Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Չոբանյանը ներկայացնում է Տավուշի ծառահատողների «մաֆիայի» ողջ շղթան ու վստահեցնում, որ օդերը փակել են. առաջ 150 մեքենա էր անտառից դուրս գալիս, հիմա՝ 5

Օգոստոս 12,2019 23:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Իջեւանի անտառահատումների վերաբերյալ հայտարարել էր. «Երբեմն այնպիսի տպավորություն կարող է ստացվել կողքից, որ ասենք Իջևանում, Նոյեմբերյանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել եւ վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց շատ նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց, եւ, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»:

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն միջհամայնքային մեդիատուր էր կազմակերպել Տավուշի մարզ: Երբ շրջում էինք տարբեր համայնքներում, մարդիկ վստահեցնում էին, որ իրենք հենց այդ «նեղ շրջանակից» են, որովհետեւ առանց անտառահատման չեն կարող գոյատեւել: Նրանք հորդորում էին նախ այլընտրանք առաջարկել, աշխատատեղեր բացել, նոր կտրել իրենց եկամտի միակ աղբյուրը:

Aravot.am-ը Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին հարցրեց՝ ի՞նչ այլընտրանք է առաջարկվում բնակիչներին եւ աշխատատեղերով մարդկանց կարո՞ղ եք ապահովել, թե՞ ոչ: Մարզպետը պատասխանեց. «Տարիներ շարունակ ոչ միայն փայտահատության մեջ, այլեւ տարբեր ոլորտներում եղել են այսպես ասած արտոնյալ աշխատատեղեր եւ, բնականաբար, այդ արտոնյալ աշխատատեղերը չէին կարող գոյություն ունենալ առանց հովանավորչության: Եթե ես եւ դուք գնայինք եւ փորձեինք զբաղվել անօրինական որեւէ գործունեությամբ, նույն օրը մեզ կձերբակալեին եւ համապատասխան սանկցիա կկիրառեին: Որպեսզի մենք կարողանանք արտոնյալ աշխատանք ունենանք՝ անօրինական փայտ կտրենք, անօրինական ձուկ որսանք, տարբեր բաներից օգտվենք, մեզ պետք է ինչ-որ մեկը հովանավորեր ու պիտի հովանավորեր առաջին հերթին այն հաստատությունը, որն ապահովում է տվյալ դեպքում անտառի անվտանգությունը եւ հետո ուժային կառույցները, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի այդ անօրինական բեռը վաճառվի շուկայում: Սա եղել է ընդունված մեխանիզմ, որի մասին անգիր իմացել են բոլորը՝ անուն առ անուն հստակ է եղել ու բոլորն այդ մեխանիզմի մեջ աշխատում էին: Այո, դրանից երբեմն-երբեմն օգտվում էին նաեւ հասարակ քաղաքացիները, որոնք դիմում էին այդ արտոնյալ մարդկանց, իրենց արտոնյալ գնով փայտ էին վաճառում: Եվ դրա համար կարծես թե այս խնդիրը վերաբերում է մեծ ծավալի բնակչության, բայց իրականում այդ մարդիկ մի քանի հազար դրամ պակաս էին տալիս եւ անօրինական փայտ էին գնում եւ այդ մարդկանց մեծ մասը շատ լավ գիտակցում են անտառի անվտանգության խնդիրը իրենց եւ իրենց երեխաների համար: Կար նաեւ աշխատավոր հատվածը, որն ուղղակիորեն փայտահատությամբ էր զբաղված: Եկամուտները ավելի մեծ էին, քան ստանդարտ աշխատավարձերը, բայց աշխատանքը շատ ծանր էր, անընդհատ ռիսկի տակ: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ մահացել են, մեծ դեպքեր են եղել հաշմանդամության: Իսկապես վտանգավոր վայրերում են այդ աշխատանքը կատարում: Սա եւս մեզ համար կարեւոր է, նրանք մեր քաղաքացիներն են, վաղը ինքը երբ որ հաշմանդամության արդյունքում հայտնվում է սոցիալական կարգավիճակում, պետությունն է, չէ՞, խնդիրը լուծում: Պատկերացրեք, այս ամբողջ դրամաշրջանառությունը եղել է սեւ շուկայում: Ինքը կապ չի ունեցել պետության ՀՆԱ-ի հետ, ավելին՝ այստեղից ոչ մի հարկ չի գնացել եւ այդ հարկերը, որոնք պիտի գային պետությանը, գնացել են կոռումպացված մարդկանց գրպանները: Սա մի համակարգ է, որը տասնամյակներով աշխատել է եւ դա մաս է կազմում կիսակրիմինալ համակարգի»:

Մարզպետն ասաց, որ այդ կրիմինալ համակարգում որոշել են, թե ով պիտի լինի անտառապետ, ով պիտի կարգավորի դրա ֆինանսական կողմը, ում ինչքան պիտի վճարվի. «Այդ կոռուպցիոն համակարգին ոչ միայն անտառն է սպասարկել, այլեւ տարբեր անօրինական բիզնեսներ են սպասարկել, իսկ մեր տարածաշրջանում անտառի բաղադրիչը բավականին ծանրակշիռ է»: Թե ինչ արդյունքի են հասել այս օրերին՝ Հայկ Չոբանյանն ասաց. «Մոտ մեկ ամիս առաջ մարզից՝ անտառից դուրս գնացող ավտոմեքենաների թիվը մոտ 100-150 էր, երկու օր առաջ դա եղել է 5 մեքենա: Սա նշանակում է, որ մենք լուրջ զսպեցինք անտառահատման գործընթացը եւ բնականաբար, բոլոր այդ 5 դեպքերը օրինական ճանապարհով են եղել: Այսօր անօրինական անտառահատում մենք կարող են հայտարարել, որ չկա»:

Ինչ վերաբերում է աշխատատեղերի ստեղծմանը՝ Հայկ Չոբանյանը հայտարարեց. «Մենք ունենք հազարավոր աշխատատեղերի կարիք: Ես նախորդ տարիներին զբաղվել եմ բիզնեսով ու միշտ խնդիր եմ ունեցել աշխատողների: Մի՛շտ: Եվ սա ոչ միայն իմ մասին է: Շատ դժվար է գտնել մարդ, որը պատրաստ է աշխատել»: Հայկ Չոբանյանը վստահեցրեց՝ «միայն Իջեւանի սերվիսի ոլորտում 50-ից ավելի աշխատատեղեր կան՝ խոհարար, մատուցող, վաճառող եւ այլն: Մեզ դիմել է մոտ 160-170 հոգի, որոնցից 68 հոգին հրաժարվել են: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 68-ից 36-ը հրաժարվել են ընտանեկան նպաստի պատճառով: Այսինքն, հրաժարվողների կեսից ավելի հրաժարվել է ընտանեկան նպաստի պատճառով»:

Մարզպետը մի ուշագրավ դեպք պատմեց, որը բացահայտել են օրերս. «Տավուշ տեքստիլում մարդուն առաջարկել էին աշխատանք 220 հազար դրամով, որովհետեւ ինքը նաեւ էլեկտրիկ էր: Ինքը հրաժարվել էր՝ ընտանեկան նպաստի պատճառով: Մարդիկ սովոր չեն աշխատել, մտնել աշխատանքային հարաբերությունների մեջ: Մարդիկ չգիտեն ինչ բան է կարիերային աճ, ասում են՝ ես 40 տարեկան եմ, 7000 դրամով ո՞նց պահեմ իմ ընտանիքը: Ասում եմ՝ ես դա սկսել եմ 22 տարեկանում, ես ստանում էի 32,500 դրամ աշխատավարձ եւ այդպես սկսել ենք, աճել ենք, դու շուտ սկսեիր՝ շուտ կհասնեիր: Մի օր պիտի սկսել ու փոխել հասարակությանը այն առումով, որ ժողովո՛ւրդ ձեր աշխատանքը միայն ձեզ համար չի, ձեր երկրի՛ համար է, ձեր երեխեքի համար է: Այսօր 500 հազար աշխատողին բաժին է ընկնում 600 հազար կենսաթոշակառու եւ դեմոգրաֆիական այս վիճակում, եթե արագ փոփոխություն չլինի, ավելի՛ է վատանալու վիճակը, եթե թողենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Երբ պետք է դադարեցվի Երևանի ծառահատումները:Ինչպես կարելի է՞ տարածքը տալ սեփականության,որ անխնա հատեն բնակիչների և դպրոցականների կողմից տնկված ծառերը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031