում են, սպասեք՝ դա դեռ սկիզբն է»: Խանդավառ նիկոլականները սկսեցին արդարացումներ փնտրել՝ «այս կինը հոգեկան հիվանդ է»:

Իրականում որեւէ արտառոց բան չկա նրանում, որ ժողովրդավարական երկրում ոչ թե մեկ հոգի, այլ հազարավոր մարդիկ դժգոհ լինեն իրենց ղեկավարից: Կարեւորն այն է, որ նրանք այդ դժգոհությունը կարողանում են արտահայտել, եւ երկրի առաջին դեմքը բազմաթիվ պատնեշներով չի մեկուսացվում այդ դժգոհներից ու ականջները չի փակում` դժգոհությունները չլսելու համար: Իսկ պալատականներն ու չափից դուրս ջերմ երկրպագուները չեն բացականչում՝ «մի լսիր նրանց, թագավոր ջան, դու ամենալավն ես, քեզնից դժգոհները պարզապես չարախոսներ են, նրանք կա՛մ հոգեկան հիվանդ են, կամ ծախված-ուղղորդված են, կա՛մ սրիկաներ»: Ղեկավարին նման «սփոփիչ» բառեր ասողներից շատերը վստահ են, որ իրենց կեցվածքը շատ օգտակար է «թագավորին», մի մասն էլ, հավանաբար, հույս ունի, որ քծնանքը օգտակար կլինի իրենց:

Բայց պետք է հաշվի առնել, որ «ազգովի» փառաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին: Պաշտամունքի առարկա էին Ստալինը, Մաոն, Կիմ Իր Սենը, եւ ո՞վ կարող է ասել, որ այդ պաշտամունքը մեծ մասամբ չի եղել անկեղծ, որ, ասենք, 1953 թվականին խորհրդային մարդկանց ստիպում էին, որ նրանք ողբան «մեծ առաջնորդի» մահը: Ժողովրդավարական երկրներում այդպես չէ՝ Մակրոնով կամ Թրամփով իրենց երկրների քաղաքացիները չեն հիանում՝ բնակչության, ենթադրենք, 60 տոկոսը նման լիդերներին ընդունում է, 40%-ը (այսինքն՝ միլիոնավոր մարդիկ)՝ մերժում, եւ ոչ ոքի մտքով չի անցնում այդ 40 տոկոսին մեղադրել, որ նրանք ծախված սրիկաներ են: Եվ եթե որեւէ մեկը՝ լինի նա քաղաքական գործիչ, թե հասարակ քաղաքացի, արտահայտում է այդ 40 տոկոսի կարծիքը, նրա բերանը նույնպես չեն փորձում փակել «դու վաբշե խոսալու տեղ չունես» սպանիչ փաստարկով:

Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մարդիկ, որոնք դժգոհ են իրենց կյանքից, եւ պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութական: Նման մարդիկ իրավունք ունեն անհատապես կամ խմբով մոտենալու իրենց երկրի ղեկավարին (իհարկե, վերջինիս անվտանգությունը պետք հուսալիորեն ապահովվի) եւ հայտնելու իրենց բողոքը:

…Հիշում եմ, 1993 թվականի դեկտեմբերի 7-ին նույն Գյումրիում բորբոքված մարդկանց մի խումբ մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ չափազանց կոշտ արտահայտություններով բնութագրեց նրա իշխանությունը: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ հեռախոսով հնարավոր չէր նկարահանումներ կատարել, համացանցը զարգացած չէր, իսկ Տեր-Պետրոսյանն այդ պահին մեծ թվով երկրպագուներ չուներ:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ամեն տեսակ բացասական բաները լճացման, ճահճացման, անգործության արդյունք են, ցանկացած իշխանություն, որը բեռնվածության տակ է դնում ազգին, այսինքն՝ ապահովում պետական ծառայությամբ ու մասնավոր աշխատանքով, որ քիթ սրբելու ժամանակ ազգը չունենա ու չուզենա, երբ անվտանգ, հոգեպես եւ նյութապես ազգն իրեն բավարարված է զգում, էլ բացասականի պատճառ չի մնում: Իսկ եթե նույնիսկ արհեստական են այդ բացասական բաները, միեւնույնն է, եթե հայ է դա արտահայտում, ուրեմն խնդիր կա: Պետությունը անվճար միջնակարգ կրթություն է տալիս ապագա ու ներկա քաղաքացուն, դրա հետ մեկտեղ նա պետք է նաեւ նրան սովորեցնի պետական ծառայության ու մասնավոր ձեռնարկատիրության, նույնպես անվճար, ինչպես նաեւ սովորեցնի անվճար հայրենիք ու ազգ պաշտպանել:

  2. Մարգար Մախսուդյան says:

    Զերծ մնալով ծայրահեղ գնահատականներ տալուց, պիտի ասեմ, որ այդ կնոջ պահվածքն ու Փաշինյանի հասցեին հնչեցրած գնահատականների քաղաքական ենթատեքստը ինձ թվացին արհեստածին։ Կարո՞ղ ենք պատկերացնել մեծ խնդիրներ ունեցող որևէ մեկին, որին երկրի ղեկավարը հրավիրի երկխոսության, իսկ նա՝ վիրավորական գնահատականներ տալով վրդովված հեռանա։
    Քանի որ գազի գինն ու հոսանքի գինը չի իջել, ու այդ կինը օրական 5կմ քայլում է, ուրեմն երկրում ոչինչ չի փոխվել և ուրեմն Փաշինյանը խաբեբա է։ Կներեք՝ բայց այստեղ ես տրամաբանություն չեմ տեսնում։
    Իմ վարկածը․ Փաշինյանի կողմից այդ կնոջն ուղղված երկխոսության հրավիրելը “բողոքի ադեկվատ ակցիայի” նախնական սցենարի մեջ չէր մտնում, ուստի նա շփոթված հեռացավ, իսկ հետագայում նրա տված պարզաբանումները որքան փաստաբանական կառուցվածք ունեին, նույնքան էլ անհամոզիչ էին․․․

  3. Ruben says:

    Լեննականը (Գյումրին) պետք է դառնա Արևելյան Հայաստանի վարչական կենտրոնը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031